Ինչպես գործազուրկներին վերածել սոված գործազուրկների
Մեծ սենյակ: Մեջտեղում` շրջանաձև շարված 10-12 աթոռ: Նստած են հասուն տարիքի տղամարդիկ ու կանայք: Տղամարդկանցից մեկը` հաղթահարելով բարդույթներն ու ամոթը, վեր է կենում ու սկսում խոսել. «Ես Վալոդն եմ, 42 տարեկան, նախկինում` ինժեներ: Հիմա` գործազուրկ…»: Մի պահ լռում է, կարծես ամաչելով իր գործազուրկ լինելու մասին խոստովանությունից, հետո որսալով քիչ հեռվում նստած վայելչատես կնոջ քաջալերող հայացքը` շարունակում է. «Այո, ես գործազուրկ էի` հոգով գործազուրկ, հոգով նպաստառու, որովհետև ես պորտաբույծի նման ամսական ստանում էի 18.000 դրամ ու այդ փողով շռայլ կյանք վարում` առանց մտածելու աշխատանք փնտրելու մասին: Ես ապրում էի գործազուրկի հոգեբանությամբ` իմ աշխատող համաքաղաքացիների հաշվին»:
Հետո նկատելով, որ ունկնդիրներն իրեն ուշադրությամբ են լսում` շարունակում է ավելի ոգևորված. «Բայց մի օր մեր կառավարությունը՝ Ազգային ժողովի օգնությամբ, ինձ զրկեց այդ 18 հազար դրամիցգ Հանուն ինձ: Ու ինձ ուղարկեց այստեղ` պետական հոգեբանի մոտ, ու ես ուղղվեցի: Մեր կառավարության մեծահոգության ու տաղանդի շնորհիվ` ես, իմ քեռու տղան, հարևանը, հարևանիս աներն ու էլի շատ մարդիկ այլևս չենք ստանում ամսական 18 հազար դրամ: Ես այլևս նպաստառուի հոգեբանություն չունեմ: Ես հաղթահարեցի այն»:
Հնչում են ծափահարություններ: Նրանք, ովքեր նոր են մասնակցում այս դասընթացներին, բարի նախանձով են նայում Վալոդին: Ճիշտ է, նրանք արդեն կատարել են առաջին քայլը (կամ` նրանց փոխարեն` դա կատարել են)` չեն ստանում ամսական 18.000 դրամը, սակայն «նպաստառուի հոգեբանությունը» դեռ չեն հաղթահարել: Նրանք պետք է կուրսերի հաճախեն:
Սա ամերիկյան սցենարով հայկական սերիալի դրվագ չէ: Սա մեր ապագայի շատ հավանական տարբերակներից մեկն է: Որովհետև, ընդունելով «Զբաղվածության մասին» օրենքը, մեր իշխանությունները մի մեծ հայտնագործություն արեցին` պարզվեց, որ Հայաստանի գործազուրկներին վճարվող ամսական 18.000 դրամն աստաբաշխական թիվ է: Այնքան մեծ, որ դրանով կարելի է 1 ամիս պահել ընտանիքը` ոչինչ չանելով, ոտքերը բազմոցին գցած: Եվ որպեսզի ազգը չվերածվի անբանների` հարկավոր է նրանց զրկել այդ 18.000 դրամից, որպեսզի դուրս գան և աշխատեն, փոխեն իրենց հոգեբանությունը և 18.000 դրամով շվայտ ապրելու սովորությանը վերջ տան: Եվ զրկեցին՝ իրենք իրենց արածից անչափ հպարտ:
Օրինակ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել է, որ «Զբաղվածության մասին» օրենքի ընդունման արդյունքում` իշխանությունը ոչ թե նպաստում է, որ իր քաղաքացին «հարմարվի մի քանի կոպեկ նպաստին, այլ մղում է հսկայական աշխատուժին` վերամասնագիտանալ, վերադառնալ գործի, այսօրվա աշխատանքային շուկային համապատասխան իր տեղը կյանքում գտնել»:
«Զբաղվածության մասին օրենքը պոմպի պես է` մղում է այն մարդկանց, ովքեր ունակ են աշխատելու, աշխատանքի, և ոչ թե շարունակի մնալ նպաստավորի կարգավիճակում, նպաստառուի հոգեվիճակում: Նպաստառուական հոգեբանությունից ու համակարգից դուրս գալ է պետք, սա կարևոր է»,- ասել է նա:
Այսքանից հետո ամենևին չենք զարմանա, եթե մի օր էլ կառավարության հատուկ որոշմամբ անվճար հոգեբանական դասընթացներ անցկացվեն գործազուրկների համար` նրանց մեջ «նպաստառուի հոգեբանությունն» իսպառ արմատախիլ անելու համար: Եվ տարիներ անց նախկին գլխավոր ինժեներ Վալոդը, ֆայլա բազարի պատի տակ կանգնած` կհիշի այն օրը, երբ հայրն իրեն առաջին անգամ գործարան տարավ ու ասաց, որ Սովետում գործազուրկներ չկան: Վերապատրաստվելուց և աշխատանք փնտրելու բազում անհաջող փորձերից հետո (որովհետև գտնել հնարավոր է մի բան, որը կա) նա կհասկանա, որ վաղուց արդեն նպաստառուի հոգեբանությամբ ապրող մարդ չէ, սակայն… նույն գործազուրկն է՝ պարզապես ավելի աղքատ և սոված:
Ու չնայած Վալոդի ու նրա նման հազարավոր մարդկանց սպասվող այս հեռանկարին՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից 18 հազար դրամներն այլևս չեն վճարվի: Նախաձեռնության դեմ հնչող բազում քննադատությունները ոչ ոք բանի տեղ չդրեց: Հանուն արդարության` նշենք, որ գործազրկության նպաստի շուրջ բանավեճն առկա է գրեթե բոլոր զարգացած երկրներում:
Օրինակ, նույն ԱՄՆ-ում, աշխատող ու հարկեր վճարող քաղաքացիների մեծ մասը դժգոհ է, որ ինքը պետք է աշխատի, հարկեր վճարի, և ինչ-որ գործազուրկ (կամ` homeless) իր հաշվին ամսական 1000 դոլարից ավելի նպաստ ստանա ու էլի շատ արտոնություններ: Սակայն նրանց դեպքում դժգոհությունը տեղին է, որովհետև ԱՄՆ-ում 1000 դոլարով հնարավոր է գոնե սովից չմահանալ: Եվ շատ դեպքերում մարդիկ ոչ թե աշխատանք չեն գտնում, այլ նախընտրում են ոչինչ չանել ու հանգիստ ծախսել ամսական 1000 դոլարը:
Ապրել ոչ շատ լավ, բայց անհոգ ու ուրիշների հաշվին: Այ նրանց դեպքում իրոք հոգեբանությունը փոխելու խնդիր կա: Իսկ մեզ մոտ այդ մասին մտածելն անգամ ծիծաղելի է, երբ հիշում ես նպաստի չափը` 18.000 դրամ: 6 կգ տավարի միս: Մեկ զույգ կոշիկ` 50%-ով զեղչած: Կամ` մեկ ամսվա գազի գին ու օրական կես հատ հաց: Իրոք, ճոխություն է, որը մարդուն թույլ չի տալիս վերամասնագիտանալ ու աշխատել: Կամ` մեկ ամսվա ինտերնետի վճար ու ծխախոտ, որի պատճառով հասուն տղամարդը առավոտից երեկո ինտերնետով նարդի է խաղում` ծխելով, ու չի մտածում անգամ ուտելու մասին, ուր մնաց` աշխատելու:
Մինչդեռ ծիծաղելու ոչինչ չկա, որովհետև մեր պետությունը սրանով միանգամից երկու խնդիր է լուծում:
Նախ` նպաստի փողերով կարող է ավելի շքեղ ծառայողական մեքենաներ ձեռք բերել ու չարտերային չվերթերով մեկնել անիմաստ գործուղումների: Եվ երկրորդ` սրա արդյունքում նվազելու է գործազրկության պաշտոնական ցուցանիշը, որովհետև շատերը կդադարեն պաշտոնապես գրանցվել որպես գործազուրկ, եթե ամսական նպաստ չեն ստանալու:
Սակայն ամեն ինչ միանշանակ չէ. Հայաստանում էլ կա հոգեբանության փոփոխության խնդիր: Ոչ թե գործազուրկների, այլ պաշտոնյաների: Որովհետև նրանք վարձատրվում են ժողովրդի հաշվին ու, ըստ էության, ոչինչ չեն անում (կամ անում են, բայց այնքան վատ, որ չանելն ավելի ձեռնտու կլիներ):
Նրանք ստանում են աշխատավարձ ու կողմնակի եկամուտ, ծառայողական մեքենա, հարմար կաբինետ՝ փափուկ բազկաթոռով, ևգ նվաճում են Angry Birds խաղի բարձունքները:
Տնտեսության ակտիվությունն անկում է ապրում, խնդիրները խորանում են, աղքատությունը` մեծանում, արտագաղթի ծավալները` ձնագնդի պես մեծանում, սակայն ոչ մի ռեալ քայլ չի արվում՝ վիճակը շտկելու համար: Ըստ այդմ` կարելի է մի հետաքրքիր առաջարկ անել. զրկել բոլոր պետական պաշտոնյաներին աշխատավարձից կամ այն դարձնել «գործարքային»: Հոգեբանությունը փոխելու ազնիվ նպատակով կարելի է աշխատել հետևյալ սկզբունքով՝ որքան երկրիդ վիճակը բարելավվի, այնքան էլ կստանաս:
Կապահովե՞ս տնտեսական աճ, բարեկեցություն, աշխատատեղեր, ներդրումների հոսք, մրցակցություն և այլն, կստանաս ապահովածդ բարիքներին համապատասխան վարձատրություն` ըստ գործակիցների: Իսկ հակառակ դեպքում` եթե գրանցվի ոչ բավարար տնտեսական աճ, աղքատության խորացում, բարձր գնաճ ու արտագաղթ, ապա ոչինչ չես ստանա: Այ սա կլինի պատասխանատվություն ու իսկապես կարող է փոխել ոմանց հոգեբանությունը` մղել նրանց մասնագիտանալու ու աշխատելու:
Իհարկե, այս առաջարկը կարող է անհեթեթ թվալ, սակայն այն ամբողջովին տեղավորվում է իշխանությունների տրամաբանության մեջ` անաշխատ փողից զրկելը մարդուն դրդում է աշխատել: Ի վերջո, եթե ԱՄՆ-ում հարկատուների վզին նստած են գործազուրկները, ապա այստեղ նստած են պաշտոնյաները, որոնց «միջին քաշն», ի դեպ, ավելի ծանր է. Հայաստանի մեկ պաշտոնյան ժողովրդի վրա ավելի թանկ է նստում, քան մի քանի հարյուր գործազուրկները:
Սակայն մեր պետական պաշտոնյաներն անձնազոհ են, ինչ-որ տեղ` նաև մազոխիստական հակումներով: Որովհետև իրենք իրենց նկատմամբ հակառակն են անում` բարձրացնում են վարձատրությունը, որպեսզի վերանան նորմալ, ազնիվ, ժողովրդի բարեկեցությունը մեծացնելու ուղղությամբ աշխատելու բոլոր խթանները: Այսինքն` մեր իշխանությունը գործազուրկների մեջ կոտրում է նպաստառուի և «անկյալի» հոգեբանությունը, իսկ ինքն իր ներսում` զարգացնում է դա:
Դա էլ, ի դեպ, իր բացատրությունն ունի: Այն թաքնված է պոմպի սկզբունքի մեջ: Հիշեցնենք, որ ըստ Հերմինե Նաղդալյանի` «Զբաղվածության մասին» օրենքը պոմպ է, որը մարդկանց մղում է վերամասնագիտանալ ու աշխատել: Իսկ ցանկացած պոմպ, մի կողմից` մղում է, մյուս կողմից` քաշում: Տվյալ դեպքում` պետական պաշտոնյաները պոմպի հակառակ ծայրում են:
«168 ԺԱՄ»