Լևոններից մեկը կդառնա նախագահ

Նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման վեց տարին: Զաքարյանն այդ պաշտոնում առաջադրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 104 «կողմ» և 5 «դեմ» ձայն` ընտրվել էր Վերահսկիչ ալատի նախագահ: Մինչև ՎՊ նախագահ ընտրվելը Իշխան Զաքարյանը՝ լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, այդ կուսակցության քվոտայով զբաղեցնում էր ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը:

Վեց տարի անց Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանի անունը չի շրջանառվում` որպես ՎՊ հաջորդ նախագահի թեկնածու: Ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, Վերահսկիչ Պալատի նախագահի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Իշխան Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նույն աղբյուրները պնդում են, թե ավելի մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ԱԺ կներկայացնի Լևոն Մարտիրոսյանի թեկնածությունը: Նման պնդման համար հիմք է հանդիսանում Սերժ Սարգսյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնում իրականացրած նախորդ կադրային փոփոխության տրամաբանությունը:

Գևորգ Կոստանյանը և Լևոն Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել են նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականների պաշտոնները: Գևորգ Կոստանյանը մինչև գլխավոր դատախազ նշանակվելը` նշանակվեց զինվորական դատախազ, իսկ Լևոն Մարտիրոսյանը գրեթե մեկուկես տարի ԱԺ պատգամավոր է, իսկ դա ՎՊ նախագահ դառնալու համար հարմար ցատկահարթակ է: ՎՊ նախկին բոլոր ղեկավարները, այդ պաշտոնին նշանակվելուց առաջ, եղել են պատգամավորներ: ՎՊ նախագահի մյուս թեկնածուն` Լևոն Յոլյանը ևս Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից է, և վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:

Վերահսկիչ պալատը չափազանց ազդեցիկ կառույց է, քանի որ ունի լիազորությունների բավական լայն շրջանակ: Իշխան Զաքարյանը` Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց և հատկապես 2008թ. նագահական ընտրություններից հետո, ակտիվ գործունեություն էր ծավալել՝ աչքի ընկնելով սկանդալային բացահայտումներով, որոնք վերաբերում էին բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործմանը կամ յուրացմանը:

Այդ ստուգումների արդյունքում պետական բյուջե էին վերադարձվում տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամներ: Զաքարյանը նույնիսկ ստուգումներ սկսեց ԲՀԿ-ական նախարարություններում` Քաղաքաշինության և Առողջապահության նախարարություններում ևս բացահայտելով բազմաթիվ թերացումներ, որոնց արդյունքում` վատթարացան նրա հարաբերություններն իր նախկին կուսակցական ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Բայց այն ժամանակ Իշխան Զաքարյանն իրեն բավական ամուր և պաշտպանված էր զգում, քանի որ վայելում էր նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը:

Զաքարյանի վիճակը կտրուկ վատթարացավ այս տարվա հունիսի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո: Խորհրդակցության ժամանակ Սարգսյանը ոչ միայն դժգոհեց ՎՊ-ի այլ նաև անձամբ Իշխան Զաքարյանից:

«Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք Դատախազության մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Եթե գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»,- հայտնի խորհրդակցության ժամանակ դեմքի խիստ դժգոհ արտահայտությամբ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այն ժամանակ սպասվում էր, որ Իշխան Զաքարյանն ամեն օր կարող է հրաժարական տալ, բայց Զաքարյանը գերադասեց աշխատել մինչև իր պաշտոնավարման ավարտը: Անցած չորս ամիսների ընթացքում Վերահսկիչ պալատն այլևս հանդես չեկավ ցնցող բացահայտումներով, պետական միջոցների յուրացումների և չարաշահումների գործեր չուղարկվեցին Դատախազություն կամ այլ իրավապահ մարմիններ: Իշխան Զաքարյանի էնտուզիազմը, որ կար նշանակման առաջին շրջանում և թուլացել էր տարիների ընթացքում, ընդհանրապես մարեց: Այնպես որ, նրա չվերանշանակումը տրամաբանական է և բացատրելի: Պետք է այնպիսի ՎՊ նախագահ, ով, ինչպես 2008-ին՝ վայելում է Սերժ Սարգսյանի աջակցությունը և վստահությունը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս