Ադրբեջանի առաջադրանքը բլից գործողությամբ ԼՂ-ի շուրջ ընկած բուֆերային գոտին վերադարձնելն է. Le Monde
Ֆրանսիական Le Monde թերթում հրապարակվել է Պետր Սմոլյարի «Սպառազինությունների մրցավազք Լեռնային Ղարաբաղի շուրջ» խորագրով հոդվածը, որում նշված է. «Մասնագետները մտավախություն ունեն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել վատթարագույն տարբերակով:
Սառեցված հակամարտությունների խնդիրը կայանում է նրանում, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այդպիսի մտավախություն ունեն Կովկասի գծով մասնագետները: 1994 թվականի հրադադարից հետո Մինսկի խմբի շրջանակներում տարվող դիվանագիտական ջանքերը դեռ ոչնչի չեն հանգեցրել:
Տարածաշրջանի դիտորդներն ընդգծում են լարվածության աննախադեպ աճի ցուցիչներ, որոնք հիմք են տալիս վախենալ զինված հակամարտության վերսկսումից: Խոսքը միայն փոխհրաձգությունների մասին չէ: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում սիրիացի փախստականներին տեղավորելու մեջ, որի նպատակը սեփական ժողովրդագրական կշռի ուժեղացումն է ու իր ներկայության հավերժացումը:
Երևանի գնահատականներով, երկու տարում երկիր է ժամանել 10.000 սիրիահայ, որոնք սակայն չեն տեղավորվել անկլավում: Ճգնաժամի վերսկսման մտավախությունները բացատրվում են հակամարտող երկու կողմի սպառազինությունների մրցավազքով: Դա ընթանում է Բաքվի ակնհայտ առավելությամբ, ինչի պատճառը հումքի արդյունահանումից ստացվող վիթխարի ֆինանսական ռեսուրսներն են:
2003 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերի համար հատկացրել է 163 միլիոն դոլար: 2013 թվականի ռազմական բյուջեն արդեն կազմել է 3.7 միլիարդ դոլար: Ալիևի խոսքերով` գնվել են մոտ տասնյակ մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ:
Ձեռք են բերվել նաև տասնյակ մարտական ինքնաթիռներ, ՀՕՊ-ի ժամանակակից հրթիռներ, հետևակի մարտական մեքենաներ, ամենաժամանակակից տանկեր, հրետանային համակարգեր, որոնք ունակ են կործանել հակառակորդի յուրաքանչյուր օբյեկտը: 2012 թվականին Իսրայելը համաձայնվել է Բաքվին հատկացնել 60 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Ավելի ուշ նախագահ Ալիևը հայտարարեց, որ մտադիր է Հարավային Կորեայից գնել մոտ 3 միլիարդ դոլարի սպառազինություն` ներառյալ ռազմանավեր, սուզանավեր ու շարժական հրետանային սարքեր: Սակայն Սեուլը չգնաց դրան` չցանկանալով նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Այդ ֆոնին Հայաստանն իր ռազմական բյուջեն մեծացրել է 25 տոկոսով. այն հասել է 450 միլիոն դոլարի:
Սեպտեմբերի 26-ին Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած զեկույցում ընդգծվում է, որ տարածաշրջանում իրավիճակը թվում է հեղհեղուկ և անկանխատեսելի, փխրուն և պոտենցիալ պայթունավտանգ: Այն բանից հետո, ինչ միջնորդական ջանքերը կասեցվեցին, Բաքուն ավելի հաճախ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին: Օդային հարվածները հիշատակվում են որպես յուրաքանչյուր հարձակման նախնական փուլ:
Առաջադրանքը կայանում է նրանում, որ բլից օպերացիայի ընթացքում վերադարձվի այսպես կոչված բուֆերային գոտին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ կերպ ասած` 7 շրջանները: Երևանը ընտրություն է կատարել ոչ թե հօգուտ ԵՄ-ի հետ ասոցիատիվ անդամության և ազատ առևտրի գոտի ստեղծելու, այլ` հօգուտ Մաքսային միության մեջ մտնելու: Պատճառները Ռուսաստանի կողմից ճնշումը չէ կամ արագ տնտեսական շահ ստանալը: Այդ փոքրիկ երկրի գլխավոր մտահոգությունը սեփական անվտանգությունն է:
Իր տարածքում հազարավոր ռուս զինվորների ներկայությունը, ռուսական զենքի ոչ թանկարժեք մատակարարումները, Ռուսաստանի հետ սերտ և բարեկամական հարաբերություններ ունենալու գաղափարը, այս ամենը հանդիսանում է Բաքվի հետապնդած նպատակներից պաշտպանվելու երաշխիք»: