ԿԲ նախագահը Բագրատյանի կարծիքը համարեց դատարկ և անհիմն, սակայն հրավիրեց ԿԲ՝ քննարկման
Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է տնտեսական աճի 3 տոկոսանոց ցուցանիշի պարագայում 13 տոկոսանոց ակցիզային վարկավորում իրականացվել։ «Ի՞նչ եք վարկավորել, ասացիք անալիզ կա»,-հարցրեց Հրանտ Բագրատյանը: Նա համաձայնեց ԿԲ նախագահի հետ, որ Կենտրոնական բանկը միշտ վնաս է կրում դրամի արժևորումից և նշեց, որ պատճառն, ըստ նրա, էական տրանսֆերտներն են և դրամի հարաբերական արժևորումը. «Դրա համար տրանսֆերտների կողմից դրամի արժևորումը այն վարկի ասեղն է, որը թույլ չի տալիս տնտեսությունը զարգանա։ Մենք 100 անգամ ասել ենք, որ պետք է դրանք մասամբ ստերիլիզացնել՝ այլապես պետությունը չի զարգանա։ Ես ուզում եմ այս ասեղի հանգամանքը շեշտվի, և ավելի լավ չէ՞ր լինի, օրինակ, ԿԲ-ն մի փոքր շատ ինֆլյացիա անի, իսկ այդ կոնցեպտով չի զարգացնելու հանրապետությունը, և դա համապատասխանում է Կառավարության ոչ թե պատկերացումներին, այլ տնտեսության զարգացման չպատկերացումներին» ։
ԿԲ նախագահը Բագրատյանի դիտարկումը որակեց անհիմն ու դատարկ՝ նշելով. «Հարգանքի է արժանի ցանկացած կարծիք, բայց որ այդ կարծիքները միտված են գործընկերներին վիրավորելուն կամ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և ավելի շատ պոպուլիստական են… Ինձ թվում է նման կարծիքները անհիմն են, դատարկ են, անընդունելի են և անհետաքրքիր են։ Ես համարում եմ անհետաքրքիր են ոչ միայն լսարանի համար, այլ նաև հասարակության համար։ Ես պատարաստ եմ մանրամասն տեղեկանք ներկայացնել և բացատրություն տալ, թե ինչու են այս թվերը առաջանում»: Նա հավատացրեց, որ ԿԲ-ի վնասն այդքան էլ մեծ չէ։ Ինչ վերաբերվում է ստերիլիզացիային, ապա Արթուր Ջավադյանը Հ. Բագրատյանին հրավիրեց ԿԲ՝ մանրամասն քննարկելու այդ հարցը։