Բաժիններ՝

Ցախի սովորականի գերբնական հատկությունները

Ցախի սովորականի կամ նույն ինքը` խալանջի (Calluna vulgaris) պատմական անցյալն ունի շատ հին արմատներ:
Հայտնաբերվել է 4000 տարի առաջ ցախու ճյուղերից հյուսված պարան։
Ըստ հնագույն առասպելի` ցախին ինքն է ընտրել իր ճակատագիրը. Աստված տեսնելով անմշակ, սակավահող, հողմահարված, ավազուտով ծածկված սարալանջերը` առաջարկում է ծառերին, ծաղիկներին`«բնակվել» այդ ամայի խոպանի վրա, սակայն բույսերից յուրաքանչյուրը գտնում է բազմաթիվ արդարացի առարկություններ։

– Իսկ ի՞նչ կասես դու, ցախի,- հարցնում է Արարիչը։

– Չգիտեմ, արդյո՞ք կարող եմ հարմարվել, Տեր իմ.- համաձայնվում է ոչ մեծ, աննկատ բույսը։

Ցախին միայնության խորհրդանիշ է։ Աճում է բաց երկնքի տակ` դիմադրելով հողմերին։
Աստված պարգևեց բույսին բազմաթիվ շնորհներ.

Կարդացեք նաև

  • ամուր արմատներ, որից պատրաստում են շվի և ծխամորճ,
  • ճկուն ցողուն, որը դիմադրում է ամենաուժգին քամուն,
  • գեղեցիկ, մանր, զանգականման ծաղիկներ, որոնք իրենց գույնով և բույրով «կանչում» են մարդկանց և ժրաջան մեղուներին։

Ցախի սովորականն իր ցեղի միակ տեսակն է, որը պատկանում է հավամրգազգիների (Ericaceae) մեծ ընտանիքին` 120 ցեղեր և մոտ 3000 տեսակներ։ Բնության մեջ հանդիպում է Սիբիրում, Փոքր Ասիայում, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, այլ եվրոպական երկրներում` բացառությամբ Իտալիայի։ Բույսը Նորվեգիայի ազգային խորհրդանիշն է։

Հնում ցախին օգտագործել են` որպես վառելանյութ, տանիքների ջերմամեկուսիչ, կեղևով դաբաղել են կաշիները, ծաղկաբույլերից ստացել են ներկանյութ։ Հնուց մինչև մեր օրերը ցախին ծառայում է` որպես անասնակեր, հատկապես ոչխարների և եղնիկների համար։

Առանձնակի ուշադրության է արժանի ցախու մի այլ կիրառում, որն աղերս ունի հայերեն` «ցախավել» և հունարեն` «կալունա», հնարավոր է նաև` հայերեն «խալանջ» բառերի հետ։

Բույսի ցեղական «calluna» անվանումն ունի «մաքրել», «մաքրություն», «գեղեցկացնել» իմաստները։
Հին իռլանդական հեքիաթի պատանի հերոսը դժգոհում է, որ երիտասարդ օրիորդներն այլևս չեն հավանում ցախուց պատրաստված ավելները։

Լեզվաբանները գտնում են, որ ցախին իրոք օգտագործվել է մաքրող պարագաներ պատրաստելու համար։

Վերոգրյալից հասկանալի է, որ ցախին ծառայել է մարդկանց` որպես ջերմամեկուսիչ և վառելանյութ ու մաքրող պարագաներ պատրաստելու հումք։ Ի դեպ, կան գիտնականներ, որոնք կարծում են, որ ցախին ինչ-որ ընդհանրություն է մտցնում փոքրասիական հին ազգերի և կելտական մշակույթների միջև։ Դա կարելի է հիմնավորել թեկուզ այն պատմական փաստով, որ գոնե Ք.ա. 3-րդ դարում ներկայիս Անկարայի շրջակայքում կազմավորվել է Գաղաթիա պետությունը, գաղաթները կելտական ցեղ են, որը ներխուժել է Կենտրոնական Եվրոպայից` Բալկանների վրայով (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։

Կան նաև այլ պատմական փաստեր. Հին հնդեվրոպացիները կարծել են, որ բույսն ունի առանձնահատուկ մոգական հատկություններ, ցախու բուրավետ մեղրը գովերգվել է Ավեստայի և Ռիգվեդայի ստեղծագործություններում։ Ըստ Պլուտարքոսի` եգիպտացիները, հույները և փյունիկիացիները համարել են, որ ցախին հովանավորվում է իրենց գերագույն աստվածությունների կողմից։

Ցախին` կելտական մշակույթում
Պահպանվել են տեղեկություններ, որ Ք.ա. 2-րդ դարում Շոտլանդիայի հարավ-արևմուտքում ցախուց հրաշալի ըմպելիք են պատրաստել։ Ըստ հին իռլանդական լեգենդի` փոքր էլֆը պատմում է, որ ըմպելիքի պատրաստման գաղտնիքը նրանց են փոխանցել դանիացիները։ Կա կարծիք, որ այդ ըմպելիքը զարմանալի ուժ է հաղորդել խմողին` անկախ տարիքից և սեռից։

Ռ.Լ. Սթիվենսոնը ներկայացրել է այդ լեգենդը` «Ցախու մեղրը» բանաստեղծության մեջ։
Ըմպելիքի պատրաստման եղանակը հավանաբար իմացել են միայն պիկտերը` շոտլանդական կլաններից մեկը, որի զինանշանի վրա պատկերված է եղել ցախու ճյուղ։ Արքան որոշում է ստիպել նրանց բացահայտել գաղտնիքը։ Կլանը չի ենթարկվում արքայի պահանջին, և անհավասար ճակատամարտի վերջում ողջ են մնում պիկտերից երկուսը. տարեց հայրը և դեռահաս որդին։ Մտավախություններ ունենալով, որ պատանին չի դիմանա կտտանքներին, ծերունին դիմում է արքային. «Ես կբացահայտեմ գաղտնիքը, սակայն հրամայիր, որ որդուս կապեն և նետեն ծովը, այլ կերպ բոլորը կիմանան իմ դավաճանության մասին»։

Երբ ծովի ալիքները ծածկում են պատանուն, ծերունին արժանապատվորեն ընդունում է իր մահը։

Առասպելական ըմպելիքի գոյությունը շատերի կողմից դրվում է կասկածի տակ, սակայն որևիցե մեկը չի կարող կասկածի տակ դնել Շոտլանդիայի լեռնցիների ազատատենչ ոգին (նրանց ինքնանվանումն է` albanich)։
Ցախու դաշտերի անզուգական գեղեցկությունը ոգեշնչել է բազաթիվ դասական և ժամանակակից գրողների` Դյումա, Դոյլ, Բրոնտե քույրեր, Գոգոլ, Իբսեն, երաժիշտներից` Գրիգ, «Վերասի» համույթ և այլն։ Սակայն առավել ազդեցիկ և վառ են Ռ. Բյորնսի նկարագրությունները, որոնցում բույսը համաձուլված է ոչ միայն Շոտլանդիայի անծայրածիր լեռների, այլև` ժողովրդի հետ։ Բյորնսի «Ցախու խոպանը» նպաստեց առանձին կլանների փոխմերձեցմանը և ազգի հզորացմանը։
Շոտլանդիան միակ երկիրն է, որտեղ գործում է Ցախու կենտրոն, որը տեղակայված է ընդարձակ բուսաբանական այգում։

Շոտլանդացիները, իռլանդացիները և անգլիացիները տարածել են ցախին ողջ աշխարհով. դեպի Հյուսիսային (Կանադա) և Հարավային (Նոր Զելանդիա) բևեռները։

Ցախի սովորականի կենսաբանական առանձնահատկությունները
Բույսի ցողունի բարձրությունը հասնում է 20-80 սմ-ի։ Անբարենպաստ արտաքին պայմանների դեպքում ցողունը կարող է զարգանալ հորիզոնական դիրքով և արմատակալել։ Կազմում է մշտադալար մացառուտներ, հաճախ է հանդիպում լուսավոր սոճուտներում, սֆանգային տորֆուտների, հրդեհված հողատարածքների վրա։ Ցախին հեշտությամբ է զիջում իր տեղն այլ բույսերի և «տեղաշարժվում» նոր անմշակ տարածքների վրա, որտեղ նպաստում է հողի որակի բարելավմանը. «ցախու հողն» օգտագործվում է ծաղկեբուծության բնագավառում։ Հնում այրել են ցախու մացառուտները` որպեսզի ընդարձակեն վարելահողերը, այդ դեպքում բույսը հանդես է գալիս` որպես դժվար ոչնչացվող մոլախոտ, քանի որ սերմը 33 տարի պահպանում է ծլունակությունը հողի մեջ, իսկ ցախու կյանքի տևողությունը մոտ 45 տարի է։

Տերևները մանր են, խողովակաձև ոլորված, անկոթուն, սուր թեփուկանման։ Երկար ժամանակ կարծել են, որ տերևների նման կառուցվածքը նախատեսված է, որպեսզի բույսը պահպանի իր կենսունակությունը երաշտի պայմաններում, սակայն խոնավ, ճահճոտ վայրերում տերևը չի փոխում իր տեսքը։ Ցախին ջերմասեր բույս է, և այն չի կարող կլանել սառը ջուրը և գոլորշիացնել, քանի որ այդ դեպքում կնվազի տերևի և բույսի ներքին ջերմությունը։

Ճահճոտ վայրերում աճող ցախին ունի ազոտի պակաս, որը ստանում է պարզագույն սնկերից, որոնց թելիկները գալարվում են բույսի արմատի շուրջը։ Սնկերը կարողանում են անջատել բուսահողից ազոտը, առանց որի ցախու սերմը չի ծլում. երբեմն սնկերն ապրում են բույսի արմատի բջիջներում և ժամանակի ընթացքում տրոհվելով` նպաստում են աճին։

Հավանաբար այդ սնկերի առկայությամբ է բացատրվում ցախուց ստացված պատրաստուկների` հալյուցինացիաներ առաջացնելու հատկությունը (մեծ չափաբաժնի դեպքում)։

Ցախին սկսել են մշակել 18-րդ դարի կեսերից, երկարատև սելեկցիոն աշխատանքի շնորհիվ Գերմանիայում բուծվել են բազմաթիվ ենթատեսակներ։ Գերմանական հավաքածուի մոտ 300 ենթատեսակները տարբերվում են ծաղիկների ու տերևների գույներով, բուրմունքով, ծաղկաբույլի ձևով և այլն։ Գերմանիայում ամեն տարի աճեցնում են միլիարդավոր ծաղիկներ, որոնք սպառվում են ներքին և միջազգային շուկաներում։

Գերմանացիները նաև լրջորեն ուսումնասիրում են բույսի գենետիկ առանձնահատկությունները և բուժիչ ազդեցությունը։ Ցախին ընդգրկված է Գերմանիայի դեղաբանական ցանկում, իսկ անգլիացիներն աճեցնում են հատուկ «դեղագործական» հողատարածքներում։

Բոլորովին վերջերս հրապարակել են Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի դեղագործական համալսարանում կատարված երկամյա հետազոտությունների արդյունքները։ Գիտնականների խումբը ցախու բույսի հիման վրա մշակել է գել, որը կարող է զգալիորեն դանդաղեցնել մաշկի քաղցկեղի զարգացումը։ Ի դեպ, հնում ցախին կիրառել են ուռուցքների բուժման համար։

Ցախի սովորականը պարունակում է զգալի քանակությամբ տանին, այդ թվում` նաև կատեխիններ (5 տոկոս), կվերցետին (մինչև 7 տոկոս), արբուտին (0,86-1,5 տոկոս) նաև սապոնին, օսլա, բուսախեժ, կրեմնիում, ֆերմենտներ, ալկալոիդ էրիկոդինին, օրգանական թթուներ (ուրսոլի, ֆումարի, կիտրոնի և այլն)։
Կվերցետինի բացառիկ օգտակարության մասին գրվել է վերջերս (տե՛ս, Ջ. Սահակյան, «168 Ժամ» Ալոճենին որպեսգ 12.10.2013թ.)։

Կատեխինային նյութերը նույնպես ունեն հակաօքսիդանտ հատկություններ, որոնց կանդրադառնանք հաջորդ համարներից մեկում։

Գլյուկոզիդ արբուտինը (արուտի) ջրի մեջ լուծվելիս մտնում է քիմիական ռեակցիայի մեջ, որի արդյունքում առաջանում է հիդրոխինոն. այդ նյութն ունի հակաբակտերիալ հատկություն (տե՛ս «168 Ժամ», 5.11.2013թ. Հակաբիոտիկների նոր սերունդգ)։

Ցախի սովորականի օգտակարությունը
Որպես բուժահումք օգտագործվում են տերևները, ծաղիկները և ծաղկաբույլերը։ Ստացված պատրաստուկներով բուժում են երիկամների և միզապարկի բորբոքային, միզաքարային, լյարդի և լեղուղիների, փայծաղի, աչքերի հիվանդությունները, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբը, երիկամների խիթերը, քրոնիկ ցիստիտը, ռևմատիզմը, հոդատապը, թոքերի տուրբերկուլյոզը և շնչառական ուղիների այլ հիվանդությունները, դիզենտերիան, նևրասթենիան, անքնությունը, այրվածքը, ալերգիկ ցանը, էկզեման, ողողումների ձևով` ստոմատիտը և անգինան։ Ցախու պատրաստուկներն ունեն հանգստացնող, քնաբեր, միզամուղ, խորխաբեր, արյունարգել, հակաբորբոքային, հակաբակտերիալ, վերքամոքիչ, կապող, թթվայնությունն իջեցնող հատկություններ։
Ցախին հաճախ օգտագործում են թեյի փոխարեն, որն օգտակար է նաև մրսածության և հարբուխի դեպքում.

  • 1 թ/գ չոր հումքը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք օրը 1-3 անգամ։

Անքնություն, հոդատապ, խոլեցիստիտ. 1 ճ/գ չոր հումքը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։

Հոդատապի դեպքում նույն թուրմով դրեք թրջոց կամ կատարեք լոգանք։
Օքսալատային կամ ուրատային ծագման ավազ երիկամներում, շագանակագեղձի բորբոքում, ցիստիտ. 1 ճ/գ թարմ խոտը 4 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4-անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, գլխապտույտ, նյարդային խանգարումներ. 2 ճ/գ չոր հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, եփեք 10 րոպե թույլ կրակի վրա, 10 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 5 անգամ, ջրի կամ թեյի փոխարեն։ Շարունակեք 3 ամիս, կրկնեք 15 օրից։
Նևրոզ, քնի խանգարում. Խառնեք ցախու, առյուծագու չոր խոտեր, կատվախոտի արմատ (3։3։1)։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` 2 ժամը մեկ։
Էկզեմա (չորացնող). Մաշկի վնասված հատվածները մշակեք ցախու փոշիացրած հումքով։
Նյութափոխանակությունը կարգավորող. Խառնեք ցախի սովորականի և եղեսպակի խոտերը։ 20 գ թարմ հումքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ։ Շարունակեք 1 ամիս։ Թուրմն ունի նիհարեցնող հատկություն։
Գլխացավ, անքնություն, նևրոզ. Խառնեք ցախու, չորածաղկի, առյուծագու խոտերը, կատվախոտի մանրացրած արմատը (4։3։3։1)։ 4 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք ջերմապահում 1 լ տաք ջրի մեջ, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 6-7 անգամ։
Շագանակագեղձի բորբոքում. Ցախու թարմ ծաղիկները 21 օր թրմեք որակյալ օղու մեջ (1։10), քամեք։ 25-30 կաթիլ ոգեթուրմը լուծեք 100 մլ թույլ մեղրաջրի մեջ, այդ չափաքանակը խմեք օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Օրգանիզմը մաքրող միջոց. Խառնեք ցախու և մատիտեղ թռչնի չոր խոտերը (1։1)։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ։
Մազաթափություն. 2 ճ/գ ցախու չոր խոտը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Ցայեք մազերը, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, փաթաթեք սրբիչով, 40 րոպե անց լվացեք գլուխը` միայն գոլ ջրով։ Կրկնեք շաբաթը 2 անգամ։
Սեբորեա. Խառնեք ցախու և նարդոսի խոտերը (1։1)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 0,5 լ եռջրում, քամեք, հումքը մզեք։ Շաբաթը 1 անգամ լվացեք գլխամաշկի վնասված հատվածները։

Ցախու մեղրի առանձնահատկությունները
Ցախին բարձր մեղվատվություն ապահովող բույս է` 200 կգ` 1հա-ից։ Մեղրի գույնը կարմրաշագանակագույն կամ մուգ դեղին է, թույլ բուրավետ, հաճելի կամ թեթևակի դառը, տտիպ համով։ Մեղրի զանգվածում կան մեծ թվով օդի պղպջակներ, որոնք անընդհատ բարձրանում են դեպի մակերեսային շերտը։ Մեղրն արտաքուստ նման է դոնդողի, թափահարելիս հեղուկանում է, իսկ որոշ ժամանակ անց վերականգնում է իր նախկին ստրուկտուրան։ Նման տիկսոտրոպիկ հատկություն ունի միայն ցախու մեղրը (շատ թույլ արտահայտված տիկսոտրոպիզմ ունի նաև հնդկացորենի մեղրը)։
Ցախու մեղրը շատ ուշ է բյուրեղանում։

Ցախու մեղրն ավելի շատ սպիտակուցներ է պարունակում, քան ցանկացած այլ մեղր։ Սպիտակուցները հեռացնելու դեպքում տիկսոտրոպիկ հատկությունը վերանում է։
Մեղրը խորհուրդ է տրվում` որպես ախորժակը լավացնող դիետիկ սննդամթերք։ Ունի քնաբեր, նյարդերը հանգստացնող, մարսողությունը կարգավորող հատկություններ։
Զգուշացում։ Խորհուրդ չի տրվում արյան բարձր մակարդելիության, թրոմբոֆլեբիտի, ինսուլտ և ինֆարկտ տարած հիվանդներին, նաև ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս