Բաժիններ՝

Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 44 մարդ է ձերբակալվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և շրջաններում լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալվել է 44 մարդ՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, այդ թվում՝ Վրաստան թմրանյութերի ներմուծման մեղադրանքով։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի հայտարարությունը։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ, որոնք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև դրանց պահպանման, ձեռքբերման և Վրաստան ներմուծման մեջ։

Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ քննությունը պարզել է, որ ձերբակալված թմրավաճառները տարբեր մեթոդներով և եղանակներով համակարգված կերպով թմրանյութեր են վաճառել քաղաքացիներին։ Որպես ապացույց՝ ոստիկանությունը գաղտնի թմրանյութեր է ձեռք բերել և արձանագրել նրանց գործողությունները։

«Բացի այդ, ձերբակալվածների մեքենաների, անձնական և բնակելի տների, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերի խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, կպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռքներ»,-նշել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Հաղորդվում է, որ ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, եթե նրանք մեղավոր ճանաչվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս