Ինչու է անհանգստացած կառավարությունը
Չնայած կառավարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով հաստատում է, որ չի հրաժարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը հաջորդ տարվանից կիրառելու որոշումից, բողոքներն ու քննարկումները չեն դադարում։ Սակայն այդ քննարկումներն ու դժգոհություններն ունեն մի հետաքրքիր առանձնահատկություն։
Պարտադիր բաղադրիչի նպատակահարմարության հարցը քննարկվում է հիմնականում վարձու աշխատողների անձնական, ինչ-որ տեղ նաև` խմբակային-մասնագիտական շահերի տեսանկյունից։ Ամենից բուռն կերպով դժգոհում են բարձր աշխատավարձ ստացողները (ՏՏ և ֆինանսական ոլորտ), քանի որ ամենից շատ պակասելու է հենց իրենց եկամուտը։ Շատ ավելի ցածր աշխատավարձ ստացողների խնդիրներն ինչ-որ առումով երկրորդ պլան են մղվում։ Կառավարությանը, որքան էլ զարմանալի լինի, հարցի այսպիսի դրվածքը ձեռնտու է։ Նրանք հնարավորություն են ստանում հայտարարելու, որ խոսքը մարդկանց անձնական (նաև` խմբակային) շահերի մասին է, և ցանկացած, գլոբալ առումով` դրական նախաձեռնություն, որից բոլորն են շահելու, միշտ էլ հանդիպում է նման հակազդեցության։
Իբր` բոլորն էլ ցանկանում են ունենալ բարեկարգ ճանապարհներ և հուսալի բանակ, սակայն բոլորն էլ մեծ դժկամությամբ են վճարում հարկերը` դրանք ապահովելու համար։ Այս դեպքում, իհարկե, խոսքը հարկերին չի վերաբերում, սակայն արդարացման տրամաբանությունը նույնն է։ Իսկ ո՞րն է այդ նախաձեռնության այն օգուտը, որից շահելու են բոլորը։ Կուտակային համակարգի կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ այդ համակարգը տնտեսության մեջ ստեղծում է երկար փողեր։ Այսինքն` բնակչության կողմից վճարվող միջոցները 20-30 տարի կարող են օգտագործվել և շրջանառվել, ներդրվել երկրի տնտեսության մեջ` նպաստելով տնտեսական աճին և ներդրողներին։ Իսկ դա բոլորին է ձեռնտու` թե՛ աշխատողներին, թե՛ գործազուրկներին, կենսաթոշակառուներին ու երեխաներին։ Ու հենց դրանով էլ բացատրվում է, թե ինչու է որոշվել պարտադիր բաղադրիչը կուտակել 40 տարեկան և ավելի երիտասարդ աշխատողների դեպքում։ Որովհետև, եթե ընդգրկեին ավելի տարեցներին, ապա փողերը վերադարձնելու և հաշիվ տալու ժամանակը շուտ կգար։ Իսկ այս դեպքում նվազագույնը 20 տարի կարող են «ֆռռացնել» մարդկանց գումարները` երկիրը ծաղկեցնելու վեհ նպատակով։
Տնտեսական բլոկի պատասխանատուները ցանկանում են, որպեսզի բոլորը հավատան, որ նպատակն իրոք վեհ է։ Սակայն շարքային քաղաքացու հոգեբանությունն այնպիսին է, որ երկրի տնտեսական շահի մասին խոսելով` նրան չես համոզի։ Նրան պետք է համոզել, որ ինքը նույնպես անձնապես շահում է։ Կառավարությունը փորձում է նաև այդ խնդիրը լուծել. համոզել, որ սա հենց այն եզակի նախաձեռնությունն է, որի դեպքում շահում է և՛ անհատը, և՛ երկիրը։ Տարածված փաստարկներից մեկն այն է, որ կուտակված գումարները, ներդրվելով տարբեր ոլորտներում, ավելի արագ են աճում, քան գնաճը և աշխատավարձը։ Այսինքն` կուտակային համակարգով շատ ավելի բարձր կենսաթոշակ հնարավոր կլինի ստանալ։
Ինչպես ասում են` շահում եք դուք, շահում է պետությունը: Այս դեպքում հնարավո՞ր է նման բան։ Տեսականորեն` այո։ Սակայն գործնականում կան բազմաթիվ ռիսկեր, որոնք կասկածի տակ են դնում այդ թեզը։ Կուտակային համակարգի գլխավոր ռիսկն անորոշությունն է։ Ի վերջո, տնտեսությունը ցիկլային բնույթ է կրում։ Ինչպես սիրում է ասել վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօրվա «արագ փոփոխվող աշխարհում» կարող են լինել լուրջ ցնցումներ, ճգնաժամեր, և տարբեր, անգամ ամենահուսալի միջազգային ակտիվներում ներդրված միջոցները միանգամից արժեզրկվեն։ Իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում, որտեղ երկարաժամկետ պլանավորում ասվածը պարզապես փուչիկ է, նման ռիսկերն առավել քան իրատեսական են, և 30 տարով ներդրման հաջողությանը դժվար է վստահել։
Դրա համար էլ զարմանալի չէ, որ շատ երկրներում, որտեղ կենսաթոշակային համակարգն այսպիսի բարեփոխումների է ենթարկվել, հետագայում կրկին ճշգրտվել է։ Օրինակ` հանվել է պարտադիր բաղադրիչը` մարդկանց հնարավորություն տալով ինքնուրույն ընտրել` գնա՞լ ռիսկի, թե՞ ոչ։ Կամ էլ` նկատելիորեն նվազեցվել է պարտադիր վճարման դրույքաչափը` մինչև 2%-ի։ Ռուսաստանում, որի հետ միասին պատրաստվում ենք միասնական տնտեսական տարածքի մաս կազմել, այդ գործընթացը սառեցվել է 1 տարով։
Որովհետև Ռուսաստանի և Հայաստանի տիպի երկրներում, որտեղ բնակչության կենսամակարդակը ցածր է, ստվերային տնտեսությունը` ահռելի, որտեղ բնակչության մեկ երրորդն աղքատ է և որտեղ համակարգային անվստահություն կա իշխանության նկատմամբ` նման նախաձեռնությունը կարող է հանգեցնել նաև ստվերի ավելացման։ Այսինքն` շատերը վերադառնալու են ծրարով, չգրանցված աշխատավարձերի ժամանակներին։ Իսկ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը ոչ մի գնով տեղի չի տալիս և չի ցանկանում գոնե մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը` այս բոլոր ռիսկերն ու դժգոհությունները ևս մեկ անգամ ծանրութեթև անելու համար։ Ո՞րն է այս շտապողականության պատճառը։
Նախ` հիշեցնենք, որ հաջորդ տարի զգալիորեն բարձրանալու են պետական հատվածի աշխատավարձերը։ Այսինքն, բնակչության կողմից տնօրինվող եկամուտն ավելանալու է, որը ստեղծելու է գնաճային ճնշումներ։ Իսկ այս ճանապարհով կրճատվում է այդ եկամուտը, հետևաբար նաև` գնաճի ռիսկը։ Հայտարարվում է 5% պարտադիր վճարի մասին, սակայն, եթե հիմք ենք վերցնում զուտ, մաքուր աշխատավարձը, ապա մինչև 500.000 դրամ ստացողների տնօրինվող աշխատավարձը կրճատվում է 6.5-7%-ով։ Բնակչության տնօրինած գումարներից տարվա կտրվածքով դուրս է գալիս 100-150 միլիոն դոլար, որը կարող էր ուղղվել սպառմանը։ «Քաշելով» այդ փողը` պետությունը մասնակիորեն լուծում է գնաճի խնդիրը։
Սակայն սա գլխավոր պատճառը չէ։ Երկարաժամկետ հեռանկարում, մեր կառավարության «սերը» պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ ունի մեկ այլ` շատ ավելի կարևոր պատճառ, որի մասին գերադասում են լռել։ Միանգամից ասենք, որ չենք տրվում դավադրությունների տեսությանը` հայտարարելով, որ հիմնադրամների ետևում կանգնած են լինելու և մեր վճարած գումարներն առանց տոկոսի շրջանառելու են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ։ Այդ դեպքում ո՞րն է այս նախանձելի համառության պատճառը, եթե անձնական շահագրգռություն չկա։ Որքան էլ զարմանալի լինի` գլխավոր պատճառը Հայաստանի իշխանությունների լուրջ անհանգստությունն է ապագայի հանդեպ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս բաշխողական համակարգը։ Դրա իմաստը հետևյալն է` վարձու աշխատողներից հավաքվում են հարկեր և սոցիալական ապահովության վճարներ, այսպես ասած, մեկ ընդհանուր կաթսայի մեջ։ Իսկ այնտեղից պետությունն արդեն թոշակ ու նպաստ է տալիս` ում որ պետք է։ Սակայն բաշխողական համակարգն ունի մեկ թերություն. այն իրեն չի արդարացնում, եթե բնակչությունը ծերանում է (երբ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը չի աճում կամ նվազում է, իսկ կենսաթոշակառուների թիվը չի պակասում)։
Արդյունքում ստացվում է, որ կենսաթոշակառուների սոցիալական ապահովման ծանրացող բեռն ընկնում է ավելի քիչ թվով աշխատունակ մարդկանց ուսերին։ Իսկ նման պայմաններում թոշակ վճարելն ու առավել ևս` թոշակ բարձրացնելը (գոնե գնաճին համահունչ) դառնում է բավականին դժվար։ Հայաստանում առկա է հենց այդ վիճակը։ Բնակչությունը ծերանում է։ Օրինակ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012թ. վերջին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմել է 508. 071 մարդ։ Եթե 2009թ. կենսաթոշակառուները կազմում էին բնակչության ընդհանուր թվաքանակի 16.2%-ը, ապա 2012թ. վերջին ցուցանիշը հասել է 16.7%-ի (իսկ 2001 թվականին, օրինակ, այդ ցուցանիշը 14.5% էր)։ Միևնույն ժամանակ` տնտեսապես ակտիվ բնակչության թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 2009թ. համեմատ նվազել է` 1 միլիոն 418.8 հազարից հասնելով 1 միլիոն 418.3 հազարի։
Սակայն սրանք պաշտոնական տվյալներն են, որոնց համաձայն` Հայաստանում մշտական բնակչության թիվն, իբր, 3 միլիոնից ավելի է։ Մինչդեռ անգամ Վլադիմիր Պուտինն այդ թվին չի հավատում։
Միգրացիոն պետական ծառայության տվյալներով` 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 158 հազար մարդ։ Իսկ այս տարվա վերջին արտագաղթի 5-ամյա ցուցանիշը կգերազանցի 200 հազարը։ Գաղտնիք չէ նաև, որ արտագաղթում են հիմնականում երիտասարդ, աշխատունակ մարդիկ, երկրում մնում են կենսաթոշակառուները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը ծերանում է շատ ավելի արագ, քան դա արտացոլված է վիճակագրության մեջ։ Ընդ որում, հաշվի առնելով տարբեր հարցումները, արտագաղթի տեմպերն առաջիկայում դժվար թե նվազեն։
Այս տխուր պատկերն ամենից լավ ծանոթ է հենց ՀՀ կառավարությանը։ Մեր ղեկավարները լավ գիտեն, թե որքան է Հայաստանի բնակչության իրական թիվը, որքան մարդ է արտագաղթել և դեռ որքան էլ պատրաստ է արտագաղթելու։ Եվ նրանք բոլորից լավ են զգում, որ նման կերպ շարունակվելու դեպքում դժվար է լինելու ապահովել մարդկանց սոցիալական նվազագույն պահանջները։ Իսկ դա արդեն լրջագույն վտանգ է իշխանության վերարտադրման համար։
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլիներ լուրջ, չափազանց լուրջ բարեփոխումներ անել ոչ միայն տնտեսության մեջ, այլև քաղաքական, դատաիրավական և մյուս ոլորտներում։ Սակայն հայրենի իշխանությունները կամ չեն ցանկանում լուրջ փոփոխությունների գնալ, կամ ի վիճակի չեն։ Փոխարենը գտել են մեկ այլ լուծում` ոչ թե այնպես անել, որ մարդիկ չարտագաղթեն (կամ արտագաղթելու ցանկություն չունենան), այլ ստեղծել մի մեխանիզմ, որ մնացողներն իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնեն։
«Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, պարզվում է, պետք էր ընկալել անձնական մակարդակում` յուրաքանչյուրն ինքն է մտահոգվում իր ապահովության մասին` առանց պետության վրա հույս դնելու։
Իհարկե, հայտարարվում է, որ բաշխողական համակարգը պահպանվելու է (այսինքն` ձեր կուտակածից բացի, նաև սովորական թոշակ եք ստանալու), սակայն այդ համակարգով թոշակը տարիներ անց կարող է ավելի ծիծաղելի լինել, քան այսօր է։ Իսկ բողոքներին ի պատասխան` կհնչի այսօր մշակվող պատասխանը` շատ կուտակեիք, շատ կստանայիք: Սա նշանակում է, որ սոցիալական թեմաներով բոցաշունչ ելույթներ ունեցող ՀՀ իշխանությունը սեփական քաղաքացիների սոցիալական ապահովության պատասխանատվությունն իր «փխրուն» ուսերից տեղափոխում է ապագա կենսաթոշակառուի ուսերին։
«168 ԺԱՄ»