Վարդան Պետրոսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հաարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով՝ այսօր Վարդան Պետրոսյանի վերակենդանացման բաժանմունքից պալատ չի տեղափոխվի: Բժիշկները դերասանի առողջական վիճակը գնահատում են կայուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել էին: Ըստ ոստիկանության՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):