
Մյուս երկրները նույնպես տեղեկատվություն են հավաքում օտար առաջնորդների մասին. Կլեպեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկատվություն են հավաքում օտարազգի քաղաքական առաջնորդների մասին, սակայն մյուս երկրները, այդ թվում նաև Եվրոպայում ԱՄՆ-ի մերձակա դաշնակիցներն անում են նույնը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) էլեկտրոնային գաղտնալսում չի իրականացրել միլիոնավոր եվրոպացիների հանդեպ՝ ի հակադրումն մի շարք ԶԼՄ-ների նմանատիպ պնդումների:
Այս մասին երեկ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել են ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը և NSA-ի ղեկավար, գեներալ Կիտ Ալեքսանդերը:
Նրանց հետ միասին Ներկայացուցիչների պալատի հետախուզական գծով հանձնաժողովի անդամների հարցերին 3 ժամ շարունակ պատասխանել են նաև NSA-ի փոխտնօրեն Քրիս Ինգլիսը և արդարադատության փոխնախարար Ջեյմս Քոուլը:
Օրենսդիրների բազմաթիվ հարցեր կրել են «հարմարավետ» բնույթ, մասնավորապես չի բարձրացվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու և տվյալ հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իրազեկվածության հարցը: Ընդհանուր առմամբ, օրենսդիրները աջակցել են NSA-ի գործունեությանը: