Քուրդ-թուրք բախումներն ու տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները
Քրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։
Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձավ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման և հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առևանգման, տարբեր դավանապատկան եկեղեցիների աւերման, ռմբակոծման և հոգևոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։
Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (եւ ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանաւանդ, որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։
Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջև։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երևույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։
Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում ինչ տեսակ կենտրոններից են ֆինանսաւորվում և զինվում։ Այլ աղբյուրներ վկայակոչելը այս հանգրւանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։
Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից և աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միևնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «Քաիդայի» առնչակից խմբավորումներին որևէ աջակցություն չի ցուցաբերել։
Թուրքիայի արտգործնախարարի կատարած հայտարարության մեջբերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։ Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութողլուի, այսպիսով մեկուսանում է իր հակադրությամբ։
Թէ որքանո՞վ է Անկարային հաջողվում Թուրքիայի քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքա՞ն ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ Դավութողլուն առանց հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «Քաիդան» ֆինանսաւորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են իբրև թե դեպի Անկարա…
Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր