Բաժիններ՝

Բոլորս դեպի ռուսական դպրոց

Անհավանական ժամանակներ են: Անկախության հռչակումից 22 տարի հետո տարօրինակ փաստի առջև ենք կանգնած: Հայաստանի խորհրդարանում ելույթ ունեցող ռուսաստանցի չինովնիկն առաջարկում է ռուսաց լեզվին առանձնահատուկ կարգավիճակ տալ: Սխալ կլինի պնդելը, որ ամեն ինչ սկսվեց Մաքսային միությանն անդամակցելու քաղաքական որոշման հրապարակումից հետո: Խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Դեռ հեռավոր` 1930-ական թվականներից խորհրդային իշխանությունները փորձում էին լուծել ազգային լեզուների խնդիրը` դրանք վերացնելու ճամապարհով:

Որպես առաջին քայլ` ազգային այբուբեն չունեցող բոլոր խորհրդային ազգերին պարտադրվեց ռուսատառ այբուբեն (կիրիլիցա): Միայն հայերին ու վրացիներին հաջողվեց խուսափել դրանից: 1936թ. ընդունված ստալինյան սահմանադրությունը մեզ իրավունք տվեց հայոց լեզուն հայտարարել Խորհրդային Հայաստանի պետական լեզու: Բայց խորհրդային իշխանությունները դանդաղ ու կայուն տեմպերով տարեցտարի շատացնում էին ռուսական դպրոցների քանակը: 1960-ականներից սկսած հայ քաղքենին՝ մտավորականից մինչև չինովնիկ, իր երեխաներին ռուսական դպրոց էր ուղարկում:

1977-ին խորհրդային իշխանությունները հավանաբար ենթադրեցին, որ «ռուսիֆիկացիայի» խնդիրն արդեն անդառնալիորեն լուծված է: 1977-ին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության բրեժնևյան սահմանադրության նախագծում արդեն չկար պնդում պետական լեզվի մասին: Իր բոլոր թերություններով հանդերձ` կոմունիստական վարչակարգը սիրում էր ժողովրդավարություն բեմադրել: Ուստի ՀՍՍՀ սահմանադրությունը քննարկման ուղարկվեց աշխատավորական կոլեկտիվներ, բուհեր, ստեղծագործական միություններ: Խորհրդային սահմանադրության նախագիծն ամենուրեք հավանության էր արժանանում: Բնականաբար:

Բայց հատկապես բուհերում ու ստեղծագործական միություններում գումարված «օդոբրյամս» ժողովները հատուկ նամակով դիմում էին հանրապետության ղեկավարությանը: Դիմում և պահանջում էին վերականգնել հայոց լեզվի պետական կարգավիճակը: Նույն գործընթացն էր նաև Վրաստանում, ուր վրացիները միայն ժողովով ու նամակով չսահմանափակվեցին: Վրացերենին պետական լեզվի կարգավիճակից չզրկելու պահանջով ցույցեր սկսվեցին: Արդյունքում` երկու ժողովուրդներիս էլ հաջողվեց սահմանադրությամբ ամրագրել ազգային լեզուների պետական կարգավիճակը: Բայց հայ քաղքենին սուսուփուս շարունակում էր հարազատ երեխաներին ռուսական դպրոց ուղարկել ու հնարավորության դեպքում` ծաղրել հայոց լեզուն:

Կարդացեք նաև

Ծաղրել` տարբեր բառեր հորինելով ու դրանք ներկայացնելով` իբրև գրական հայերեն բառեր: Օրինակ` խմորածակն ու գրգռաճեղքը: Այդ բառերը, հարկավ, լիովին բնութագրում էին հայ քաղքենու ազգային ու ինտելեկտուալ նկարագիրը: Հայերենին սպառնացող վտանգն իսկապես իրական էր: Ուստի 1991թ. ՀՀ-ում որոշվեց փակել օտարալեզու դպրոցները: Թվում էր, թե խնդիրը լուծված է: Բայց կրթության ոլորտում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը տարօրինակ արդյունքների հանգեցրեց: Մեր չինովնիկները սիրում են խոսել կրթության որակի բարձրացման անհրաժեշտության թեմայով:

Միայն վարչապետը տարեկան մի քանի տասնյակ անգամ հիմնավորում է մրցունակ կրթահամակարգ ունենալու անհրաժեշտությունը: Նույնիսկ աղքատության դեմ պայքարում: Բայց անցած տարիների ընթացքում նախ` վերաբացվեցին ռուսական դպրոցները: Հետո պարզվեց, որ նույնիսկ մեր ներքին շուկայում հայկական բուհերը մրցունակ չեն` հայաստանյան օտարալեզու բուհերի համեմատ: Հայաստանյան բուհերից ամենաբարձր հեղինակություն ունեցողները, որպես կանոն, օտարալեզու են (Ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, մասամբ` նաև Ֆրանսիական համալսարան):

Այդ գործընթացը մեր կրթական համակարգում վաղուց էր սկսվել: Ռուսական դպրոցների հետ մի քանի տարվա ընթացքում 90-ականներին փակվեցին նաև անգլերեն, ֆրանսերեն խորացված ուսուցում ունեցող դպրոցները: Ու հիմա խոսվում է ռուսական լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին: Կատարյալ անհեթեթ պահանջ: Հատկապես, որ հայաստանյան հանրակրթական դպրոցի երկրորդ դասարանից ռուսաց լեզու է դասավանդվում:

Բոլորովին այլ հարց է, որ ռուսախոս հայ քաղքենին չկարողացավ բավարար որակի դասագրքեր ստեղծել: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի ռուսերենի դասագրքում Բլոկն ու Եսենինը համարյա հոկտեմբերյան հեղափոխության պրոլետգրող են ներկայացված: Ակնհայտ է, որ հեղինակները դասագիրքը կամ արտագրել են խորհրդային տարիներին տպված գրքերից, կամ էլ չեն հաջողել թոթափել խորհրդային գաղափարախոսության «ինտելեկտուալ» բեռը: Բայց սա այլ թեմա է: Կարևորն այն է, որ սոցիալական ցանցերում Հայաստանում ու այլուր ապրող ռուսախոս քաղքենին նորից իրար է անցել: Աջ ու ձախ ծաղրում է հայերենը: Հանրակրթության մասին վերջին պաշտոնական տվյալներով` Հայաստանում ռուսերեն կրթություն է ստանում 4 հազար 600 աշակերտ:

«Որքա՞ն ժամանակում նրանց թիվը սպառնալի կդառնա» հարցն ինքնին հռետորական չես համարի: Մի կողմից` Մաքսային միությունն է, մյուս կողմից՝ մարտնչող թերուս քաղքենին:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս