Պետպատվերի և կեղծ դեղորայքի մասին

2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց բյուջեով ոլորտին նախատեսված ֆինանսական միջոցները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, դիմելով նախարարին, նկատեց, թե տարածված երևույթ կա, որ այս կամ այն հիվանդության առկայության պարագայում քաղաքացիներին մերժում են պետպատվերով սպասարկել՝ պատճառաբանելով, որ ֆինանսավորումը վերջացել է: ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, թե գործընթացը պետք է թափանցիկ մեխանիզմով սահմանվի. «Այդ մարդկանց բռնել, պատժելու մեխանիզմն էֆեկտիվ չէ, որովհետև հետո չբռնող, չպատժողի վրա է մի հատ էլ բռնող-պատժող պետք սահմանել»: Մանվել Բադեյանը հետարքրքվեց նաև. «Ասում եք, որ դեղամիջոցները չեն կեղծվում, ստուգումներ են անցնում, ուզում եմ իմանալ այն կառույցները, որոնց միջոցով անցնում են դեղերը, եթե կան դրանք, մատնանշեք, եթե ոչ՝ արյդոք նպատակահարմար չի6 լինի այս բյուջեի շրջանակներում այս խնդիրը լուծել»:

Ի պատասխան Դերենիկ Դումանյանն էլ ասաց, թե կան մեխանիզմներ, որոնց իրականացման դեպքում պատճառաբանությունները, թե ֆինանսները ժամանակից շուտ ավարտվել են, չեն գործի. «Դրանցից մեկը՝ պայմանագրով ֆիքսում ենք համամասնությունները՝ ինչպես պիտի ֆինանսները տնօրինի, յուրաքանչյուր հիմնարկի հետ պայմանագիր ենք ստորագրում, կազմում ծանրաբեռնվածության գրաֆիկ, որ ամբողջ տարվա համար համաչափություն սահմանվի: Բուժհիմնարկը ժամանակին պետք է տեղյակ պահի նախարարությանը միջոցների սպառման մասին, որ այն հիմնարկներում, որտեղ քանակը դեռ հեռու է սպառումից, մենք ինքներս կոորդինացնենք այդ խնդիրը»: Նախարարի հավաստմամբ, յուրաքանչյուր կետի չկատարման դեպքում իրենք կարող են ընդհատել պայմանագիրը տվյալ բուժհիմնարկի հետ, շեշտելով, թե  դրանից «խիստ պատիժ» իրենց համար լինել չի կարող: Մանվել Բադեյանն էլ հակադաձեց. «Կարող է»: Դ. Դումանյանը նշեց, որ եթե կան ավելի արդյունավետ մեխանիզմներ, ինքը պատրաստ է քննարկել դրանք պատգամավորի հետ:

Ինչ վերաբերումէ  ՀՀԿ-ական պատգամավորի երկրորդ երկրորդ հարցին, նախարարն ասաց. «Դեղերի մասին ասեմ, որ 1993 թվականին մենք ստեղծեցինք տարածաշրջանում առաջինը՝ դեղերի փորձագիտական կենտրոն, այն ժամանակ մեզ աջակցեց Գյուլբենկյան հիմնադրամը, և մինչ օրս այս կենտրոնը բավական արդյունավետ աշխատել է: Իհարկե, եթե այն ժամանակվա սարքավորումներով մնայինք, չէինք կարող ասել՝ ունենք ժամանակակից լաբորատորիա: Յուրաքանչյուր տարի մենք թարմացնում ենք: Բացի նրանից, որ որոշ դեղատնային ցանցերում հայտնաբերում ենք ժամկետնանց դեղեր, որ պիտի դուրս բերվեն ցանցից, այլ արտառոց դեպքեր չեն եղել: Մեր հնարավորությունները մինչ այժմ մեծ չեն ոլորտի վերահսկման առումով: Հիմա Կառավարությունը ստեղծեց Պետական առողջապահական տեսչություն, ինչը լուրջ կառույց է լինելու և ապագայում մեզ հուզող հարցերի պատասխանները կտա, կկարողանանք պատկեր կազմել նոր ստեղծված այդ կառույցի միջոցով»: Մանվել Բադեյանը հարցրեց, թե արդյոք բոլո՞ր դեղամիջոցներն են անցնում այդ ճանապարհը, թե՞ շրջանցիկ ճանապարհներ, այնուամենայնիվ, կան: Առողջապահության նախարարն էլ շտապեց հանգստացնել. «Օրինական ճանապարհով սահմանը հատող ողջ դեղորայքը պարտադիր անցնում է այդ հետազոտությունը: Այնպես չի, որ մենք միայն գրանցման ժամկետին ենք նայում: Ամենափոքր կասկածի դեպքում անգամ կապվում ենք դեղարտադրողի հետ, նրանից ճշտում: Մեր երկու դեղարտադրողները շուտով կստանան GMP սերտիֆիկատ, մեր արտադրանքի առջև դռները կբացվեն նաև եվրոպական շուկայում»:

Տեսանյութեր

Լրահոս