Հայկ Ալումյանի բողոքները կքննվե՞ն մեկ վարույթում

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկել էր քննիչի որոշումը, համաձայն որի՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է գործել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է մահվան կապակցությամբ:  Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Լևոն Ավետիսյանը կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ՝ Հայկ Ալումյանի երեք բողոքները միացնել մեկ դատավորի վարույթում: Հարցն այն է, որ Հ. Ալումյանը բողոքարկել է քննիչի կողմից կայացված երեք որոշում, որոնցից յուրաքանչյուրը քննվում է տարբեր դատավորների կողմից: Կարծիք հայտնելով նշվածի մասին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ հարցն ունի երկու կողմ. նախ՝ օրենքով որքան է հնարավոր անել դա: Ապա Բուդաղյանների փաստաբանն ասաց, որ 3 բողոքները մեկ դատավորի վարույթում միացնելը և քննելը նպատակահարմար կլինի այն դեպքում, եթե այդ դատավորի անունն արդեն  կանխավ որոշված չէ, եթե այդ դատավորի ով լինելը կորոշվի վիճակահանության սկզբունքով: ՀՀ զինվորական դատախազի տեղակալ  Արտակ Հարությունյանն էլ ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ բողոքի քննության արդյունքում դատարանը պետք է որոշում կայացնի այն մերժելու կամ բավարարելու մասին: Քրեական գործը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանն էլ ասաց, որ իր կարծիքով՝ դա օրենքի խախտում է. «Բայց ինձ համար միևնույն է՝ քանի դատավոր կքննեն, որ դատավորը կքննի: Իմ խնդիրն է՝ ապացուցել, որ ես կայացրել եմ օրինական որոշում: Դա ես կանեմ՝ անկախ տեղից, վայրից և դատավորի ազգանունից»:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Լևոն Ավետիսյանը հրապարկեց իր որոշումը. բողոքը հանձնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի՝ նույն դատարանում քննվող մյուս երկու բողոքների հետ համատեղ մեկ դատավորի կողմից բողոքը քննելու հարցը լուծելու համար: Լրագրողների հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ, եթե, օրինակ՝ նոյեմբերի 4-ին մյուս բողոքը քննող դատավորն այլ որոշում կայացնի, ապա «կոլապս» կստացվի: «Մյուս տարբերակն  այն է, որ գուցե արդեն նախապես իրենք իրար հետ, երեք դատավորներով՝ պլանավորել են, գուցե նաև՝ դատարանի նախագահի հետ միասին, որ պետք է այսպիսի որոշում կայացվի: Եթե դա այդպես է, ուրեմն սա ոչ մի լավ բանի մասին չի խոսում, եթե արդեն ինչ-որ անդրկուլիսյան քննարկումների, բանակցությունների միջոցով է այս գործի ընթացքը հենց ամենասկզբից լուծվում»,- ասաց նա: Հայկ Ալումյանը նշեց, որ մյուս բողոքները քննող դատավորները կարող են համաձայն լինել կամ այլ կարծիք ունենալ: «Եթե այսօր գործը քննող դատավորը համոզված չլիներ, որ երկուշաբթի օրը գործը քննող մյուս դատավորը նորից ճիշտ նույն կարծիքն է արտահայտելու, ինքն այսպիսի որոշում չէր կարողանա չէ կայացնել, որովհետև ինքը պիտի կանխատեսեր, որ, եթե մյուս դատավորն ուրիշ որոշման հանգի, կլինի իմ աած կոլապսը: Ուրեմն պետք է հասկանալ այնպես, որ այս հարցն արտադատարանական կարգով, անդրկուլիսյան եղանակներով արդեն քննարկվել է: Առնվազն քննարկվել է այդ երեք դատավորների միջև, իսկ ինձ իմ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այս կարգի հարցերը գնում-քննարկվում են վճռաբեկ դատարանում, իսկ վճռաբեկ դատարանում էլ ուրիշ ատյաններից էլ են ճշտումներ անում, մինչև որ այս կարգի հարցերին լուծում են տալիս, և, կարծես թե, մենք նորից ընկնում ենք այն շրջանակի մեջ, երբ որ այս գործի նույնիսկ ամենափոքր, առաջին հայացքից ոչինչ չնշանակող լուծումները տրվում են ոչ դատական համակարգի կողմից և ոչ օրենքի սահմաններում»:

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում երեք բողոքները մեկ վարույթում միացնելու և քննելու նպատակը ո՞րն է: «Ես այսպես եմ կարծում. շուտ թե ուշ պարզվելու է մի ակնհայտ բան. մեր դատարանները, եթե, իհարկե, մեր բողոքը մերժվի, օրենքը խախտել են՝ հօգուտ Խաչատրյանների կողմի: Եթե մի դատավոր է խախտում օրենքը, դա հետագայում կարելի կլինի վերագրել կոնկրետ այդ դատավորի ոչ պրոֆեսիոնալիզմին կամ ինչ-որ մի պատահականության կամ վրիպակի: Բայց եթե նույն դատարանում երեք տարբեր դատավորներ նույնանման խախտումը թույլ տան, և, երբ որ մենք ապագայում կապացուցենք, լինի դա՝ Եվրոպական դատարանում կամ ավելի վաղ փուլերում, որ մեր իրավունքները խախտվել են, այն էլ՝ ծայրահեղ կոպիտ եղանակով, եթե դա արել են երեք տարբեր դատավորներ, արդեն իշխանություններին շատ ավելի դժվար կլինի բացատրել, թե դա ինչի արդյունք էր: Արդեն ավելի ակնհայտ կդառնա, որ այստեղ ոչ թե կոնկրետ դատավորի անձն էր, ոչ թե պատահականություն էր, ոչ թե, ասենք թե՝ օրենքի թերի իմացությունն էր կամ դատական սխալը, այլ կոնկրետ նպատակաուղղված, ուղղորդված դատական ակտեր էին: Դրա համար հավանաբար ավելի նպատակահարմար են համարում մի դատավորի վրա այդ ամեն ինչը դնել, որպեսզի հետո հնարավոր լինի ամեն ինչ բարդել հենց այդ դատավորի վրա»,- պատասխանեց փաստաբանը: Նա նշեց, որ դատարանին  ոչինչ չի խանգարում՝ բողոքները տարբեր դատավորների կողմից քննելիս. «Իհարկե, իրենք պատճառաբանում են, որ տեխնիկապես ավելի համար է, երբ մի դատավորի մոտ կքննվի: Իրականում էլ դա տեխնիկապես, հավանաբար, ավելի հարմար է, բայց տեխնիկական հարմարությունը հավանաբար սկզբից էլ իրենց պարզ էր: Հիմա, ես կարծում եմ, երբ իրենք լավ գնահատել են խախտումների ամբողջ ծավալը, մասշտաբը, իրենք երևի հասկանում են (ես ամեն ինչ ասում եմ ենթադրությունների հիման վրա), հավանաբար իրենց պրոբլեմն այն է, թե հետագայում ինչպես են արդարացնելու այդ խախտումները, և հավանաբար հետագայում ավելի հեշտ է լինելու դա մի դատավորի թերացմանը վերագրել, քան…» :

Տեսանյութեր

Լրահոս