Վիլնյուսում չի կարող որևէ լուրջ համաձայնագիր ստորագրվել
Հարցազրույց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար,
վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ
– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լիտվայի խորհրդարանի` Սեյմի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այնուամենայնիվ, մասնակցելու է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Արդյոք Հայաստանը ստորագրելո՞ւ է Եվրոպայի հետ համագործակցության նոր փաստաթուղթ, թե՞ այցը, ինչպես շատերն են ասում, ձևական բնույթ է կրելու:
– Նախ` պետք է հաշվի առնենք, որ գագաթաժողովին հրավիրված են նաև Արևելյան գործընկերության պետությունները, և անկախ նրանից, թե հրավիրված պետությունները ստորագրելո՞ւ են որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ, նրանք ներկա են լինելու արարողությանը: Թե ի՞նչ կարելի է այս մեկ ամսվա մեջ պատրաստել, որ մենք ստորագրենք… պարզ է, որ այդ փաստաթուղթը չի լինի ոչ Ասոցացման համաձայնագիրը, ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը, որովհետև այս փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ է երկու հանգամանք:
Առաջին` Եվրամիությունը պետք է ճշտի Հայաստանի այսօրվա` արդեն ձևափոխված կարգավիճակը: Եվրոպան պետք է իր համար ճշտի, թե Հայաստանը հիմա երկրների ո՞ր շարքին է դասում, որպեսզի սրան համապատասխան` մշակի նոր համաձայնագրի նախագիծ: Գիտեք, որ Եվրամիությունն ամենատարբեր երկրների հետ ասոցիացման համաձայնագիր է կնքել և շարունակում է կնքել, անգամ խորը աֆրիկյան պետությունների հետ, այնպես որ, որևէ ձևաչափ մեզ համար էլ կգտնվի: Հայաստանին պարզապես ընձեռված էր հնարավորություն` ստորագրել Խորը և համապարփակ համաձայնագիրը և ասոցացման համաձայնագիրը գոյություն ունեցող կարգավիճակներից ամենաբարձրով: Բայց Հայաստանը չօգտվեց այս հնարավորությունից:
Փաստաթղթերի ստորագրման երկրորդ անհրաժեշտ պայմանն ավելի երկարատև է: Եվրոպան որոշ գործոններ հաշվի առնելով` ստեղծված իրավիճակ, սուվերենության պակաս, ՀՀ ներմուծման և արտահանման տուրքերի նշանակման հնարավորության բացակայություն, մաքսային տեսակետից առևտուրը կարգավորելու հնարավորություն չունենալը, և այլն, հնարավոր է` սկսի բանակցային նոր փուլ, որը կարող է տևել մեկ տարի, երկու տարի, չորս տարի… Բայց մի բան հստակ է` Վիլնյուսում չի կարող ստորագրվել որևէ լուրջ համաձայնագիր:
– Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե նոյեմբերին Վիլնյուսում իրենք ստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը:
– Հնարավոր է` որոշ նկատառումների մասին մեմորանդումի տեսքով արձանագրություն ստորագրվի, բայց ոչ երբեք` Ասոցացման համաձայնագիրը: Այստեղ մի խորամանկություն է տեղի ունենում` Հայաստանը որևէ մի ասոցիացման պայմանագիր Եվրոպայի հետ, ի վերջո, ստորագրելու է, բայց դա չի լինելու այն ասոցիացման համաձայնագիրը, որի մասին խոսվում էր, և ներկայացնելու է այն` որպես այդ սպասված Ասոցացման համաձայնագրի ստորագրման ընթացք: Այդ նոր պայմանագիրը կարող է լինել Ադրբեջանի Ասոցացման պայմանագրից անգամ ավելի ցածր մակարդակի…
– Այսինքն` մտահոգություն ունեք, որ կստորագրեն Ասոցացման ավելի ցածր մակարդակի մի փաստաթուղթ ու կներկայացնեն այն` որպես Ասոցացման համաձայնագիր, որի շուրջ բանակցություննե՞ր վարվեցին:
– Այո: Պարզապես ես չգիտեմ` ի՞նչ կստանա իշխանությունը` ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով: Մտածում են, որ իրենց համբավը կբարձրանա՞ ժողովրդի մեջ, թե՞… Միջազգային հանրությունն ամեն ինչ հասկանում է, և նրանց մոտ այդ խորամանկ, դեմագոգ դիվանագիտությունը չի անցնի: Մարդիկ հասկանում են, որ Հայաստանը զրկվեց հնարավորությունից: Մեր հասարակությունն էլ «ինչ-որ» փաստաթուղթ Եվրոպայի հետ ստորագրելուց հետո ավելի շատ չի սիրելու իշխանություններին: Եթե իշխանությունը թյուրիմացության մեջ գցի սեփական ժողովրդին, պարզապես ոչ ազնիվ կլինի իր նկատմամբ:
– «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկի` Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը նշել է, որ հնարավոր է` Եվրոպայի և Հայաստանի միջև «ինչ-որ փաստաթուղթ հայտնվի սեղանին» Վիլնյուսի գագաթաժողովից հետո:
– Այդ «ինչ-որ» բան ստորագրելու հասկացությունը հենց Հայաստանի իշխանություններից եկավ, ինչը ես դրական չեմ համարում: Եկեք իրավական տերմիններով խոսենք: «Ինչ-որ բան»-ն իրավական կատեգորիա չէ: Ասոցացման պայմանագիրը, կարող ենք ասել, գտնվում է մեր քաղաքական աղբարկղում: Խոսքը կարող է գնալ միայն նոր փաստաթղթի ստորագրման մասին, որի պատրաստման համար երկար ժամանակ է հարկավոր. բանակցային նոր փուլ, երկկողմ հանդիպումներ, նոր ծախսեր, գնալ-գալ… Հայաստանի իշխանությունները միշտ նշում են, թե, ի վերջո, որևէ բան տեղի չի ունեցել, և իրենք պատրաստ են Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Բայց դա, կրկնում եմ, չի լինի այն Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններ էին ընթանում: Պետք է անընդհատ շեշտել, որ թյուրիմացության մեջ հետո հասարակությունը չընկնի` կան Ասոցացման համաձայնագրի ամենատարբեր կարգավիճակներ` ամենացածր մակարդակը` ամենացածր պետությունների համար, և ամենաբարձրը, որը կարող էինք ստորագրել: Հիմա, եթե որևէ փաստաթուղթ ստորագրվեց, դա կարող է լինել երկրորդ-երրորդ կարգի պայմանագիր, և ոչ ավելին:
– Եվրոպան կգնա՞ Հայաստանի հետ նոր բանակցություններ վերսկսելու քայլին, եթե, ինչպես Շտեֆան Ֆյուլեն էր հայտարարել, «վստահություն այլևս չկա»: Ինչո՞ւ պետք է Եվրամիությունը կրկին հավատա մեզ:
– Այո, վստահություն չկա: Բայց Եվրամիությունը ոչ շանտաժներով է առաջնորդվում, ոչ էլ բոյկոտի քաղաքականությամբ: Ցանկացած երկրի հետ Եվրոպան` լինելով մեծ խաղացող, ունի հարաբերություններ, որոնք կարգավորելու համար ստեղծվում է այդ համաձայնագիրը:
Նույնիսկ այս իրավիճակում, հաշվի առնելով, որ Հայաստանը չորս տարի թյուրիմացության մեջ է գցում սեփական հասարակությանը, եվրոպական պաշտոնյաներին, այնուամենայնիվ, Եվրամիությունը որևէ հարաբերությունների մակարդակ հանձնելու է թղթին: Եթե քաղաքական առումով նոր ձևաչափը կունենա միջին մակարդակ, մոտավորապես Ադրբեջանի հարաբերությունների պես, ապա տնտեսական առումով` այն կլինի ցածր, անգամ Ադրբեջանի հետ հարաբերություններից ցածր կարգավիճակ պարունակող համաձայնագիր: