Դատարանն Ալումյանի բողոքները քննում է՝ «սարսափած գործից և նախաքննական մարմնից»
Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը երկրորդ անգամ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
«Արձագանք չունենք: Նույնիսկ առաջին անգամից հետո արձագանք չունեինք: Առաջին անգամից կարճման որոշումները եղան, երկրորդ անգամից հետո չգիտեմ՝ ինչ էլ արձագանք կունենանք: Արդեն վախենում ենք արձագանքներից»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ համացանցում հայտնված տեսագրությունը, որը մոնտաժված չէ և ներկայացնում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցածը, տալիս է շատ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կադրերից երևում է, թե դեպքի վայրում ով է առաջինը կրակել և ում վրա է կրակել:
Հայկ Ալումանի խոսքով՝ տեսանյութից հստակ երևում է, որ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Կրակոցներից երկուսը, Բուդաղյանների փաստաբանի խոսքով, ուղղված են եղել Ավետիք Բուդաղյանին` այն դեպքում, երբ նա մինչև կրակոցների արձակումը որևէ ագրեսիվ գործողություն չի կատարել:
Հակառակը՝ հաշտարարի դերում է եղել. ավտոմեքենայից իջել է և իր եղբորը՝ Արտակին հրելով իջեցրել ներքև, քանի որ վերջինս վեճի մեջ էր մտել Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների հետ.
«Եվ այսօր մեզ ուզում են ասել, որ Ավետիք Բուդաղյանին սպանելով՝ Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»: Հ. Ալումյանի տեղեկացմամբ՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է վերևից ներքև ուղղություն ունեցող վնասվածք.
«Մենք ունենք նաև դատաբժշկի եզրակացությունը, որ այդ վնասվածքը ստանալուց հետո Ավետիք Բուդաղյանն այլևս չէր կարող նպատակաուղղված գործողություններ կատարել, այսինքն՝ պետք է հասկանալ այնպես, որ դա եղել է իր վերջին մարմնական վնասվածքը: Քննիչը ոչ մի կերպ չի կարողանում բացատրել, թե այդ մարմնական վնասվածքն ինչ պարագաներում է ստացել Ավետիք Բուդաղյանը: Չէ՞ որ այստեղ բոլորը, եթե ընդունենք, որ շենքից ոչ ոք չի կրակել, կանգնած են կամ վազվզում են այս նույն հարթության վրա, տեղաշարժվում են նույն հարթության վրա: Քննիչի որոշումից չի հասկացվում՝ իսկ ի՞նչ կերպ ստացվեց, որ Ավետիք Բուդաղյանի մարմնական վնասվածքը, վերջին կրակոցը պատճառվեց վերևից ներքև ուղղությունից»:
Միաժամանակ, Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ արձակված վերջին կրակոցը դիպչում է ասֆալտին, արտացոլվում վերև. «Այս գնդակի արտացոլումը և վերևից ներքև ուղղությամբ Ավետիքի մարմնական վնասվածքներից մեկը մեզ ամրապնդում են այն կարծիքի մեջ, որ վերևից, այսինքն՝ այդ շենքից ինչ-որ մեկը կրակել է»:
Բացի դա՝ Բուդաղյանների փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրում հնչած կրակոցներից մեկն իր ձայնով զգալիորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայնից. «Փորձագետները մի այսպիսի հնարամիտ պատասխան տվեցին, որ այս ձայնը տարբերվում է, որովհետև երկու ձայն միասին, միաժամանակ համընկել են իրար: Հիմա տեսեք՝ եթե երկու ձայն համընկել են իրար, այդ դեպքում պետք է բացատրվի՝ ով է կրակել երկրորդը: Դեպքի վայրի եղած պարկուճները համընկնում են այն տարբերակի հետ, որ եղել է ընդամենը մեկ կրակոց, այլ ոչ թե երկու կրակոց համընկել են իրար: Եթե երկու կրակոց այս ձայնի ժամանակ համընկել են իրար, ապա որտեղ է այդ մի պարկուճը, որ պիտի ևս կրակված լիներ: Այս հարցի պատասխանը նույնպես քննիչի մոտ չկա»:
Լրագրողների հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ կրակոցի հեղինակը Սուրիկ Խաչատրյանը լինի, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը՝ Արտակ Բուդաղյանը, պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց»:
Միևնույն ժամանակ` Հ. Ալումյանն ասաց, որ այդ մթության և վիրավորված լինելու պայմաններում իր պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել տեսնելու, թե ով է կրակոցի հեղինակը: Միայն տեսել է կրակոցի փայլը և լսել ձայնը: Բուդաղյանների փաստաբանի խոսքով՝ քանի որ ինքը չի ծանոթացել քրեական գործի բոլոր նյութերին, չի կարող ասել՝ որևէ քննություն արվե՞լ է իր պաշտպանյալի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Լորետա Բարսեղյանն ասել է` «Սուրի՛կ, էս ի՞նչ արեցիր»: Սուրիկ Խաչատրյանի կողմը ժխտում է այդ հայտարարությունը:
Հայկ Ալումյանը դատարանին բողոքարկել է քննիչի կայացրած երեք որոշումները. դրանցից մեկով քննիչը դադարեցրել էր քրեական հետապնդումը` Տիգրան Խաչատրյանի, մյուսով՝ Զարզանդ Նիկողոսյանի, երրորդով՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ. առաջին երկու որոշումները քննիչը պատճառաբանել էր նրանով, որ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, իսկ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր նրա մահվան պատճառով: Փաստաբանի այս երեք բողոքները քննվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Քննիչը քրեական գործի բոլոր նյութերը դատարան չի ներկայացրել. նախաքննական մարմինն իր ընտրությամբ դատարան է ներկայացրել 210 էջ նյութ: Հ. Ալումյանի խոսքով՝ ամբողջ քրեական գործը բաղկացած է մոտավորապես 2500 թերթից: Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմնի այս գործողությունն իրեն լրացուցիչ հիմք է տալիս մտածելու, որ նրանք այս քրեական գործով թաքցնելու բան ունեն:
Ըստ փաստաբանի, ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածը սահմանում է. վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է դատարանին ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը: «Բողոքի վերաբերյալ բոլոր նյութերն այս դեպքում քրեական գործի ամբողջ նյութերն են: Այդ վերապահումն օրենքն անում է այն դեպքերի համար, երբ, ենթադրենք, քրեական գործը բազմադրվագ գործ է, տարբեր դրվագներ տարբեր ժամանակ տեղի ունեցած հանցավոր գործողություններ են, ենթադրենք՝ մի բողոքը վերաբերում է դրվագներից մեկին կամ մեղադրյալներից մեկին, որը, ասենք, չի առնչվում մնացած մեղադրյալների կամ մնացած դրվագների հետ, այդ դեպքում՝ օգտվելով այդ վերապահումից, նախաքննական մարմինը կարող է միայն այդ դրվագի վերաբերյալ նյութերը ներկայացնել դատարան՝ մնացած դրվագները պահելով իրեն: Բայց այս դեպքում գործը վերաբերում է միայն մեկ դրվագին, մեր բողոքը վերաբերում է միայն այդ դրվագին, ամեն ինչ վերաբերում է այս դեպքին»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարցին` արդյոք դատարանը հնարավորություն չունի՞ ներազդելու նախաքննական մարմնի վրա, փաստաբանը պատասխանեց. «Դատարանը հնարավորություն ունի ներազդելու, եթե դատարանի վրա չներազդեն»:
Հ. Ալումյանի երեք բողոքներով էլ արդեն տեղի են ունեցել մեկական դատական նիստեր: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են դատավորները քննել իր բողոքները: «Սարսափած գործից և նախաքննական մարմնից, որովհետև, երբ ես դատավոր Մկրտչյանի վարած դատական նիստի ժամանակ միջնորդեցի ներկայացնել գործի նյութերը, և դատավոր Մկրտչյանն ասաց` ներկայացնել գործի նյութերը, պաշտպան Ալումյանի միջնորդությունը բավարարել, ես տեսա`՝ ինչ հայացքով իր վրա նայեցին քննիչը և դատախազը, և միանգամից դատավորն ուղղեց իրեն և ասաց` այս 210 էջը տրամադրեք փաստաբան Ալումյանին, թեև իմ միջնորդությունը բոլորովին դրա մասին չէր:
Ամեն ինչ պարզ է` իրենք ամեն ինչ անելու են, որ մենք գործի նյութերը չստանանք, բայց մի բանն էլ ավելի քան պարզ է. միևնույն է, մենք դրանք ստանալու ենք, ուսումնասիրելու ենք, և այս գործով արդարությունը վերականգնվելու է: Հարցը միայն նրանում է, թե երբ դա տեղի կունենա, ու քանի մարդ կհասցնի այս ընթացքում իր անունն ապականել»,- ի պատասխան` ասաց Բուդաղյանների փաստաբանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ նախաքննական մարմինն այժմ արհեստականորեն ձգձգում է նախաքննությունը. տարբերակ են փնտրում գործը դատարան չհասցնելու համար: «Այս ամեն ինչը խավարից պիտի դուրս գա: Այս ամեն ինչը պիտի ստվերից դուրս գա: Երբ որ ամեն ինչ լինի հրապարակային, իրենց կողմից քողարկելու, կեղծիքների հավանականությունն ու հնարավորությունները կտրուկ կնվազեն:
Ես չեմ ասում, որ մեր դատարաններն իդեալական են, բայց մի բան է, երբ որ մենք հիմա պայքարում ենք` ունենալով տեղեկություն ընդամենը նյութերի 8 տոկոսի մասին, և մի բան է, երբ մենք մեր փաստարկները կներկայացնենք` ունենալով գործի բոլոր նյութերը: Այսօր մեզ ասում են՝ դուք համոզվա՛ծ եղեք, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, այն մարդը, ով ուզում է` ուրիշները համոզված լինեն, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, ինքը չի թաքցնի իր որոշման հիմքում ընկած նյութերը: Ինքը շահագրգռված կլինի, որպեսզի այդ նյութերը հնարավորին ներկայացվի: Իրենք սիրում են գործել խավարի մեջ»,- ասաց նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դատարանը նույն կերպ գործը չի քննի, ինչպես նախաքննական մարմինը:
«168 ԺԱՄ»