«Մաքսային միությունն անգամ միկրոսկոպիկ չափերի հասնող ինքնիշխանության կորստով չի սպառնում»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ չի սպառնում ՀՀ ինքնիշխանությանը: Մեզ հետ զրույցում այդ մասին հայտարարեց այս օրերին Երևանում գտնվող Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ
Լեոնիդ Սլուցկին:

Անդրադառնալով տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը, հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանը կարո՞ղ է որևէ կերպ երաշխավորել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կորցնի իր սուվերենությունը: Ի պատասխան` ռուս պատգամավորն ասաց. «Հասկանում եք, երբ մարդիկ մինչև վերջ չեն տիրապետում խնդրի էությանը, ես էլ գուցե մինչև վերջ չեմ հասկանում, որովհետև տնտեսագետ չեմ, ինչ մեկնաբանություն ասես որ չեն տալիս: ացարձակապես իրականության հետ կապ չունի այդ կարծիքը, որ դառնալով Մաքսային միության անդամ` պետությունը կկորցնի իր սուվերենությունը, կզրկվի իր անկախությունից»:

Ըստ Լեոնիդ Սլուցկիի` սուվերենության կորստին սպառնում է ոչ թե ՄՄ-ն, այլ Ասոցացման համաձայնագիրը, որը նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել Հայաստանը: «Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, որն առաջարկվում է ստորագրել կամ նախաստորագրել Վիլնյուսյան գագաթաժողովին, դժբախտաբար, իրականում սպառնում է ինքնիշխանությանը, սպառնում է մասնակցել այն պետությունների ներքին տնտեսության վարման գործընթացին, որոնք պատրաստվում են ստորագրել այդ փաստաթուղթը»:

Նա նշեց, որ որքան էլ «պաթետիկ հնչեն» իր խոսքերը` Մաքսային միությանը միանալու դրական կողմերի մասին, այնուամենայնիվ, դրանք իրականություն են. «Մենք ինքնակամ մտնում ենք Մաքսային միություն, միասնական ընդհանուր շուկա` ի բարօրություն մեր տնտեսությունների, ժողովուրդների»: Դիմելով ՄՄ քննադատներին` նա հայտարարեց. «Պետականության կորստով, մի փոքր սուվերենության կորստով, անգամ միկրոսկոպիկ չափերի հասնող ինքնիշխանության կորստով` անդամ պետություններին Մաքսային միությունը չի սպառնում: Սուվերենության կորստի մասին երբեք խոսք չի գնացել ու չի կարող գնալ»:

Կարդացեք նաև

Հակառակ դեպքում` ռուս պատգամավորը վստահ է, որ ՀՀ նախագահը երբեք նման որոշում չէր կայացնի, չէր հայտարարի ՄՄ անդամակցության մտադրության մասին: «Սերժ Սարգսյանը բոլորից շատ է անհանգստանում իր ժողովրդի համար (ես սա կարող եմ բազմիցս հաստատել), որովհետև ժողովուրդը նրան փետրվարի 18-ին վերընտրեց նախագահի պաշտոնում: Պետք չէ վախենալ, որ անդամակցությունից հետո` իբրև սուվերենության, անկախության կորուստ է սպասվում: Մենք երաշխավորում ենք` ՄՄ շրջանակներում նման բան չի լինի»,- ասում է ռուս պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՄՄ անդամ-պետությունների հետ սահման չունենալու հանգամանքին, ապա ռուս պատգամավորը հիշեցրեց Հունաստանի օրինակը, որը, նրա խոսքով, ևս ցամաքային ընդհանուր սահման չուներ Եվրամիության անդամ-պետությունների հետ, երբ ինտեգրվում էր Եվրոպային: «Բայց հիմա տեսնում եք` Հունաստանը Եվրամիության ակտիվ անդամ է: Այո, Հայաստանի հետ չկա ցամաքային տարածք, բայց ապագայում հնարավոր է` այս հարցը լուծվի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է մտահոգություններին` Լեռնային Ղարաբաղի մասով, հետաքրքրվեցինք, որ, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա ո՞րն է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, արդյո՞ք դրա վերաբերյալ Մաքսային միության անդամները միասնական դիրքորոշում ունեն: Լ. Սլուցկին էլ պատասխանեց, թե այս պահին միասնական դիրքորոշում իրենք չունեն, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ անում են ԼՂՀ հարցը լուծելու ոչ թե ապագա սերունդների համար, այլ` ներկա:

«Օրերս կկայանա Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, և ես հույս ունեմ, որ այնտեղ կմշակվեն հերթական դիրքորոշումները, որոնք, թեկուզ միլիմետրերով, բայց կհանգեցնեն կոնստրուկտիվ քայլերի` խնդրի կարգավորման հարցում: Ավելորդ անգամ դատարկ օդում խոսել Ղարաբաղի մասին, կնշանակի` խանգարել հարցի կարգավորմանը, ուստի ես անձամբ գնահատականներ տալ չեմ ուզում: Մինսկի խմբի երկարատև աշխատանքը երաշխավորն է այն բանի, որ դանդաղ, բայց հստակ, մենք ընթանում ենք դեպի հաջողություն: Մենք միասնական ենք մենք տեսակետի շուրջ` մենք չենք ուզում այս ծանրագույն հարցը թողնել մեր թոռների ուսերին: Մենք ուզում ենք լուծել հարցը հիմա, այս սերնդի համար»,- ասաց նա:

Հրապարակախոս Զորի Բալայանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում եզրակացրել էր, թե Գյուլիստանի պայմանագիրը պետք է վերականգնվի, և ԼՂՀ-ն դառնա Ռուսաստանի մաս: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե ՌԴ-ն ունի՞ հետաքրքրություն` Արցախը տեսնելու իր կազմում: Ի պատասխան` Լեոնիդ Սլուցկին ասաց, թե ԼՂՀ հարցով ինքն իր դիրքորոշումը նախորդ հարցին պատասխանելուց հայտնեց, ուստի նպատակահարմար չի գտնում ասել ավելին` պատճառաբանելով, որ ցանկացած «ավելորդ» խոսքը ԼՂՀ-ի մասին կարող է «վտանգել կարգավորման նուրբ գործընթացը»: Նա նաև հավելեց. «Այլ հարց է, որ մենք շատ մանրամասն կվերահսկենք կարգավորման այն գործընթացը, որը, մեծ հույսեր ունենք` կակտիվանա մոտակա ժամանակներում»:

Ինչ վերաբերում է լուրերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Հայաստան: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահը հաստատեց տեղեկությունները` նշելով. «Պուտինի այցը Հայաստան, այո, սարերի հետևում չէ: Մենք կոնկրետ չգիտենք` երբ է նա գալու, երբ է նախաձեռնվում նրա այցը, բայց նա գալու է: Սերժ Սարգսյանը եկավ Ռուսաստան, եթե հիշում եք, ի պատասխան` Պուտինն էլ, կարծում ենք, մինչև նոր տարի կգա»:

Հ.Գ. Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պարզորոշ կերպով, ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը:

Տեսանյութեր

Լրահոս