Կոմիքսի մարաթոն սոցիալական թեմաներով
«Ակտուալ արվեստ» մշակութային միությունն ամերիկյան Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացրել է սոցիալական թեմաներով ռեգիոնալ 24-ժամյա կոմիքսի մարաթոն, որն, ի դեպ, նաև իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում: Նոյեմբերի 8-ին «Խնկո-Ապոր» գրադարանում կոմիքսի մարաթոնի մասնակիցների ցուցահանդեսը ներկայացնելուց զատ կազմակերպիչները նաև մրցանակներ շնորհեցին հաղթողներին, ինչպես նաև ներկայացրին նրանց աշխատանքների պատկերագրքերը:
«24-ժամյան ամերիկյան ֆորմատ է, որը մենք տեսանք Ֆրանսիայում՝ «Անգուլեմի» փառատոնին, ուր երրորդ տարին է` գնում ենք, իսկ այս տարի կլինի չորրորդը»,- ասաց «Ակտուալ արվեստ» մշակութային միության նախագահ Մկրտիչ Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ համաձայն այս նախագծի՝ մասնակիցները 24 ժամ փակվում են մի տարածքում, որի ընթացքում նրանք պետք է 24 էջ նկարեն: Ընդ որում՝ թեման ասվում է վերջին ժամին, որն իմանալուց հետո անհրաժեշտ է սցենար մտածել, կադրեր վերարտադրել, որը հետագայում դառնում է 24 էջանոց գիրք և տեղադրվում է այս նախագծի կայքէջում:
«Այս նախագիծը մեզ շատ ոգևորեց, և Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ կապ հաստատեցինք Պետդեպարտամենտի հետ, այնուհետև Հայաստանում իրականացրեցինք: Կոմիքսի մարաթոնն իրականացրեցինք Գյումրիում՝ «Կարիտաս» բարեգործական միության «Փոքր իշխան» կենտրոնում: 24 ժամ նկարեցին երեխաները, ընդ որում՝ անսպասելի մեծ ակտիվություն կար՝ 50 մասնակից` միայն Երևանից և Գյումրիից: Դրանից զատ, Իտալիայից, ԱՄՆ-ից մեր նկարիչ ընկերները մասնակցեցին արդեն օնլայն եղանակով»,- ընդգծեց Մ. Մաթևոսյանը՝ հավելելով, որ կոմիքսի մարաթոնի ընթացքում ստեղծված գրքերը հետագայում տարածվում են՝ այս ժանրը պրոպագանդելու համար: Ի դեպ, նշենք, որ մասնակիցների մեծ մասը նկարիչներ էին, սակայն կային նաև անփորձ մասնակիցներ: Մ. Մաթևոսյանը հույս հայտնեց, որ այս նախագիծը կիրականացնեն յուրաքանչյուր տարի, որն արդեն ավանդույթ դառնալու հնարավորություն ունի: