Կարևորը բնակության վայրն է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը: 168.am-ը ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում իր ղեկավարած ոլորտում:
Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում դեռևս 1992 թվականից գործում են ԱՊՀ երկրների միջև կնքված միջպետական համաձայնագրեր՝ սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության վերաբերյալ. դրանք մինչ այսօր գործում են: Ապա նախարարը շեշտեց, թե փոփոխությունների հարցը քննարկվում է, իսկ թե արդյոք փոփոխությունները կլինեն մե՞ծ մաշտաբով, թե՞ ոչ, «աշխատանքի ընթացքում կերևա»: Այնուամենայնիվ, Ասատրյանը նշեց, թե որևէ մեծ, գլոբալ փոփոխություն սոցիալական պաշտպանության ոլորտում, որպես այդպիսին, ՄՄ-ին միանալը չի ենթադրում:
«Այդ համաձայնագրերն ունեն մի տրամաբանություն, որ նշանակություն չունի՝ որ երկրի քաղաքացի է, նշանակություն ունի նրա բնակության վայրը, և սոցիալական ապահովության, կամ, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության իրավունքն իրացվում է այն երկրում, որտեղ քաղաքացին բնակվում է՝ անկախ քաղաքացիությունից: Սա կոչվում է տարածքային սկզբունք, այսինքն՝ որտեղ է բնակվում այդ քաղաքացին՝ անկախ քաղաքացիությունից և առանց որևէ փոխադարձ հաշվարկների այդ երկրների միջև: Վերջին տարիներին երևի շուրջ հինգ տարի կամ ավելի, նույնիսկ յոթ, եթե չեմ սխալվում, քննարկվում է այդ համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը, որ առաջարկվում է ներմուծել համամասնականության սկզբունքը»,- մանրամասնեց նա: