Ռեկտորը պետք է հրապարակայնորեն ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի

2013թ. հունվարյան քննաշրջանի ժամանակ, Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի Օտար լեզուների ֆակուլտետի ռուսերեն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Մարտին Սուքիասյանի դուստրն է, գտնվելով Մոսկվայում, ստանում է 7 ստուգարքների և քննությունների գնահատականները, այդ թվում՝ երկու քննություն նրան նշանակում է մայրը` Կարինե Սուքիասյանը:

Մարտ ամսին ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր մոտ է կանչում Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանին և ասում է, որ տեղի է ունեցել չափազանց լուրջ խախտում` ուսանողը, բացակայելով հանրապետությունից, ստացել է գնահատականներ, և այդ առթիվ կա բողոք Ոստիկանությունում: Դիմելով դեկանին` նա ասում է, որ իրենցից մեկը պետք է հեռանա. կամ ռեկտորը, կամ ֆակուլտետի դեկանը:

Սահականուշ Գրիգորյանը, ում մեղքը միայն այն էր, որ ստորագրել է ամփոփաթերթիկի տակ, և չէր կարող իմանալ` ուսանողը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, որոշում է ինքը հեռանալ, և ոչ թե ռեկտորը, ստիպված դիմում է գրում և ազատվում դեկանի պաշտոնից:

Նրա ազատման փաստը բողոք է առաջացնում ֆակուլտետում, որտեղ դասավանդող երեք դասախոսներ` Անահիտ Միրիջանյանը, դեկանի տեղակալ Սիրվարդ Գրիգորյանը և Անուշ Ներսիսյանը, փորձում են բացատրություն ստանալ ռեկտորից, թե ինչու է նա պարտադրել դեկանին պաշտոնից ազատման դիմում գրել: Ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ խոսակցությունը չի ստացվում, քանի որ վերջինս հայտարարում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, որ տեղի է ունեցել հանցագործություն: Դասախոսները փորձում են համոզել նրան, որ դեկանի մեղքի բաժինն այնքան մեծ չէ, որ նրա հետ նման կերպ վարվի, որ օտար լեզուների ֆակուլտետը միշտ առանձնացել է ուսանողների նկատմամբ արդարացի վերաբերմունքով և ազնիվ ու արդար աշխատանքով, ինչը կարող է վկայել ամբողջ հանրությունը:

Կարդացեք նաև

Չգտնելով հաշտության եզրեր` երեք դասախոսներն էլ աշխատանքից ազատման դիմում են գրում` ի նշան բողոքի և ի պաշտպանություն դեկանի, և ռեկտորն անմիջապես նրանց ազատում է աշխատանքից:

Սակայն ամենահետաքրքիրը տեղի է ունենում ավելի ուշ: Դեկանի պաշտոնակատար է նշանակվում Հովիկ Մելքոնյանը: Բայց վերջինիս վիճակված չէր դեկան դառնալ: Հովիկ Մելքոնյանն առաջադրում է իր թեկնածությունը դեկանի ընտրության համար, սակայն ընտրությունից ընդամենը մեկ-երկու օր առաջ ինքնաբացարկ է ներկայացնում:

Դեկան է ընտրվում վերջին րոպեին իր թեկնածությունն առաջադրած` Թամարա Մելիքյանը, ով ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն է: Վերջինս այն դասախոսներից է, ով քննական կեղծ գնահատական էր նշանակել հանրապետությունից բացակայող Հասմիկ Սուքիասյանին և դրա համար ռեկտորի կողմից գրավոր նկատողություն էր ստացել:

Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում. Սահականուշ Գրիգորյանին ռեկտորը պարտադրում է դեկանի պաշտոնից ազատման դիմում գրել, քանի որ նա ստորագրել է ամփոփաթերթիկի տակ, իսկ նրա փոխարեն դեկան է նշանակում բացակայող ուսանողին գնահատական նշանակած դասախոսին:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի նախկին դեկան Սահականուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասում է, որ չի համակերպվում իր և ֆակուլտետի մյուս երեք դասախոսների հետ տեղի ունեցած անարդարության հետ, և համարում է, որ ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պետք է գոնե հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենցից: Սահականուշ Գրիգորյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել ինստիտուտում, և ինչ են իրենք ակնկալում ռեկտորից:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ձեր փոխարեն` դեկան է ընտրվել այն դասախոսը, ում նշանակած կեղծ գնահատականի պատճառով Ձեզ ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել:

– Ճիշտն ասած` ես միշտ զգուշացրել եմ դասախոսներին, որ զգույշ լինեն բացակա ուսանողների հարցում:

Սակայն, ինչպես վերջում պարզվեց, Կարինեն ինքն է անձամբ բոլորին խնդրել և նույնիսկ ոմանց` պարտադրել, և դասախոսները մտածել են, որ իրենք մեծ խախտում չեն անում և ընդառաջում են հորը վերջերս կորցրած և թունավոր հղիություն տանող իրենց ուսանողուհուն, որը նաև իրենց կոլեգայի աղջիկն է: Ի դեպ, Կարինեն երկու գնահատական էլ ինքն էր դրել իր աղջկան:

Բայց երբ այդ պատմությունից այդքան աղմուկ բարձրացավ, գնահատական նշանակած դասախոսները կարող էին գոնե ասել, որ անօրինականությունը տեղի է ունեցել իրենց մեղքով, որ դեկանը ոչ մի կապ չունի, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքից ազատման դիմում են գրել, այդ աղջկան նույնիսկ դաս չեն տվել, քանի որ նրանք անգլերեն լեզվի դասախոսներ են և դասավանդել էին միայն անգլիական բաժնում, իսկ ուսանողը սովորել է ռուսական բաժնում:

Իրենք գոնե պետք է այդքան բարոյականություն ունենային և իրենք խոսեին դրա մասին և ոչ թե` զբաղեցնեին այն տեղը, որն ազատվել էր իրենց պատճառով: Կամ ինստիտուտի գիտխորհրդի նիստի ժամանակ որևէ մեկը չհարցրե՞ց` լավ, ինչպե՞ս կարելի է նախկին դեկանին ստիպել պաշտոնից ազատման դիմում գրել, ասելով, թե` գիտե՞ք` ինչ մեծ հանցագործություն է տեղի ունեցել, իսկ հետո նրա փոխարեն դեկան ընտրել մի մարդու, ով այդ «հանցագործության» մասնակիցներից է:

Կապ չունի` նրա համար նախարա՞ր է խնդրել, թե՞ պատգամավոր է միջնորդել. գիտխորհրդի անդամները, ովքեր դեկան էին ընտրում, կարող էին այդ հարցը բարձրացնել, ասել, որ պետք է ընտրել մի մարդու, ով կապ չունի այս պատմության հետ: Բայց նրանք լուռ ու մունջ արեցին մի բան, որը իրենց հանձնարարվել էր` իմանալով, որ Թամարա Մելիքյանի համար կա միջնորդություն:

– Ստացվում է, որ ռեկտոր Գրիգորյանն ի սկզբանե ցանկացել է ազատվել Ձեզանից` նպատակ ունենալով այս տեղը հանձնել Թամարա Մելիքյանի՞ն:

– Ո՛չ, ճիշտ հակառակը. ռեկտոր Վարդևան Գրիգորյանը չէր ցանկանում, որ իմ փոխարեն` ընտրվի Թամարան, և նա այս ամբողջ պատմությունը կազմակերպեց հենց այդ նպատակով: Ես տարվա սկզբին ասել էի, որ իմ ժամկետը լրանում է 2013 թվականի դեկտեմբերին, բայց ես պատրաստվում էի թողնել այդ պաշտոնն ուսումնական տարվա վերջին: Այդ ժամանակվանից սկսած` հայտնվեցին տարբեր թեկնածուներ: Վարդևան Գրիգորյանն այս գործը կազմակերպեց, որպեսզի Թամարային նկատողություն հայտարարի, ինձ ժամանակից շուտ ազատի աշխատանքից և, քանի դեռ դեպքը թարմ է, դեկան նշանակի Հովիկ Մելքոնյանին:

Բայց նրա օպերացիան տապալվեց, և նրա` Թամարա Մելիքյանին տված նկատողությունը ոչ մի արժեք չունեցավ, քանի որ ստիպված էր կատարել վերևից եկած հրահանգը: Բոլորի համար անակնկալ էր, որ դիմում տալու վերջին օրը Հովիկը հրաժարվեց իր թեկնածությունից, և Վարդևան Գրիգորյանը դա բացատրեց, որ նա ինքնակամ է արել, փոխանակ այնքան տղամարդկություն ունենար, որ ասեր` իրեն Երևանից պարտադրել են:

– Իսկ ի՞նչ եղավ այն քրեական գործը, որը հարուցվել էր ֆակուտետում տեղի ունեցած «հանցագործության» փաստի առիթով:

– Իրականում ոչ մի բողոք էլ Ոստիկանությունում չի եղել, գործը հարուցվել է Վարդևան Գրիգորյանի՝ հեռուստատեսությանը տված հարցազրույցների հիման վրա:

– Այսինքն` նա իր կոլեկտիվում աշխատող կին դասախոսների վրա «գործ է սարքել տվել», հետո էլ ասել է, որ գործը կարճվեց, քանի որ կոլեկտիվը դիմո՞ւմ գրեց:

– Այո՛, ահա այս մարդու բարոյական կերպարը:

– Հիմա Դուք ինչ-որ պահանջ ունե՞ք:

– Ինչո՞ւ մենք հեռացանք ինստիտուտից. ռեկտորն ասում էր, որ կատարվել է հանցագործություն, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Կեղծ գնահատական նշանակած դասախոսին ընտրելով կամ նշանակելով դեկան` նա ցույց տվեց, որ հանցագործություն չկա: Հիմա նա պետք է հրապարակայնորեն, ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ հայտարարի, որ ներողություն է խնդրում ինձանից` իր կատարածի համար: Նա պետք է ներողություն խնդրի նաև այն երեք դասախոսներից, ովքեր աշխատանքից ազատման դիմում են գրել` ի նշան բողոքի:
Հիմա բոլորի համար պարզ է, որ այս երեք դասախոսները ճիշտ էին, բայց նրանք իրենց ճիշտը պնդելու համար զրկվել են աշխատանքից: Երբ նա հրապարակայնորեն կընդունի իր մեղքը և ներողություն կխնդրի մեզանից, այդ ժամանակ էլ գուցե հնարավոր կլինի խոսել դրա իրավական հետևանքները վերացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս