Մանվել Բադեյան. Աշխատավարձի բարձրացումից հետո էլ աշխատելու եմ էնքան, ինչքան աշխատել եմ ավելի ցածր աշխատավարձով
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի համոզմամբ` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը դրական ազդեցություն կունենա աշխատանքի արդյունավետության վրա:
Մեր հարցին, թե նախկինում պետական պաշտոնյաների աշխատանքն արդյունավետ չի՞ եղել, Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ: Ձեր հարցադրումը բովանդակային առումով ճիշտ չէ: Երբ որ մի բան անում են` լավացնելու, չի նշանակում, որ նախկինում անմխիթար է եղել: Ակնհայտ է, եթե մարդ ստանում է 100.000 դրամ, հետո ստանում է 200.000 դրամ, ավելի լավ չի՞ աշխատի, քան 100.000-ի դեպքում: Կա՞ հակառակ ապացույցը, որ ավելի ցածր աշխատավարձով մարդիկ ավելի լավ են աշխատում: Նման թեորեմ կա՞, որ ապացուցվել է: Ինչքան աշխատավարձը բարձր լինի, էնքան մարդ լավ կաշխատի, արդյունավետ կաշխատի: Մաթեմատիկայում այդպես է, չէ՞, անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն էլ հակառակ կարծիքն ունի` աշխատավարձը չի կարող դառնալ լավ աշխատելու խթան: Մեր հարցին, թե աշխատավարձի բարձրացումը Ձեզ` որպես պատգամավորի, ոգևորե՞լ է, այսուհետ նախկինից լա՞վ եք աշխատելու, Աբրահամ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, որ բարձր աշխատավարձ է լինում, բոլորին դա գրավում-ոգևորում է: Բնական է, միանշանակ: Ամեն դեպքում աշխատունակությունը դրանից կավելանա, թե չէ՞… ես չեմ գտնում, որ կավելանա: Ով ինչքան աշխատում էր` կաշխատի, ով ինչքանով աշխատում էր` կաշխատի, ով ինչքան ունակ ա աշխատելու` կաշխատի: Աշխատավարձը չի բարձրացնի աշխատունակության տեմպը, ես այսպես եմ մտածում»: Միաժամանակ ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ, օրինակ, պատգամավորի աշխատավարձը պետք է նախարարի, փոխնախարարի աշխատավարձից բարձր լինի կամ էլ հավասար լինի նախարարի աշխատավարձին:
Մեր հարցին, թե` չե՞ք կարծում, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը` գործարար հատվածը, բարձր աշխատավարձի կարիք չունի, նա պատասխանեց. «Դե, հիմա կարիք ունենալ-չունենալն այլ խնդիր ա: Ինչի՞, շատ պատգամավորներ կան, որ շատ էլ կարիքն ունեն էդ աշխատավարձի, հա ի՞նչ ա եղել, կան պատգամավորներ, որ չունեն դրա կարիքը, բայցգ Նույն քաղծառայողների, պաշտոնյաների մեջ էլ նման մարդիկ կան, որ էդ աշխատավարձի կարիքը հեչ էլ չունեն, բայց կան մարդիկ, որ շատ ունեն»: Ինչ վերաբերում է առաջարկներին, թե պատգամավորները կարող են իրենց բարձր աշխատավարձը փոխանցել կարիքավորներին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Բայց դուք գտնում եք, որ ես դրա կարիքը չունե՞մ»:
Հարցին` միայն աշխատավարձո՞վ եք ապրում, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց. «Չէ, խնդիր չկա, բարեգործությամբ զբաղվել ենք միշտ ու զբաղվում ենք, միշտ արել ենք, ուղղակի չենք բարձրաձայնում դրա մասին: Միշտ օգնել ենքգ այ, եթե Դուք իմ անցյալը նայեք` կտեսնեք, որ միշտ օգնել եմ»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը հավաստիացրեց, որ, թեև խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունն աշխատավարձի բարձրացմամբ կավելանա, բայց անձամբ ինքն ավելի լավ չի աշխատի: «Ցանկացած մարդու աշխատավարձը որ բարձրացնում են, բարձրանում է նրա աշխատանքի էֆեկտիվությունը, եթե այն համահունչ է, բալանսավորված նրա աշխատանքի ծավալի հետ: Հիմա որ ցածրացնեն` պետք է ասեք` էֆեկտիվ չէր աշխատում, դրա համար ցածրացնո՞ւմ են, բարձրացնում են` ասում եք` աշխատունակությունը կբարձրանա»:
Հարցին, թե` ավելի ոգևորվա՞ծ եք աշխատելու, Մանվել Բադեյանը բացասական պատասխան տվեց. «Չէ, հաստա՛տ չէ: Աշխատավարձի բարձրացումից հետո էլ աշխատելու եմ էնքան, ինչքան աշխատել եմ ավելի ցածր աշխատավարձով: Ավելին ասեմ` ես, մեկ է, կաշխատեմ, եթե անգամ աշխատավարձ չստանամ. սիրում եմ պատգամավորի աշխատանքը, իհարկե: Մոռացե՞լ եք էն ժամանակները, որ մենք ունեցել ենք խորհրդարան, որտեղ աշխատել ա առանց աշխատավարձի պատգամավորը»:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ