Լ. Սարգսյան. Զավեշտ է, որ մինչ այժմ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական չի ներկայացրել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը՝ 2014թ. բյուջեի նախագծի վերաբերյալ.
«Այսօր ներկայացված 2014 թվականի պետբյուջեի նախագծում ինչպես միշտ ներկայացվեցին գեղեցիկ թվեր, հեռանկարային ծրագրեր և խոստումներ ժողովրդի կյանքի գալիք բարելավման մասին՝ աշխատավարձերի, կենսաթոշակների ավելացման արդյունքում:
Բայց, մինչև 2014 թվականի բյուջեին անցնելը նախ առաջարկում եմ անդրադառնալ 2013 թվականի բյուջեին, որտեղ ևս ներկայացվել էին նույնչափ հրապուրիչ հեռանկարներ, սակայն տարին ավարտվեց այնպիսի ցուցանիշներով, որոնք հիմք են հանդիսանում լուրջ չվերաբերվել վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած նոր բյուջեին: Քանի դեռ պատշաճ գնահատական չի տրվել նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում ի հայտ եկած բացահայտ թերացումներին, չկա որևէ երաշխիք, որ նոր բյուջեն չի լինի էլ ավելի ձախողված, քան նախորդը`երբ 7 տոկոս աճի փոխարն գրանցվել է ընդամենը 4.1 տոկոս:
2013 թվականի բյուջեի ձախողումը, ըստ վարչապետի և Կենտրոնական բանկի, ունի շատ հստակ պատճառներ: Մասնավորապես, Կենտրոնական բանկի հաշվետվությունում արձանագրել է, որ տնտեսական աճի դանդաղեցումը պայմանավորված է սպառման տեմպերի նվազման և ներդրումների ծավալների կրճատման հետ: Այստեղ հակադրվելու պատճառնր չկան:
Ակնհայտ է, որ սպառման ծավալների անկումն ուղղակիորեն պայմանավորված է արտագաղթի մեծ տեմպերով, իսկ ներդրումների ծավալի անկումը՝ բացարձակ մենաշնորհային տնտեսության, համակարգային կոռուպցիայի և արդարադատության համակարգի բացակայության հետ: Որքան էլ կառավարությունը, հղում կատարելով միջազգային տնտեսական ցուցանիշներին, Հայաստանը ներկայացնում է որպես բարենպաստ ներդրումային միջավայր, բիզնեսը Հայաստանից հեռանում է, քանի որ այն շատ զգայուն է դառնում, երբ երկրում բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները՝
- Ազատ տնտեսական մրցակցությունը,
- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը,
- Արդարադատության համակարգի իսպառ բացակայությունը:
Նույն՝ Կենտրոնական բանկի գնահատմամբ, տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է նաև արտահանման ծավալների անկմամբ և արտաքին տրանսֆերտների կրճատմամբ: Այս գնահատականում կա մի շատ վտանգավոր միտում՝եթե արտագաղթի տեմպերի այսօրինակ աճին զուգընթաց նվազում է արտաքին տրանսֆերտների քանակը, դա վկայում է այն մասին, որ մարդիկ երկիրը լքում են ընտանիքներով և անվերադարձ, ինչը բացառում է Հայաստանում բնակվողներին արտերկրից գումար ուղարկելը: Միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում երկիրը լքել է 128 հազար մարդ:
Զավեշտալի է, որ տնտեսական աճի տեմպերի նվազման վրա արտաքին գործոնների ազդեցության հարցում Կենտրոնական բանկի և վարչապետի գնահատականները տրամագծորեն հակասում են միմյանց:
Կենտրոնական բանկի գնահատմամբ արտաքին գործոնները բարենպաստ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի համար, մինչդեռ վարչապետի պնդմամբ՝ գործընկեր երկրների սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձությունները բացասական հետք են թողել Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը ամուր տնտեսական կապեր, և հետևաբար էական կախվածություն չունի այլ երկրների տնտեսություններից:
Այդուհանդերձ, տնտեսական աճի տեմպերի աննշան ավելացումն ուղեկցվում է անվերահսկլի գնաճով, ինչի հետևանքով պաշտոնապես արձանագրվող տնտեսական աճը, իրականում որևէ դրական ազդեցություն չունի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման վրա: Այս տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ գնաճի ցուցանիշը հասել է 9.3 տոկոսի՝ գրանցված 4.1 տոկոս տնտեսական աճի պայմաններում:
Պետք է արձանագրել, որ այս կարգի գնաճի պարագաներում աշխատավարձերի և կենսաթոշակների չնչին բարձրացումը որևէ կերպ չեն կարող բարելավել մարդկանց կենսամակարդակը, որը և առաջացրել է մարդկանց արդարացի զայրույթը:
Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ սրված այս սոցիալական իրավիճակում կառավարությունը հայտարարում է, թե իբր կենսաթոակների ավելացմամբ շուրջ 33 հազար թոշակառուներ կհաղթահարեն աղքատության շեմը, մինչդեռ մենք տեսնում ենք, որ գնաճին զուգընթաց Հայաստանում սրընթաց աճում է աղքատության մակարդակը: Դեռևս 2 տարի առաջ եղած տվյալներով Հայաստանում աղքատության շեմը չէին կարողանում հաղթահարել բնակչության 32-35 տոկոսը: Ակնհայտ է, որ այժմ աղքատների թիվն այնքան է ավելացել, որ կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Որոշ տվյալնրով այն արդեն գերազանցել է 60 տոկոսի շեմը:
Այս իրավիճակում մեր հաղթական կառավարությունը որոշում է վերացնել գործազրկության ողորմելի չափերի նպաստները և գործազուրկներին հատկացվող 18 հազարական գումարներն օգտագործել, իբր բնակչության մասնագիտական որակավորումն ու մրցունակությունը բարձրացնելու համար: Հարց է առաջանում, թե համատարած գործազրկության պայմաններում ո՞րտեղ պետք է աշխատեն այդ մարդիկ՝ մասնագիտական որակավորում ձեռք բերելուց հետո: Վստահաբար կարելի է ասել, որ գործազուրկների համար նախատեսված գումարները ևս յուրացվելու են. այլ ծառայություննրի մատուցման անվան տակ: Իսկ բացահայտվելու դեպքում կհայտարարեն, որ այն նպատակային չի օգտագործվել:
Այս կարգի վայ նախաձեռնությունները փաստում են, որ կառավարությունը ուղղակի կորցրել է իրականության զգացումը և բացարձակապես ադեկվատ չի գնահատում այն պայթյունավտանգ սոցիալական իրավիճակը, որը օր-օրի հասունանում է Հայաստանում:
Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած կառավարության «մասնագիտական որակավորումը» գնահատելու համար բավարար է միայն հիշել, Հայաստանի Վերահսկիչ պալատի բացահայտումները: Ինչպես հիշում եք, բոլորովին վերջերս Վերահսկիչ պալատը փաստարկված կերպով ներկայացրեց տնտեսության տարբեր ճյուղերում առկա այնպիսի կոռուպցիոն դրսևորումներ, որի արդյունքում ռիսկային է ճանաչվել պետբյուջեի ծախսային մասի շուրջ 70 տոկոսը, ինչին այդպես էլ լուրջ հակափաստարկներ չներկայացվեցին: Հիշեցնեմ, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից այս հարցին անդրադառնալու պարագայում, այդպես էլ որևէ էական բացահայտում տեղի չունեցավ, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Հարկ եմ համարում շեշտել, որ խոսքը մոտ 700 միլիարդ դրամի մասին է, ու եթե անգամ դրա մի մասն է իրականում գրպանվում, կամ վարչապետի տերմինաբանությամբ ասած՝ «ոչ արդյունավետ օգտագործվում», ապա միևնույն է, խոսքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերի հասնող չարաշահումների, հափշտակության մասին:
Վերը նշված փաստերը վկայում են, որ չկա որևէ հիմք վստահելու մի կառավարության, որն ունեցել է այսքան՝ մեղմ ասած, ձախողումներ տնտեսական աճի ապահովման և բյուջեի կատարման հարցերում: Չի կարելի վստահել մի կառավարության, որը 2013 թվականի բյուջեով կանխատեսել էր ապահովել 6.1 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ իրականում ապահովվել է ընդամենը 4.1տոկոս: Այսինքն, շուրջ մեկ երրորդով պակաս:
Զավեշտ է, որ մինչ այժմ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական չի ներկայացրել՝ հաշվի առնելով նաև այն, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, որ եթե 2013 թվականին 7 տոկոս տնտեսական աճ չապահովվի, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա: Հուսանք` Սերժ Սարգսյանը հետևողական կլինի կառավարությանն ուղղված իր պահանջի նկատմամբ»: