Հայաստանը մեդիայի ազատության ինդեքսով երրորդն է «Արևելյան գործընկերության» երկրների թվում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի աջակցությամբ մոնիթորինգ է անցկացվել «Արևելյան գործընկերության» երկրներում մեդիայի ազատության (ENP EaP Media Freedom Watch) վերաբերյալ: Առաջատարը Մոլդովան է, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա գերազանցել է Բելառուսին ու Ադրբեջանին, սակայն զիջել է Վրաստանին ու Հայաստանին:

Մեդիա ազատության ինդեքսով «Արևելյան գործընկերության» երկրներից հետնապահը Բելառուսն է: Այդ ինդեքսը որոշվել է 2013 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ յուրաքանչյուր (վեց) երկրից 10 փորձագետի շրջանում հարցում անցկացնելու միջոցով: Մեկ երկրի համար առավելագույն միավոր է սահմանվել 1650-ը:

Մոնիթորինգի արդյունքներով՝ Մոլդովայում մեդիայի ազատության ինդեքսը կազմել է 1276 միավոր, ապա գալիս են Վրաստանը՝ 1270 միավոր, Հայաստանը՝ 935 միավոր, Ուկրաինան՝ 792 միավոր, Ադրբեջանը՝ 546 միավոր, և Բելառուսը՝ 443 միավոր: Ինդեքսն ունի 4 բաղկացուցիչ՝ «Քաղաքականություն», «Պրակտիկա», «Հեռուստառադիոհեռարձակում», «Ինտերնետ և նոր մեդիա»:

«Քաղաքականություն» բաժնում ի ցույց է դրված ԶԼՄ-ների ու լրագրողների վերաբերյալ Սահմանադրությամբ սահմանված ազատությունների ու իրավունքների և երկրի օրենքների մակարդակը, դրանց համապատասխանությունը միջազգային նորմերին ու չափորոշիչներին, գրաքննության պաշտոնական մարմինների առկայությունը:

Առավելագույն միավոր է սահմանվել 240-ը: Առաջատարը Վրաստանն է՝ 200 միավոր, ապա գալիս են Հայաստանը՝ 179 միավոր, Մոլդովան՝ 165 միավոր, Ուկրաինան՝ 148 միավոր, Ադրբեջանը՝ 123 միավոր, Բելառուսը՝ 67 միավոր:

«Պրակտիկա» բաժինը հստակեցնում է պետության դերը ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների ու ազատությունների ապահովման հարցում: Այն բաղկացած է 6 ենթաբաժնից՝ փաստացի հարձակումներ, սպառնալիքներ, ձերբակալություններ (1), դատական հետապնդումներ, տեղեկատվության մատչելիություն, գրաքննություն և ինքնագրաքննություն, պետական մենիշխանություն, տնտեսական պայմաններ:

Առավելագույն միավոր է սահմանվել 1110-ը: Այստեղ առաջատարը Մոլդովան է՝ 846 միավոր, ապա գալիս են Վրաստանը՝ 844 միավոր, Հայաստանը՝ 573 միավոր, Ուկրաինան՝ 489 միավոր, Ադրբեջանը՝ 328 միավոր, Բելառուսը՝ 316 միավոր:

«Հեռուստառադիոհեռարձակում» բաժինը հստակեցնում է հեռուստառադիոընկերությունների ազատության մակարդակը, եթերի մատչելիությունը: Առավելագույն միավոր է սահմանվել 150-ը:

Առաջատարը վերստին Մոլդովան (125 միավոր) և Վրաստանն (101 միավոր) են, ապա գալիս են Հայաստանը՝ 63 միավոր, Ուկրաինան՝ 53 միավոր, Ադրբեջանը՝ 43 միավոր, Բելառուսը՝ 31 միավոր:

«Ինտերնետ և նոր մեդիա» բաժինն առնչվում է համացանցի մատչելիությանը տվյալ երկրներում: Առավելագույն միավոր է սահմանվել 150-ը: Մոլդովան ստացել է 140 միավոր, Վրաստանը՝ 125 միավոր, Հայաստանը՝ 120 միավոր, Ուկրաինան՝ 102 միավոր, Ադրբեջանը՝ 52 միավոր և Բելառուսը՝ 29 միավոր:

Տեսանյութեր

Լրահոս