Թռուցիկներ՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» (տեսանյութ)

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հավաքվել էին Մաշտոցի պուրակում էին ՝ ներկայացնելու առաջարկներ և քննարկելու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ նիստը տապալվեց. իշխող մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, բոյկոտեց այն, ինչից հետո քաղաքացիները պատգամավորների ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ՝ կոչ անելով ՀՀԿ-ականներին մասնակցել արտահերթ նիստին, բայց ապարդյուն: Ինչպես պարզ դարձավ այսօրվա քննարկման ժամանակ, քաղաքացիները մտահոգված են անիրազեկության հանգամանքից:

Ըստ նրանց՝ մարդկանց մեծ մասը ծանոթ չէ օրենքի բովանդակության ու հետևանքներին: Ուստի առաջարկներ եղան աշխատանքային հատուկ խմբերի միջոցով թռուցիկներ բաժանել անցորդներին՝ հատկապես ուսանողներին, որոնք կծանոթացնեն մարդկանց օրենքի էությանն ու դրանց դեմ պայքարելու եղանակներին:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ  Տիգրան Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում, ասաց, թե իրենք համաձայն են խնդրի լուծման կոմպրոմիսային տարբերակին. «Խնդիրն այն է, որ օրենքից կարող են հանել «պարտադիր» բառը, և պատկերն այլ կերպ կլինի: Ցանկացած բարեփոխում, եթե ինքը լավ բան է, կամավոր սկզբունքով մարդկանց պետք է շահարգրգռել ներգրավել դրա մեջ… Ինչո՞ւ պարտադիր՝ այս հարցին ոչ մեկ չի կարողանում նորմալ պատասխանի»:

Կարդացեք նաև

Ակտիվիստի համար նաև անհասկանալի է՝ ի՞նչ սկզբունքներով են որոշել պարտադիր կուտակել 5 տոկոսը, ինչո՞ւ են ընտրել հենց 1974թ.-ի ծնված քաղաքացիներին և այլն. «Այդ ո՞նց են հաշվարկել, որ 5 տոկոս է: Նոր աշխատաշուկա մտնողներն էլ են 5 տոկոս տալու, 20 տարի հետո թոշակի գնացողներն էլ են 5 տոկոս տալու, ինչո՞ւ»:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե արդյոք շատ չե՞ն ուշացել վիճարկելու ընդունված օրենքը, Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ուշացած է, բայց դեռ այնքան էլ ուշ չէ: Մեդիայի խնդիրն էլ կա, որովհետև չի տեղեկացվել՝ մարդիկ տեղեկացված չեն, ոչ մեկ գաղափար չունի, ես էլ մի ամիս առաջ եմ իմացել, մարդիկ միայն հունվարի 1-ի աշխատավարձից հետո կիմանան, որ պետք է կուտակեն թոշակի համար»:

Նշենք, որ ակտիվիստները որոշեցին նաև նամակ ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված լինելով, որ վերջինս էլ կարող է օգնել իրենց օրենքը մեկ տարով հետաձգելու հարցում:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս