Փախուստ «ապահով Հայաստանից»
Եվ այսպես` պաշտոնական վիճակագրությունը երեկ գուժեց հերթական լուրը` արտագաղթի ծավալների մասին։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 մլն 118 հազար 693 ՀՀ քաղաքացի, ժամանել` 996 հազար 492 քաղաքացի։ Մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը բացասական է` -122 հազար 191։ Այսինքն` նշված ժամանակահատվածում Հայաստանից անվերադարձ մեկնել է 122 հազար քաղաքացի։
Սա արտագաղթի ռեկորդային ցուցանիշ է 1990-ականներից ի վեր։ Այնքան ռեկորդային, որ անգամ հնարավոր չէ այն «վիճակագրորեն» մաքրագրել։
Միգուցե որոշ գերլավատես մարդիկ կոչ անեն այս ցուցանիշներից աղմուկ չբարձրացնել։ Նրանք, իհարկե, կրկնելու են անգիր արած այն խոսքերը, որ միգրացիան սեզոնային բնույթ ունի, և տարվա վերջին ամիսներին նկատվելու է ներհոսք` մարդիկ վերադառնում են Հայաստան։ Այսինքն` միգրացիայի բացասական սալդոն կրճատվելու է։
Սեզոնայնության հետ համաձայն ենք։ Սակայն արդեն նախորդ տարիների տխուր փորձով հաստատված ճշմարտություն է, որ գնացածների մի մասն է միայն վերադառնում Հայաստան։ Ասվածն ապացուցելու համար բավական է դիտարկել, օրինակ, վերջին երկու տարվա տվյալները։
Ինչպես տեսնում եք ներկայացված գրաֆիկում, 2012 թվականի հունվար-սեպտեմբերին միգրացիայի բացասական հաշվեկշիռը եղել է 109.405 մարդ։ Տարվա վերջին ամիսներին` հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին, գրանցվել է ներհոսք, և արտագաղթի, ցուցանիշը նվազել է։ Սակայն ներհոսքն ամբողջությամբ չի չեզոքացրել արտագաղթը և տարվա արդյունքներով ունեցել ենք 49.660 մարդու «կորուստ»։
Նույնը կարելի է ասել 2011 թվականի համար։ Առաջին 9 ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի տարբերությունը եղել է -98.148, իսկ տարվա վերջին` -49.126։ Այսինքն` նկատվում է օրինաչափություն, որ տարվա վերջին հունվար-սեպտեմբերյան արտագաղթի ցուցանիշը կրճատվում է։ Սակայն անգամ այդ կրճատման պարագայում հեռանկարը խիստ մտահոգիչ է։ Տարվա վերջում ունենալու ենք 55-60 հազար մարդու արտագաղթ։
Իհարկե, լինում են նաև բացառություններ։ Ասենք` տեսականորեն հնարավոր է` վերջին երեք ամիսներին ՀՀ քաղաքացիների այնպիսի մեծ ներհոսք լինի, որ բացասական հաշվեկիռը մոտենար զրոյի։ Սակայն, դժբախտաբար, դա իրականությունից հեռու սցենար է։
Որովհետև, եթե իրադարձությունները շարժվելիս լինեին այդ ուղղությամբ, ապա մենք դա պետք է նկատեինք` պետք է ամեն օր լսեինք հայրենիք վերադարձող ընտանիքների մասին, տեսնեինք։ Մինչդեռ նկատում ենք հակառակը` մարդիկ գնում են։ Ընդ որում` ավելի ինտենսիվ։ Նախորդ տարիների վիճակագրությունը նաև այդ մասին է վկայում. եթե համեմատեք այս տարվա առաջին 9 ամիսների արտագաղթի ցուցանիշները նախորդ տարիների հետ, ապա դրանում կհամոզվեք` Արտագաղթի տեմպերն աճում են։
Եվս մի մտահոգիչ հանգամանք։ Տարվա վերջի արդյունքներով ունենալու ենք 150 հազար քաղաքացու արտագաղթ` վերջին 3 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գործազուրկների թիվը գրեթե չի նվազել։ 2011 թվականի սկզբին պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը Հայաստանում մոտ 84 հազար էր, այսօր` շուրջ 70 հազար մարդ։ Ի մի բերենք. Հայաստանից հեռանում է 150 հազար մարդ, իսկ գործազուրկների թիվը կրճատվում է 15-20 հազարով։
Սա խոսում է այն մասին, որ Հայաստանից գնում են ոչ միայն գործազուրկները, այլև առաջին հերթին` գործ ունեցող մարդիկ։ Ի դեպ, այս պնդումն ապացուցվում է Քոլոլյան Հիմնադրամի (Կանադա) կողմից վերջերս ներկայացված հետազոտության արդյունքներով: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ արտագաղթի հիմքում միայն տնտեսական պատճառները չեն: Հարցումները և ֆոկուս խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցվածների եկամուտների աճին զուգահեռ` աճում են նաև նրանց արտագաղթելու մտադրությունները: Այլ կերպ ասած, որքան աճում է ընտանիքների եկամուտը, այնքան շատ են նրանք մտածում արտագաղթելու մասին:
Այսինքն` հացով և տեսարաններով մարդկանց հնարավոր չէ պահել Հայաստանում, ինչը փորձում են անել մեր իշխանությունները։
Եվ վերջին տխուր եզրահանգումը։
2011 թվականին փաստացի հավաքագրվել է 777.4 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2012-ին` 878.3 միլիարդ։ Այս տարվա համար նախատեսված է 993 միլիարդ։ Իսկ հաջորդ տարվա համար` 1092.2 միլիարդ։ Հարկերն ավելանում են, բնակչության թիվը` նվազում։ Իսկ դա նշանակում է ոչ թե ստվերի դեմ պայքար, այլ` որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին գնալով ծանրանում է միջին հարկային բեռը։ Գնացողները գնում են, իսկ մնացողներն արդեն ավելի քիչ ուժերով շարունակում են իրենց ուսերին կրել պետական համակարգի ծանրությունը։ Այն նույն համակարգի, որի օրոք արտագաղթը դառնում է սովորական երևույթ։
«168 ԺԱՄ»