«Հարցերի հարց են դարձրել՝ որտեղ քանի գլուխ համասեռամոլ կա»
Արդեն ասպարեզում է այն սերունդը, որը լույս աշխարհ եկավ Հայաստանի անկախացումից հետո, սակայն, այդուհանդերձ, երկրի քաղաքական, տնտեսական լծակներն այն մարդկանց ձեռքին են, որոնք կոմսոմոլ ու պարտիական էին խորհրդային տարիներին, 88-ին, ճիշտ է, հարեցին Շարժմանը, ոգևորվեցին Հայաստանի անկախացման գաղափարներով, սակայն դրանք վաղանցիկ հովեր էին: Հայ ժողովրդի հավերժության երաշխիքը նրանք շարունակում են տեսնել Աբովյանի տողերում. «Օրհնվի էն սհաթը, երբգ»: Եթե քաղաքական գործիչների դեպքում ինքնանվաստացումը որևէ անհարմարություն չի պատճառում, ապա Զորի Բալայանի հայտնի նամակից հետո հրապարակ դուրս եկան մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ և երանությամբ նկատեցին, թե վատ չէր լինի, որ Հայաստանը լիներ Ռուսաստանի գուբերնիաներից մեկը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը` Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ կապելու շուրջ:
– Ինչո՞ւ առաջադեմ լինելու կոչված մտավորականությունը, որն, ըստ էության, Հայաստանի անկախության ակունքներին էր, չի լարվում Հայաստանի` ՌԴ ֆորպոստ լինելու մտքից:
Հրանուշ Խառատյան– Նախ` համաձայն չեմ, որ մտավորականությունն ինքնին կոչված է առաջադեմ լինելուն: Դա վիճելի է. ավելին, կարծում եմ, որ մտավորականությունը պահպանողական է: Մարդիկ պատմություն են գրում, ֆիզիկոսներ են, բժիշկներ, ինչո՞ւ նրանք պիտի առաջադեմ լինեն:
– Այն հիմնավորմամբ, որ մտածում են: Այս մարդկանց գործունեության ոլորտը ստիպում է անցյալը ձեռքի տակ ունենալով` նայել ապագային: Ինչը և անում են պատմաբանները, ֆիզիկոսները, բժիշկները…
Հրանուշ Խառատյան– Դա Ռուսաստանում տարածված մտայնություն է, սակայն, չէի ասի, թե աշխարհում այդպես են մտածում: Համաձայն չեմ նաև այն հարցադրման հետ, որ Շարժման առաջին գծում կանգնած մտավորականներն ուզում են միանալ Ռուսաստանին: Մի նամակը կամ այդ նամակին համակրանք արտահայտած 5-6 մարդը դեռ շերտի կամ հասարակության կամքի արտահայտողները չեն:
– Զորի Բալայանի նամակից առաջ ներկայացվել էր Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության հայտը: Այդ առիթով ևս թե՛ մտավոր աշխատանքով զբաղվող շերտը, թե՛ շարքային քաղաքացիները հիմնականում կողմ են արտահայտվել Ռուսաստանի և հե՛նց Ռուսաստանի հետ նույն միության մեջ լինելու գաղափարին:
Հրանուշ Խառատյան– Առավել ևս. մտավորականությունն այստեղ առնչություն չունի, սա քաղաքական որոշում է: Մարդիկ կարող են լինել ռուսամետ, արևմտամետ (ցանկալի է` լինեն հայաստանամետ) և կարող են արտահայտել իրենց տեսակետը, ինչը բնավ չի նշանակում, թե Հայաստանի մտավորականները, բնակչությունը հենց այդպես է մտածում: Կարծում եմ` խնդիրն այն է, որ Հայաստանի անկախությունը չի արդարացրել մարդկանց սպասելիքները` սոցիալական հավասարություն, հավասար հնարավորություններ, հարգանք` քաղաքացիների հանդեպ, և այլն, և այլն:
Հակոբ Մովսես– Օրիենտացիայի հարցում մենք միշտ ելնում ենք մեր հոռետեսությունից: Եթե նկատի առնենք 17-18-րդ դարերը, երբ մեր ժողովրդի կյանքը կապվում էր այս կամ այն կողմնորոշման հետ` եվրոպական, ռուսական, տեսնում ենք, որ դրանք այն պահերին են. երբ մենք մեր ներսում տանուլ ենք տալիս երկրի, հասարակության, ժողովրդի գաղափարները: Հասկանալի է` փոքր երկիրը պետք է կողմնորոշման բնազդներ ունենա, բայց փոքր երկիրը պետք է ունենա նաև այն ելակետերը, որոնցից ընտրում է այս կամ այն կողմնորոշումը: Տվյալ դեպքում` պետք է հասկանանք` այս կամ այն կողմնորոշում ասելով` ի՞նչ ենք հասկանում: Եթե ասում ենք` ռուսական կողմնորոշում ունենք, պետք է նկատի ունենանք երեք գործոն:
1. Ի՞նչ բան է ռուսական պետությունը, այն` որպես կառուցվածքային միավոր, այսօր աշխարհում ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ հեռանկար ունի իր ժողովրդի, իր հասարակության համար:
2. Տվյալ պետությունը հումանիտար, մշակութաբանական ի՞նչ արժեք է իրենից ներկայացնում:
3. Պետք է հասկանանք այդ պետության հեռանկարները 30, 50, 100 տարի հետո: Իմ կարծիքով` այսօրվա մեր մտավորականության մեջ ևս կա ռուսական կողմնորոշման բնազդ: Մի կողմից` դա պատմական հիմքեր ունի և բացատրելի է: Մյուս կողմից` այսօրվա մեր վիճակում, երբ անկախ պետություն ենք, 1000-ավոր խնդիրներ ունենք, առանց հիմնավորման` կարոտախտի հրթիռը միացնել և սլանալ ետ, կարծում եմ` մեզ համար սխալ է:
– Հիմնավորումները կան. նախ` Ռուսաստանը ներկայացվում է` որպես հոգևոր մի կենտրոն, որպես Դոստոևսկու, Տոլստոյի երկիր, իսկ Եվրոպայում, ինչպես Վիսոցկու հայտնի երգում, հարևանդ կարող է ներկայանալ` որպես կին, հետո պարզվի` տղամարդ է:
Հակոբ Մովսես– Դա տգետ մոտեցում է: Եթե մենք պետության տեսության ընթացքին ենք հետևում, տեսնում ենք` եվրոպական պետություններն` անկախ իրենց աջուձախ շեղումներից, հումանիտար սկզբունքների հիման վրա ձևավորված պետություններ են: Էլ չեմ ասում ֆրանսիական հեղափոխությունից հետո մեջտեղ եկած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» դոկտրինը: Ցանկացած եվրոպական երկիր կարող է կոչվել պետություն, եթե ապրել է անհրաժեշտ պատմական երեք շրջան` հունական միտք, քրիստոնեական լոգոս, հռոմեական իրավունք: Ռուսաստանը հռոմեական իրավունքի շրջան չի ունեցել: Երբ ռուսական պետությունը ձևավորվում էր` 11,12-րդ դարերից, ուներ եվրոպական հակումներ…
Ի վերջո, ի՞նչ է Ռուսաստանը. Եվրոպայի մի ճյուղն է, բայց պատմականորեն Ռուսաստանն ընտրեց թուրանական տիպի պետության մոդել և պոկվեց եվրոպական դիսցիպլիններից: Ռուսաստանը պետություն չէ, այլ աշխարհի միակ կայսրությունն է։ Եվրոպական ոչ մի երկիր իր պետական դիսցիպլինների հիմքում ընկած իր մշակութային արժեքների, գաղափարների, մտքերի վրա այդքան թքած չի ունեցել, որքան Ռուսաստանը: Նայեք այդ երկրի մշակույթի պատմությունը` Պուշկինից սկսած` մինչև Պաստեռնակ ու Մանդելշտամգ Իր զավակներին, որոնք պետություն և ո՛չ կայսրություն են երազել, կա՛մ սպասել են, կա՛մ բանտարկել: Եթե ուզում ենք մեր գոյությունը քարշ տալ, կարող ենք Ռուսաստանի գրպանի մի անկյունում ապրել:
Հրանուշ Խառատյան– Ռուսաստանին վատաբանել չեմ ցանկանում: Կարծում եմ` դա մի դժբախտ երկիր է, որի հասարակության զգալի մասն ունի նույնականացման, ինքնության, հոգևոր ճգնաժամ: Եվ Ռուսաստանում բոլոր ձևերով խրախուսվում է այն գիտակցությունը, իբրև Ռուսաստանն այսօր երկրորդ Հռոմ է, բյուզանդական ժառանգություն է, ուղղափառ ժառանգություն է: Այսինքն` բացի իր ցամաքային կայսերականությունը, ինքը նաև կրոնահոգևոր կայսերական հավակնություններ ունի: Դա սկսում է դրսևորվել` որպես ազգայնականություն: Տեսեք` վերջին 25 տարիներին մենք անընդհատ կորուստներ արձանագրեցինք` կորցրեցինք մարդկանց, ձեռք բերեցինք լրացուցիչ, խորացող վախեր: Ամբողջովին փոխվեց խնդրի ձևակերպումը` հիմա Հայաստանի իշխանությունների օրակարգում անկախության խնդիր չկա: Կա 30-40 հոգու գրպանի խնդիր:
– Ներկայացնեմ հօգուտ ռուսական կողմնորոշման գլխավոր հիմնավորումը` հայերի ֆիզիկական անվտանգություն: Կա Ռուսաստանը, ուրեմն կա նաև Հայաստանը (թող որ` կորացած մեջքով, շողոմ ժպիտով): Հակառակ դեպքում` տեսնում եք` ովքեր են մեր հարևանները…
Հրանուշ Խառատյան– Առնվազն 22 տարի ունենալ պետություն, ունենալ դիվանագիտություն, ժողովրդին ասել` սոված սատկեք, բայց մենք դեսպանատներ ենք պահում, սփյուռքին ասել` օգնեք մեր դեսպաններին, և ունենալ զրո արդյո՞ւնք: Մեր մի քանի արտգործնախարար, անգամ Վարդան Օսկանյանը, ասում էին` մենք ավելի շահեկան վիճակում ենք, քան Աբխազիան: Պատկերացնո՞ւմ եք: Աբխազիան, որ ոչինչ չուներ: Ոչի՛նչ: Իսկ հայկական ֆինանսը, միտքը, պետությունը, դիվանագիտությունը, որոնք պիտի աշխատեին Ղարաբաղի համար, չաշխատեցին:
Մեր դիվանագիտությունն ի վնաս մեզ է աշխատում: Եթե ունենք դիվանագետներ, որոնք երկրի շահերը սպասարկելու փոխարեն` սպասարկում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների բիզնես շահերը, նշանակում է` դիվանագիտություն չունենք: Եվ մեր դեսպաններին էլ այլ պետությունների դիվանագետներն ընկալում են` որպես առևտրականների: Ի՞նչ հարց պետք է քննարկի Մինսկի խումբն, օրինակ, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ:
1993-ից մեռանք ասելով, որ Մինսկի խմբում ներկայացված չէ փախստականության հարցը: Արձագանք չկա:
Հակոբ Մովսես– Երբ ասում ենք` ֆիզիկական անվտանգություն, պետք է հիշենք` ֆիզիկական անվտանգությունը տվյալ ժողովրդի, ազգի հոգևոր անվտանգության արգասիքն է: Եթե ներսում տանուլ ես տալիս, տանուլ կտաս մյուս ասպարեզներում ևս: Մենք ներքուստ վախենում ենք, որ Ղարաբաղը տանուլ ենք տվել: Վախենում ենք ոչ թե այն պատճառով, որ քիչ ենք, փոքր ենք, այլ տեսնում ենք, որ բարոյապես տանուլ ենք տվել: Այսօր ունենք հասարակություն, որը ստիպված է չհավատալ իր պետությանը, իր իշխանություններին:
Ունենք մշակույթ, որն ամորֆ վիճակում փողոցում գցված է: Ունենք երիտասարդություն, որը պատեպատ է խփվում, չի կարողանում հավաքվել մի թելի վրա` ուլունքաշարի պես, ունենք մի ժողովուրդ, որին արտաքսում ենք մեր երկրից, տարհանում ենքգ Այս պայմաններում` իմ ասած ազգային հոռետեսությունն է. ինքներս մեզ չենք հավատում, ինքներս մեզ չենք արժևորում…
Հրանուշ Խառատյան– Որպես ազգագրագետ` կարող եմ փաստել, որ ժողովուրդները, անգամ, եթե նրանց հանդեպ ցեղասպանություն են իրականացնում, հեշտ չեն ոչնչանում: Այլ խնդիր է, որ մենք անընդհատ տանուլ ենք տալիս մեր հոգևոր, էթնիկ բովանդակությունը: Ի՞նչ է նշանակում այս ներքին պարտվածության զգացողությունը: Սա նշանակում է, որ մենք հստակ ծրագիր չունենք` ուր ենք շարժվելու: Եվ այդ խուճապն է, որ Սերժ Սարգսյանին ստիպում է միանալ ՄՄ-ին: Ինչո՞ւ հանդուրժել, օրինակ, Եվրոպական դատարանի` Հայաստանի իշխանությունների դեմ կայացրած վճիռները:
– Սակայն նույն եվրոպացի դիտորդների համաձայնությամբ է, որ մեր նախագահական, խորհրդարանական ընտրությունները գնահատվում են` որպես մեկ քայլ առաջ: Նրանք մեր երկրում մեզ` ՀՀ քաղաքացիներիս, ասում են` նախագահ է ընտրվել նա, ում մեծամասնությունը չի ընտրել: Վերջակետ…
Հակոբ Մովսես– Ինձ թվում է` պետք է իրարից տարբերենք Եվրոպան և Եվրոպական միությունը (ԵՄ), Ռուսաստանը և ՌԴ-ն: Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք: Գիտենք, որ Ռուսաստանի մշակույթը մեծ մշակույթ է: Գիտենք, որ այսօրվա ԵՄ-ն կատարում է շինծու, արհեստական քայլեր: ԵՄ-ն ունի իր շահերը, բայց Եվրոպայի, ինչպես նաև` Ռուսաստանի մասին պետք է դատել նրանով, թե եվրոպական միտքը կամ ռուսական միտքը որքանո՞վ են դառնում հումանիտար պետական դիսցիպլին:
Եթե այս չափանիշներով խոսենք` դեպի Ռուսաստան անմիտ կողմնորոշումների կողքին նկատելի են եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելու, Եվրոպան միասեռականների մի կոնգլոմերատ համարելու միտումը: Այսօր աշխարհն ունի շատ մեծ, պլանետար խնդիրներ, որոնք վերաբերում են բոլոր երկրներին, բայց այս ամենից դուրս` մեր կողմնորոշումների մեջ պետք է դրված լինի մեկ բան` ո՛ր համակարգի մեջ մենք կարող ենք պետություն, հասարակություն, ժողովուրդ դառնալ:
Սա է հարցերի հարցը, թե չէ որտեղ քանի գլուխ համասեռամոլ կա, սա քաղաքական խնդիր չէ, բիոլոգիական, բժշկական խնդիր է, որը պետք է քննարկել բժշկական սիմպոզիումների ժամանակ: Մեզ միտումնավոր վախեցնում են եվրոպական խնդիրներով, չինովնիկներով, սակայն մեր առջև չեն դնում հարցերի հարցը` մենք ա՞զգ ենք, թե՞ ոչ, մենք ի վիճակի՞ ենք պետություն ստեղծել, թե՞ գնչուի պես պետք է թափառենք ռուսական տափաստաններով կամ երկրագնդի մյուս վայրերով: Երկիրը, պետությունը պահելու միայն մեկ լուծում կա` պետք է գործի օրենքը: Պետության ղեկին պետք է քուրմեր կանգնած լինեն, որոնք առավոտյան 7-ին պետք է գնան ծառայության, ժամը 10-ին քաղցած գան տուն:
Հրանուշ Խառատյան– Անվտանգության բնազդը երիցս սրվել է, քանի որ ժողովուրդը համոզվել է, որ մեր պետությունը չի կարող անգամ իր ներքին խնդիրները լուծել, առավել ևս` լուծել անվտանգության խնդիրները: Իսկ այն դեպքում, երբ երկրում իշխեն նորմալ քաղաքական, տնտեսական փոխհարաբերություններ, երբ անհատը զգա, որ պետությունն իր թիկունքին է, ինքն իր հայրենիքում քաղաքացի է, իր արժանապատվությունը պաշտպանվում է, կվազի սահմանը պաշտպանելու: Կվազի պաշտպանելու իր քաղաքացիությունը, իր արժանապատվությունը, իր հնարավորությունները: Իսկ հիմա գնա ի՞նչը պաշտպանի` իր նվաստությո՞ւնը: Եվ իշխանությունն էլ է սա հասկանում և այդ պատճառով է ձգտում Ռուսաստան, քանի որ համոզվել է` այսպիսի Հայաստան Եվրոպան չի ուզում: