Մոտ 1 շաբաթից ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին
Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում պարտադիր կերպով կուտակումներ կիրականացնեն ՀՀ մոտ 260 հազար քաղաքացի, տարեկան կուտակումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, կուտակումների 40%-ը ներդրվելու է արտերկրում, 60%-ը՝ ՀՀ-ում, ինչը կչեզոքացնի նաև փոխարժեքի տատանումների ռիսկը:
Կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի կառավարման համար առաջին փուլով մոտ 30 ընկերությունների հետ անհատական հանդիպումներ են եղել, բանակցություններ են տարվել 7-8 ընկերությունների հետ, ընտրվել են 2-ը՝ «ԱՄՈՒՆԴԻ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունները, որոնց հետ այժմ պայմանագրերի ստորագրման տեխնիկական խնդիրներն են լուծվում: Երիցյանը հայտնեց, որ այս 2 ընկերութունները առաջարկելու են 3-ական պորտֆելներ, որոնցից ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ցանկությամբ. «Դա նույնպես լուրջ ընտրություն է»: Մոտ 1 շաբաթից արդեն ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին և ժամկետ ունեն մինչև 2014 թ. փետրվարի 20-ը: Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել:
Երիցյանը հավաստաիացրեց, որ ակտիվների կառավարիչների սնանկացումը որևէ կերպ չի վնասի քաղաքացիներին, և կուտակված գումարները չեն կորչի: Կառավարիչների համար սահմանափակումներ կան, թե որ ինչ ակտիվներում որքան կարող են տեղաբաշխել, որպեզի, Երիցյանի խոսքով, ապահովվի գումարների դիվերսիֆիկացվածությունը և պորտֆելի արդյունավետ կառավարումը:
Թե ՀՀ-ում որտեղ են ներդրվելու գումարները, ԿԲ փոխնախագահը նշեց, որ բաժնետոմսեր հիմնականում բանկերն ունեն, ինչը, նրա գնահատմամբ, քիչ չէ: Նա տեղեկացրեց, որ ներկայումս Fitch վարկանշային գործակալության հետ բանակցություններ են տարվում՝ հայկական ընկերություններին վարկավորելու համար, ինչը թույլ կտա ներդրումներ իրականացնել դրանցում: