Զարուհի Փոստանջյան. Դուք ուզում եք սպանե՞ք 88 թվականի ոգին
Ինչպես տեղեկացրել ենք, Աժ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այս առնչությամբ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե ինքը դեմ է օրենքի այս նախագծին:
«Ես դեմ եմ քվեարկել հանձնաժողովում այս հարցի վերաբերյալ: Այս հարցը ոչ ընդդիմության և ոչ էլ իշխանության հարցն է: Եկեք զերծ մնանք շահարկումներից նաև հայրենասիրության մասով ,ինձ համար անընդունելի է: Էդ հայրենասիրամետը ո՞ւմ ձեռքում է… տարիներ շարունակ բանակցություններով զբաղվել եմ, և տեղյակ եմ, պարոն Քոչարյան (նկատի ունի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:- Տ.Մ.), Մինսկի խումբը երբևէ որևէ որոշում չի ընդունել. կա մեկ որոշում, որ Մինսկի խմբին տրվել է մանդատ՝ միջնորդելու, և նրանք պարբերաբար առաջարկներ են անում: Մինսկի խմբի մանդատով ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Ադրբեջանը պետք է միասին գան ընդհանրական որոշման»:
Ալ. Արզումյանը հավաստիացրեց, թե ինքը կարող է 1500 փաստարկ բերել և ապացուցել, որ օրինագիծը չի բխում ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային շահերից: Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի պնդումներին, թե օրենքի նախագծի ընդունումից հետո Ադրբեջանն ամենևին էլ չի սկսի ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ, ապա Ալ. Արզումանյանը՝ դիմելով Զ. Փոստանջյանին, ասաց. «Եթե գոնե բերեք մեկ փաստարկ, որ ընդունումից հետո մենք կապահովենք անվտանգությունը, ես խնդիր չունեմ՝ հենց հիմա էլ կողմ կքվեարկեմ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հիշեցրեց, թե իրենք այս մասին խոսում են դեռևս 2007 թվականից, ապա շեշտեց, թե իրենց մոտեցումն այս հարցում չի փոխվել.
«Մենք չենք կարող չմասնակցել քվեարկությանը, որովհետև սա կարող է դիտվել, թե սխալ ենք համարում Ղարաբաղի ճանաչումը, ուստի մենք կողմ ենք քվեարկելու:
Կարծում ենք, որ այն վիճակը, որը գոյություն ունի դե-ֆակտո, իրենց չի կարող բավարարել, որովհետև կա անվտանգության խնդիր, միջազգային ճանաչման հարց:
Ընդդիմություն ենք, թե ընդդիմություն չենք՝ ըմբռնումով ենք մոտենում, որ բանակցությունները վարում են իշխանությունները և սեպարատ պրոցեսները մեզ համար անընդունելի են: Եթե մենք հարց ենք լուծում, պիտի լուծենք միասնաբար»:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ եթե Հայաստանը չի ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ապա պետք է ամրագրի իրեն որպես ԼՂՀ երաշխավորի կարգավիճակի դիրքում. «Սա ոչ պակաս կարևոր է, որովհետև կլինի Ղարաբաղի անվտանգության հարցն ապահովելու պարտավորություն»:
ՀՅԴ պատգամավորի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը կարող է տպավորություն ստանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը սխալ է. «Հիմա չլինի՝ եկավ ամառը՝ չստացվեց, գարունը՝ չստացվեց, ձմեռը՝ ստացվեց ու ե՞րբ պիտի գա հինգերրորդ եղանակը, որ հարցը ստացվի»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ իր ելույթում ասաց, թե ՀԱԿ-ը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեում հռչակած անկախության միջազգային ճանաչման կողմնակից է: Միևնույն ժամանակ, սակայն, ըստ նրա՝ ՀԱԿ-ը ԼՂՀ անխակության ճանաչումը համարում է ժամանակավրեպ.
«Ճանաչումը կնշանակի, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից ու դառնում է դրանց տապալման գլխավոր պատասխանատուն: Հաշվի առնելով, որ ԼՂՀ իշխանությունները ևս նման քայլը ժամանակավրեպ են համարում, Ղարաբաղի անկախության ճանաչումը կնշանակի, որ քայլը հակասում է ԼՂՀ ինքնորոշման սկզբունքին: Այսօրվա միջազգային իրավիճակում, ՀՀ նման միակողմանի քայլերի արդյունքում Հայաստանը կդրվի միջազգային մեկուսացման մեջ ու կավելանա ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ՀՀ քաղաքական ուժերը պետք է մեկընդմիշտ հասկանան մեկ պարզ ճշմարտություն՝ ներանկախ երկիրը ստանում է միջազգային ճանաչում միայն այն դեպքում, երբ այնքան մեծ բնակչություն և այլ ռերսուրսներ ունի, ինչպես, ասենք՝ Կոսովոն: «Կամ՝ նման ճանաչումը պետք է թելադրված լինի որևէ գերտերության կամ գերտերությունների խմբի շահերով, ինչպես եղավ Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի դեպքում: Ղարաբաղի անկախության ճանաչմանը կարելի է հասնել ոչ թե թղթով, այլ՝ Ղարաբաղը զարգացնելով, բնակեցնելով»,- ավելացրեց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այդ օրինագծի քվեարկությանը:
Զարուհի Փոստանջյանն իր ամփոփիչ ելույթում՝ դիմելով իր ընդդիամխոսներին, զայրացած նետեց. «Դուք ուզում եք սպանե՞ք 88 թվականի ոգին: Պարզ հասկանալի է, թող որևէ մեկը հիմնավորում չբերի, թե պատերազմ կլինի… չգիտենք, որ մեր հարևանները պատրաստ են մի փոքր հնարավորության դեպքում պատերազմական գործողություններ սկսելու: Էդ մեր անունով ազատագրված հողի որ մասն էի՞ք… Պարոն Շավարշ Քոչարյան, ասում եք Մինսկի խումբը Ղարաբաղի հետ կապված ոչինչ չի ստորագրել, որևէ մեկն իրավունք չունի ստորագրություն դնի որևէ փաստաթղթի տակ: Ո՞վ է թույլ տվել մադրիդյան փաստաթղթի տակ ստորագրություն դնեք»:
Փոստանջյանի համոզմամբ, իշխանությունը գնում է գործարքների, այդ պատճառով էլ դեմ է արտահայտվում իր հեղինակած օրենսդրական նախագծին. «Ձեր խղճի, հոգու հետ մտնում եք գործարքների մեջ, փորձում եք ձեր խիղճը վաճառել: Երբ ընդունվեց ԼՂԻՄ-ի հետ միացման որոշումը, որը հաստատվեց Գերագույն մարմնի կողմից, մեր հոգին տեղն էր, գործարքների հետ չէիք մտնում, խիղճներս համահունչ էր, հիմա ԼՂՀ է, որևէ մի կտոր հող ոչ վաճառքի, ոչ սակարկման ենթակա չէ: Ես չեմ վախենում ոչ պատերազմից, ոչ էլ… մենք պարտավոր ենք ապրել ու պետք չէ վախենանք, որ մի օր պատերազմ կսկսի: Հենց պատրաստ կլինեն՝ իրենց կսկսեն, մենք սրան պետք է պատրաստ լինենք բայց չի նշանակում, որ այս հարցը պետք է շահարկենք»: