Հակաբիոտիկների նոր սերունդ, որը 100 անգամ ազդեցիկ է

Բուժիչ նամակներ

Հակաբիոտիկ դեղերը նշանակվում են բակտերիալ բնույթի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար. թոքերի և միզասեռական օրգանների բորբոքում, քթի, կոկորդի, ականջի շրջանում թարախային ընթացք, որոշ աղիքային ինֆեկցիաներ։
Վարակային ինֆեկցիոն հիվանդությունները` հատկապես գրիպը, անհնար է բուժել հակամանրէ դեղերով։

Միայն բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկ դեղորայքային բուժում, որն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնվեն որոշ կարևոր հանգամանքներ.

  • արդյո՞ք հիվանդը չունի անհատական անընկալություն ինչ-որ մթերքների, եղանակի և այլ ալերգենների հանդեպ, կամ քրոնիկ հիվանդություններ,
  • արդյո՞ք հիվանդը նախկինում բուժվել է հակամանրէ, դեղորայքով, և, ինչը շատ կարևոր է հատկապես որ դեղորայքով։

Բացի հիմնական (բակտերիաների դիմադրողականությունը ճնշելու) խնդրից, երևան է գալիս ոչ պակաս կարևոր հարց, արդյո՞ք նոր սերնդի դեղորայքը չի վերացնի նաև աղիների միկրոֆլորայում «բնակվող» օգտակար բակտերիաները, ինչը կարող է դիսբակտերիոզի և, հետևաբար, այլ հիվանդությունների պատճառ հանդիսանալ (տե՛ս, «168 Ժամ», Հակաօքսիդանտ նյութերի անհրաժեշտության մասին, 24.102013թ.)։ Եթե 3 օրվա ընթացքում բուժումը դրական արդյունք չի տալիս, ապա բժիշկը կնշանակի այլ հակամանրէ դեղորայք։

Ըստ հայտնի արտահայտության` «գրիպը կամ մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները բուժվում են յոթ օրում` առանց դեղորայք ընդունելու, կամ մեկ շաբաթում` թերապևտիկ միջամտության դեպքում»։ Իհարկե, ժողովրդական փորձը չի կարելի անտեսել, սակայն ինչպե՞ս վարվել, եթե անցել է 5-6 օր, իսկ հիվանդությունը չի նահանջում. հնարավոր է` բացի վիրուսայինից, օրգանիզմում սկսել է ակտիվանալ նաև բակտերիալ ինֆեկցիան, կամ ինֆեկցիան ի սկզբանե հարուցվել է բակտերիաների ինչ-որ տեսակով։ Նման պարագայում առաջանում է հետևյալ հարցը. ո՞ր հակամանրէ միջոցն ընտրել, և կարող եք չկասկածել, որ պետք է ընտրել ազդեցության հնարավորինս նեղ ոլորտ ունեցողը, սակայն մի փոքր ավելի ուժեղը, քան կիրառել եք նախկինում։

Կարևոր է իմանալ, որ բակտերիաներն «ապրում» են ամենուր, դրանց համար գոյություն չունեն տարածական կամ ժամանակային արգելքներ։ Բակտերիաները բազմազան են, դրանք տարբերվում են մեկը մյուսից իրենց ԴՆԹ-ով և բջջի կառուցվածքով, տարբեր տեսակի բակտերիաների միջև ընթանում է մշտական բնույթ կրող պայքար։ Միլիոնավոր տարիների ընթացքում ավելի թույլերը «սովորել» են ինքնապաշտպանվել։

Հասկանալի է, որ դեղագործական գիտությունը միանշանակ չի կարող ստեղծել այդպիսի հակաբակտերիալ միջոց, որը կկարողանա պայքարել միլիոնավոր տարիների ընթացքում սահմանված «բակտերիաների համակեցության կարգի» դեմ։ Նոր` ավելի բարձր սերնդի հակաբիոտիկ դեղորայքն ընդամենը թույլ է տալիս ինչ-որ ժամանակ շահել. ճիշտ այնքան ժամանակ, որքան կպահանջվի «գործող» բակտերիաներին` դիմադրողականություն ձեռք բերելու նոր «թշնամու» հանդեպ։ Բակտերիաների կենսակայունության պատճառներից մեկը այն է, որ դրանք կարող են փոխանցվել մեկմեկու` վերատպել իրենց գեները, այնինչ մարդկային գեները փոխանցվում են միմիայն ժառանգաբար։

Նման հատկություն ունեն նաև վիրուսները, դրանք, ցավոք, ավելի ճկուն են և կարողանում են ձևավորել նորանոր «անորսալի» շտամներ։

Բոլորովին վերջերս Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ծավալուն հետազոտության արդյունքում կարողացել են ստեղծել հակաբիոտիկ դեղորայքի նոր սերունդ, որը, նրանց հավաստմամբ` 100 անգամ ազդեցիկ է դիզենտերիա, տուբերկուլյոզ և սիբիրյան խոց հիվանդությունները հարուցող բակտերիաների նկատմամբ, քան գոյություն ունեցող դեղորայքը (Proceedings of the National Acad emy of Scienses, տես` газета.ru 04.06.2013 թ.)։

Գիտնականները հետազոտել են 663.000 տարբեր նյութեր. ընտրվել են թվով 46 մոլեկուլներ, որոնք կարող են խաթարել աղիքային ցուպիկի գենոմի վերատպումը` տրանս-տրանսլյացիոն մեխանիզմը։ Հետազոտությունների 2-րդ փուլում հաջողվել է առանձնացնել այն միակ մոլեկուլը (KKL-35), որը հեղինակների կարծիքով` ճնշում է Shigella (գենետիկորեն մոտ է Salmonella-ին` հարուցում է շիգելլյոզ և դիզենտերիա), Bacillus anthracis (սիբիրյան խոցի հարուցիչն է) և տուբերկուլյոզի հարուցիչ միկրոբակտերիաների տրանսլյացիոն մեխանիզմը։
KKL-35-ն ընտրվել է որպես հիմքային մոլեկուլ նորագույն սերնդի հակաբիոտիկ դեղորայքի արտադրության համար։

Տեսանյութեր

Լրահոս