Մարգարիտ Եսայանը՝ Զարուհի Փոստանջյանին. Եթե քաղաքական այդ գործիչ կոչվածները այլ ասելիք չունեն, թող թողնեն գնան իրենց տուն
ԱԺ քառօրյա նստաշրջանում մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որի քվեարկությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նման քննադատության ենթարկեցին ներկայացված օրինագիծը: «Ես ողջունում եմ ընդդիմադիր գործիչների այն պահվածքը, որ իրենք դրսևորեցին, որովհետև մարդիկ կենսագրություն են անցել, գիտեն՝ ինչը ինչից առաջ է, ինչից հետո է և սթափ ու հավասարակշռված վերաբերմունք դրսևորեցին: Բայց որոշ «քաղաքական ուժեր», ովքեր հասկանում են, որ ունեն վարկանիշի խայտառակ անկում, որ մարդիկ այլևս իրենց չեն հավատում, որ իրենք ասելիք չունեն, փորձում են շահարկել Ղարաբաղի հարցը ու դրանով փորձում են հիշեցնել իրենց մասին:
Ես դատապարտում եմ այս պահվածքը, դատապարտում եմ, որ փորձում են Ղարաբաղի հարցը մանրացնել ու շահել դիվիդենտներ: Մենք ազգովի ամեն ինչ դրել ենք կշեռքի մի նժարին` մեր երեխաների ապագան, մեր այսօրը, մեր անցյալը, անկախության տարիների բոլոր ձեռքբերումները, որովհետև մենք ունենք Ղարաբաղ: Թող ոչ մեկին չթվա, թե իրենք ավելի շատ հայրենասեր են, ավելի շատ են մտածում ղարաբաղցու մասին, քան ուրիշները: Եվ այս կարգի անբարո պահվածք, երբ անընդհատ ասում ենք, որ չի կարելի այս հարցը հիշեցնել, բայց եթե քաղաքական այդ գործիչ կոչվածները այլ ասելիք չունեն, թող թողնեն գնան իրենց տուն: Ղարաբաղի հարցը թող ոչ մեկ իրեն թույլ չտա շահարկել իր անձնական ամբիցիաների համար»:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սակակյանի հայտարությունից հետո, թե մեծամասնությունը «տհաճությամբ» չի մասնակցում քվեարկությանը, տպավորություն է, որ բոյկոտում եք հենց Զարուհի Փոստանջյանին և ոչ թե օրինագիծը, Մարգարիտ Եսայանն ասաց. «Շատ կլիներ Զարուհի Փոստանջյանի համար, որ կոնկրետ իր անձի դեմ մի հսկայական քաղաքական ուժ, խորհրդարանական ընդդիմություն նրա դեմ ինչ-որ բան անեին: Դա շատ կլիներ նրա համար, նման լուրջ վերաբերմունքը իր համար շատ կլիներ»:
Նրա խոսքով՝ ԼՂՀ հարցը բոլորի կյանքի, ապագայի, ներկայի հարցն է ու այն ճանաչելու մասին հարցը ներկայացնել ԱԺ դահլիճում և ասել, թե իրենք ավելի հայրենասեր են, քան նրանք, ովքեր չեն մասնակցում քվեարկությանը՝ սխալ է:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության