Ամենակարևորը գաղտնի պահելն է

2013թ. մայիսի 31-ին ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Սենատը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի Սենատն ընդունեց բանաձև, որով ողջունում էր ԼՂՀ անկախությունը և կոչ անում ԱՄՆ-ի նախագահին ու Կոնգրեսին` աջակցել այդ զարգացող ժողովրդավարական պետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

Արցախի ճանաչման գործում, ինչպես այն ժամանակ գրվեց մամուլում, մասնակցություն էր ունեցել նաև սփյուռքահայ քաղաքական գործիչ, ՍԴՀԿ դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանը: Մեզ հետ զրույցում վերջինս հաստատեց լուրերը, որ ինքն իր կապերի շնորհիվ կարողացել է Սենատում բանաձև ընդունել, ապա, ի պատասխան մեր այն հարցին, թե` ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել, նշեց.

«Ժամանակ պետք է տրամադրես, քաջ լինես ու շիտակ: Եվ հետո հաջողությունը պայմանավորված է նաև գաղտնիության մեջ, որովհետև ադրբեջանցիներն ու թուրքերը ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեն, և պետք է կարողանաս հզոր հակափաստարկներ ներկայացնել: Ես` ընտրելով գաղտնիության ճանապարհը, հինգ հոգու հետ, այդ թվում` սենատորը, որոշեցինք հարցը քննարկել: Քանի որ ծանոթներ ունեմ Սենատում, շուտով, ինչպես գիտեք, ԼՂՀ անկախությունը Լուիզիանայի կողմից ճանաչվեց:

Նշեմ նաև, որ խոսեցի Ղարաբաղի ներկայացուցիչ պարոն Ռոբերտ Ավետիսյանի հետ, և ընդհանուրը 65 օրվա մեջ կարողացանք հասնել արդյունքի: Բայց ամենակարևորը գաղտնի պահելն է, որովհետև, եթե դրա մասին թուրքը կամ ադրբեջանցին իմանային, հաստատ սենատում չէինք կարողանա անցկացնել»: Հետաքրքրվեցինք նաև, թե համաձա՞յն է այն տեսակետներին, որ, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը` մյուս պետություններն էլ կհետևեն մեր օրինակին: Ի պատասխան` Վազգեն Կալթակճյանն ասաց, որ դա միայն մակերեսային մոտեցում է, ու ըստ էության, անարդյունավետ: «Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կարող է շատերին ոգևորել, բայց կան հարցեր, որոնց պատճառով Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, և դրանք ավելի ծանրակշիռ են: Ես կարծում եմ, որ սրա մասին դեռ վաղ է խոսել, դեռ ժամանակը չի, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:

Կարդացեք նաև

Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, առանց դրսի երաշխավորման, առանց պետությունների գարանտիայի, որ իրենք էլ կճանաչեն ԼՂՀ անկախությունը, էլ ո՞ւմ է պետք… եթե Հայաստանը ճանաչի ու մենակ մնա` դրանից մեզ ի՞նչ օգուտ»,- հավելեց նա:

Անդրադառնալով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Վազգեն Կալթակճյանն ասաց, թե հանդիպումն ինքնին արդեն հաջողություն է` նշելով, որ բանակցություններն են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման միակ ճանապարհը: «Հույս ունեմ, որ նախագահները կկարողանան ապագայում սպասվող հանդիպումների շնորհիվ միասնական որոշում կայացնել ու հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել: Սերժ Սարգսյանի հանդիպումը Ալիևի հետ շիտակ քայլ է, լավ քայլ է, որովհետև միակ լուծումը բանակցությունն է»,- նշեց նա:
Կալթակճյանը նշեց, թե իր լավատեսությունը հիմք է տալիս մտածելու, որ Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ հաջորդ տարիների ընթացքում հայկական իշխանություններն ավելի մեծ քայլեր կձեռնարկեն, և վերջնական որոշումը երկու նախագահների համար մեկը կլինի:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է հաջողության հասնել, երբ ԼՂՀ-ն բանակցություններին չի մասնակցում, նա այսպես արձագանքեց. «Դե դյուրին ոչինչ չկա` ամեն ինչն էլ դժվար է: Որոշ հարցեր, վստահ եմ, ժամանակի ընթացքում կլուծվեն»:

Հարցին, թե` հույսեր կապո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հետ, որ նա չի ձախողի այս բանակցությունները, ինչպես մտահոգված են ընդդիմադիր գործիչները, նա պատասխանեց. «Անշուշտ` ես շատ մեծ հույսեր ունեմ: Ես վստահ եմ, որ նա կհաջողի գործը, քանի դեռ դռները բաց են Ալիևի հետ հանդիպելու, ու արդյունքը դրական կլինի»: Անդրադառնալով այն կարծիքներին, թե մինչ նախագահների հանդիպումը լարվածությունը երկու պետությունների միջև մեծ էր, իսկ այսուհետ կմեղմանա, Վազգեն Կալթակճյանը նկատեց, թե փոփոխություն կլինի, բայց սահմանային միջադեպերը չեն դադարի. «Դա Ադրբեջանի քաղաքականություն է, և իրենք դրանից չեն հրաժարվի»։

Տեսանյութեր

Լրահոս