«Չներել ստախոսին, չխոնարհվել գռեհիկին, չվախենալ մարդասպանից, չհանդուրժել անարդարություն …». բաց նամակ Զորի Բալայանին

Բաց նամակ «Ոսկե արծիվ» և «Արիության համար» շքանշանակիր Զորի Հայկի Բալայանին.

«Մեծարգո Զորի Հայկի: Անկախ Վ. Վ. Պուտինին Ձեր հղած բաց նամակի հանդեպ մեր Ժողովրդի դրական կամ բացասական վերաբերմունքից՝ հազիվ թե, որևէ մեկը կասկածում է Հայրենքի հանդեպ Ձեր սիրո և անձնվիրության մեջ: Ժողովուրդը լսեց Ձեզ: Եվ դա ամենաարժեքավորն է: Իրական վերաբերմունքը միայն անուղղակիորեն է առնչվում Ձեր նամակին:

Դաշնակցի հանդեպ վերաբերմունքի կողմնորոշման հարցում ոչ վերջին դերն է խաղում նրա հզորությունը: Իսկ Հայկական երկրի զորեղությունը առաջին հերթին որոշվում է Ժողովրդի առողջ ու համախմբված վիճակով: Այս իրողությունների ակնհայտությունը բարդ է հերքել:

Կարծում եմ ավելորդ է բացատրել, թե ինչ ասել է «Ժողովրդի առողջություն»: Ավելորդ է այստեղ ներկայացնել տարեցտարի, երկար տարիներ իմ Ժողովրդին անթափանց ճնշող ցավերի ու աղետների երկար ցուցակը: Նա անգամ չունի լավ բանի հույս: Խնդիրն, այնուամենայնիվ, աղետների ու ցավերի մեջ չէ:

Խնդիրն այն փոքրաթիվ, ոչ հավակնոտ, անթերի հեղինակության ու վստահության ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ մեջ է, որոնց ընդունված է անվանել Ազգի Խիղճ: Նրանց, ովքեր ի զորու են իմ Ժողովրդին տալ և՛ հույս, և՛ ոգի, և՛ սիրտ: Դա, բնականաբար, չի նշանակում, որ չկան արժանի մարդիկ, որոնք ունակ են պատվով կրել այդ բեռը:

Այդպիսի մարդիկ կան: Հնարավոր է՝ նրանք պարզապես ցանկություն կամ քաջություն չունեն՝ սեփական դատողություններն ու կոչերը սեփական խոհանոցից դուրս հասունացնելու համար: Իմ Ժողովուրդն ունի բավականաչափ գիտակցություն և ուղեղ՝ արժանավայել խորհուրդներին անսալու համար:

Իմ Ժողովուրդն ունի բավականաչափ Քաջություն ու Կամք՝ նրանց հետևելու համար: Եվ վերջապես, ի հակադրումն բոլորի՝ անհավասարաչափ պատերազմում հաղթած իմ Ժողովուրդն ունի բավականաչափ ուժ, ձգտում և խելամտություն՝ հաղթահարելու համար բոլոր դժվարությունները և պայքարելու համար բոլոր դժբախտությունների ու ցավերի դեմ:

Սակայն այսօր այդ արժանի ուշադրության ու վստահության թվում իմ Ժողովրդում չկա մեկը, ով ուղղակիորեն կդիմեր Նրան և կխոսեր Նրա հետ՝ Նրա կենսականի ու առօրյայի մասին: Ճիշտն ասած, ուղիղ և անկեղծ, առանց պաթոսի և քաղաքական կոռեկտության: Այդպիսիններ ՉԿԱՆ քաղաքական գործիչների շրջանում: Այդպիսիններ ՉԿԱՆ հոգևորականության շրջանում:

Մնում է հուսալ, որ էրբևէ կստացվի դա: Եվ նրանք երբևիցե բաց նամակով կդիմեն Ժողովրդին: ՉՆԵՐԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ, ՉԽՈՆԱՐՀՎԵԼ ԳՌԵՀԻԿԻՆ, ՉՎԱԽԵՆԱԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՑ, ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կոչով: Ստախոս տիրակալների ամենաթողտվությունից, ունևոր գռեհիկների չարաշահումներից, իշխանական հանցագործների կամայականություններից, ծախու դատավորների ամենազորությունից չտառապելու համար:

Եվ իշխանությանն արած կոչով՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ թողնել կերակրել ԻՐԵՆ՝ վստահ լինելով, որ Նա կսնի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ իշխանություն: Սրտանց և մեծահոգի: Ի սրտե և հոգվույն: Եվ այդ ժամանակ Ժողովուրդը կիմանա, թե Իր որդիներից ու դուստրերից ով ունի Իր ԽԻՂՃԸ: Եվ իշխանությունը կիմանա, որ նա ԾԱՌԱՅՈՒՄ Է Ժողովրդին, և ոչ թե Ժողովուրդը՝ նրան:

Եվ որ Ժողովրդի հարգանքը և անառարկելի հնազանդությունը շահելու ամենահեշտ եղանակը Նրա Կամքով ընթանալն է: Եվ այդ ժամանակ Ժողովուրդը ձեռնամուխ կլինի իր խնդիրների լուծմանը՝ բուռն հակումով և տաղանդով, ինչպես որ միայն Նա է կարողանում անել դա: Եվ հնարավոր է՝ անգամ թույլ տա հիմնել ժառանգական իրավահաջորդություն իշխանավորների համար:

Որովհետև Ժողովուրդը թքած ունի և՛ իշխանավորների, և՛ նրանց աթոռների վրա: Քանի դեռ Նրա Կամքը տնօրինում է այդ բարձր կաբինետները: Ընդունված է համարել, որ Ժողովրդի զանգվածային դժգոհությունն սպառնում է հեղափոխությամբ, հուզումներով, արյամբ: Դա այդպես չէ: Ժողովուրդը չունի անիմաստ փոփոխությունների (վատին վատով փոխարինելու) կարիք:

Դրանով էլ բացատրվում է համընդհանուր անտարբերությունը քաղաքական գործիչների ու քաղաքականության նկատմամբ, ընդդիմության խղճուկ անօգնականությունը, իշխանությունների ողբերգազավեշտությունը:

Պետք է ընդամենը Ժողովրդին ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ: Իսկ Ժողովուրդն այնքան էլ չի ցանկանում սովյալ և ոչ այնքան բարեկամ հաջորդ խմբի օգտին անել իշխանափոխություն: Եվ այդ իրողությունն ինքնին ակնհայտ է: Որովհետև ուժեղ ու առողջ Ազգի համար միևնույն է, թե ով է իշխանության ղեկին:

Իսկ ուժեղ Ժողովրդի դաշնակիցները արժևորում և պահպանում են Նրա հետ միությունը՝ անկախ Նրա տիրակալների ինքնությունից: Եվ անկախ Նրա արժանի որդիների նամակների ու դիմումների բովանդակությունից ու տառերից»:

Հարգանքներով՝

Արա Սարգսյան,
Ֆիլադելֆիայի La Salle համալսարանի պրոֆեսոր,
ԱՄՆ բանակի հրահանգիչ

Տեսանյութեր

Լրահոս