Ալեքսանդր Արզումանյանը՝ ԱԳ-ն փոխնախարարին. Նոտայի տեսքով բողոք հայտնեք ՌԴ-ին
ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին մի քանի հարց ուղղեց. «Մեզ համար անհասկանալի են այն որակական չափանիշները, որոնցով աշխատում եք: Երբ ձեր աշխատանքը գնահատում են, պետք չէ վրդովվել և ասել, թե դուք կգնահատեք: Մենք ձեզ հետ միասին գնահատման մեխանիզմներն ենք ուզում իրականացնել: Լավ կյանքից չէ, որ մենք ձեզ այդ հարցերը տալիս ենք: Ես հասկանում եմ, որ Դուք ծանր վիճակում եք, ինչ-ինչ հայտարություններ են արվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք մտել են հակասության մեջ այն իրողության հետ, որը ստեղծվեց սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Հիմա մեր հիմնական բանագնացը՝ ԱԳ նախարարի տեղակալը, ասել է, որ վստահ է՝ Վիլնյուսում ստորագրվելու է փաստաթուղթ: Այստեղ չարակամություն մեր կողմից չկա, այնպես չէ, որ իշխանությունը Մաքսայինում կլինի, ընդդիմությունը՝ Եվրապայում, չկա նման բան, բոլորս ենք նույն կրակի մեջ ընկնելու: Հայտարություններում եղել են հուսադրող երանգներ, որ խնդիր չկա՝ կստորագրվի: Եկեք մտածենք միասին՝ ինչպե՞ս ենք դուրս գալու այս վիճակից, որ շահի Հայաստանը, առանց քաղաքական գունավորումների»:
Այնուհետև Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ ռուսական ՕՌՏ հեռուստաալիքի եթերում հնչած հայտնի ռեպորտաժին և ասաց. «Ես ցավում եմ… ձեր նախարարությունը ես շատ սիրում եմ, աշխատել եմ այդտեղ, հատուկ մոտեցում ունեմ և չեմ ցանկանում, որ ԱԳ նախարարությունը դառնա ՌԴ խոսնակը: Հիմա ՕՌՏ-ով հնչում է միայն կրեմլյան կարծիք: Վ. Պոզները, ով հայտնի է ԿԳԲ-ի հետ համագործակցությամբ, մի լեզվի սայթաքում արեց, ասաց՝ գոսդուռա, մարդուն հանեցին… դա այն երկիրը չէ, որ դուք մեզ ասեք… կներեք կոպիտ արտահայտությանս համար, բայց կարծես գժի տեղ եք մեզ դնում:
Դեպքը դեպքից հետո, նաև վարորդի պատմությունը, մենք թույլ ենք տալիս, որ ռուսական պաշտոնյան ասի, թե Հայաստանում պետք է ռուսերեն խոսել, ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու ու մենք որևէ արձագանք չենք տալիս: Ադրբեջանի քաղաքացին օրը ցերեկով մարդուն սպանեց, ցույց տվեցին, Օղլին բլբուլ էր կտրել, բոլոր ալիքներով խոսում էր, ասում էր՝ նոտա կտանք, ռուսներին կվռնդենք: Մենք կարո՞ղ ենք արժանապատիվ կերպով դեսպանին կանչել, նոտա հղել, երբ դիվանագիտական ինչ-որ բանի խախտում է լինում: Մի քանի տասնյակ մլն մարդ տեսակետ է լսում՝ իմանալով, որ դա Կրեմլի կարծիքն է, իջեցված հրահանգ, իսկ Դուք ասում եք, որ ձեր խողովակներով ճշտել եք, որ ՌԴ իշխանությունները դա համարում են անընդունելի:
Ինչո՞ւ դա հրապարակային չի արվում, դեսպանը չի կանչվում պարզաբանման համար: Ինչո՞ւ է ԱԳ նախարարությունը էդքան վախվորած իր հարաբերություններում, չի կարելի, չի կարելի… մենք որևէ մեկի ստրուկը չենք: Սա է մեր հիմնական պահանջը»:
Ի պատասխան Շավարշ Քոչարյանը ասաց, թե ցանկացած սուր իրավիճակում, այն էլ հասարակական հնչեղություն ունեցող, այդ քայլերը կատարվում են և պարտադիր չէ, որ դրանք լինեն հրապարակային:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ տեղից ասաց, թե եթերով հնչած սխալը պետք է ուղղվի հրապարակային, հենց եթերով, եթե դա իրականությանը չի համապատասխանում:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն էլ միջամտեց. «Եթե մեկը պետք է բողոքի ՕՌՏ-ին, դա պետք է լինի Պուտինի աշխատակազմը: Մենք ի՞նչ գործ ունենք ուրիշ պետության հեռուստաալիքի հետ»:
Արզումանյանն էլ հակադարձեց. «Ես տոկար չեմ աշխատել մինչև ստեղ գալս: Ես էլ մի քիչ պատկերացում ունեմ… Ես ասում եմ՝ մի ադրբեջանցու ոտքին որ կանգնում են, հարձակում է կատարում, կանչում են դեսպանին, վիրավորում են, մեկը ասում ա՝ ռուսներին կվռնդենք, մեկն ասում ա՝ եկեղեցիները կփակենք: Պետք է ադեկվատ հարաբերություններ ունենալ, ինձ չի հետաքրքրում կուլիսներում դուք ի՞նչ եք խոսում:
Կգա մի պահ կարող է ասեք՝ խոսեցինք, խոսեցինք, իրանք չհամաձայնվեցին, հիմա որոշել են բոլորիս մորթեն: Ինձ վիրավորում է, որ ամեն անգամ մամուլը բարձրաձայնում է, որ հայ են սպանել, բայց մի գնահատական չեք տալիս: Մենք այստեղ ամեն անգամ ասում ենք, թե մեր դեմ ուղղված չէ, ճշտեցինք… մեզ չի գոհացնում այս մոտեցումը: Նոտայի տեսքով բողոք հայտնեք»:
Շ. Քոչարյանն էլ հակադաձեց. «Եթե ՌԴ-ն մեր մամուլին արձագանքեր, չեք պատկերացնում ինչ կսկսվեր: Ասում եք, թե քաղաքական գործիչները հակասական հայտարարություն են անում, դուք ժամանակային առումով նայեք: Դա ե՞րբ է եղել՝ եթե ինձ հարց տային, հունվար, փետրվար ամսին, ես էլ կասեի, որ, այո՝ ստորագրվելու է»: