Վահագնի գյուղի դպրոցի մոտ տեղադրվել է Անտոն Քոչինյանի կիսանդրին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզում այսօր ներկա գտնվեց Խորհրդային Հայաստանի պետական գործիչ Անտոն Քոչինյանի (1913-1990թթ.) ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ա. Քոչինյանի ծննդավայր Վահագնի գյուղի դպրոցի մոտ տեղադրվել է անվանի գործչի կիսանդրին (քանդակագործ` Սարգիս Ղարիբյան), որի բացման հանդիսավոր արարողությունն էլ կայացավ այսօր: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հոբելյանի անցկացման կառավարական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բազմաթիվ հյուրեր:
Հյուրերը շնորհավորեցին լոռեցիներին եւ Վահագնիի բնակիչներին` տոնական միջոցառումների կապակցությամբ: Վլ. Մովսիսյանի խոսքով` Վահագնիի բնակիչները պետք է հպարտանան, որ նման հայրենակից են ունեցել, իսկ մատաղ սերնդի համար նրա կյանքն ու անցած ուղին հայրենասիրության իսկական օրինակ կարող է լինել: Ըստ նրա` Քոչինյանը Խորհրդային Հայաստանի ականավոր պետական գործիչներից էր, ով բավականին երկար՝ ավելի քան 13 տարի, աշխատել է որպես Մինիստրների խորհրդի նախագահ եւ այդ տարիներին, նրա իսկ անձնական ջանքերի շնորհիվ, կյանքի են կոչվել կամ նախաձեռնվել են Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:
Միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր նաեւ Ա. Քոչինյանի հոբելյանին նվիրված համերգային ծրագիր:
Փոխվարչապետն այնուհետեւ հանդիպեց բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին համայնքում առկա խնդիրները: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով վերանորոգվելու է դպրոցի մարզադահլիճը, որի համար նախատեսվում է հատկացնել 60 մլն դրամ:
Բնակիչները բարձրացրեցին նաեւ գյուղատնտեսական մթերքի, մասնավորապես, մսամթերքի իրացման խնդիրն ու մասնագիտացած սպանդանոցների անհրաժեշտության հարցը: Փոխվարչապետը խոստացավ խնդիրը ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` առաջարկելով ուսումնասիրել նման ծրագրի իրականացման հնարավորությունը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին