Բաժիններ՝

Արմեն Երիցյան. Աշխարհում առավել հաճախակի են դարձել եղանակային-կլիմայական և հիդրոլոգիական աղետները

Այսօր Երևանում մեկնարկեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հոբելյանական 25-րդ նստաշրջանը:

Այն 2-րդ անգամ է անցկացվում Հայաստանում. օդերևութաբանների առաջին հանդիպումը մեր երկրում եղել է 1998 թվականին:

Մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ 9 երկրից և բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն, ՀՕԿ փոխնախագահ Մյեչիսլավ Օստոյսկին, ՀՕԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն Դիմիտար Իվանովը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, կլիմայի հարցերով խորհրդական և ՀՕԿ պատվավոր նախագահ Ալեքսանդր Բեդրիցկին:

Նստաշրջանի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը.

– ՀՀ կառավարությունն առանձնակի նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը՝ հստակ գիտակցելով, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինտեգրման գործընթացները: Այդ մասին է վկայում թե ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության անդամակցությունը խորհրդին՝ դրա ստեղծման առաջին իսկ օրվանից, թե խորհրդի հոբելյանական նստաշրջանի անցկացումը Հայաստանում: Բոլորին հայտնի է, որ աշխարհում առավել հաճախակի են դարձել եղանակային-կլիմայական և հիդրոլոգիական աղետները: Դրանց հետևանքների նվազեցման համար մղվող պայքարում կարևոր գործոններից է բնակչությանը և որոշում ընդունող մարմիններին ժամանակին ու ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: ՀՀ կառավարությունը, ԱԻ նախարարությունը և մյուս պետական գերատեսչությունները բարձր են գնահատում Հիդրոմետ ծառայության նշանակությունը տեղեկատվության տրամադրման գործում: Դա նպաստում է բնակչությանն ու տնտեսությունը ծայրահեղ կլիմայական պայմաններից ու վտանգավոր հիդրոլոգիական երևույթներից պաշտպանելուն: Կուզենայի ընդգծել, որ վերջին տարիներին խորհրդի և ՀՕԿ-ի գործուն աջակցության շնորհիվ (տեխնիկական վերազինում, առաջավոր համակարգչային ծրագրերի ներդնում և այլն) մեր Հիդրոմետ ծառայության արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է:
ՀՕԿ գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն, որն առաջին անգամ էր այցելում Հայաստան, իր ողջույնի խոսքում նշեց.

– Առաջին հերթին ուզում եմ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը և ԱԻ նախարարությանը՝ հոբելյանական նստաշրջանը Հայաստանում հյուրընկալելու համար: Խորհրդի և ՀՕԿ-ի փոխգործակցությունը շուրջ 15 տարվա պատմություն ունի: Եվ չնայած խորհրդի անդամ երկրների թիվը սահմանափակ է՝ դրանց ընդգրկած տարածքը շատ մեծ է: Դա մեծ նշանակություն ունի ուսումնասիրությունների համար: Հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունները լուրջ դերակատարում ունեն ցանկացած երկրի կայուն տնտեսական զարգացման համար: Դրանք օգնում են դիմակայել կլիմայական փոփոխությունների մարտահրավերներին, իսկ բնական աղետների ռիսկի նվազեցումը մեր առաջնահերթություններից է: Այնպես որ այս ոլորտի զարգացումն ու ներդրումները պիտի շարունակական լինեն:

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, կլիմայի հարցերով խորհրդական և ՀՕԿ պատվավոր նախագահ Ալեքսանդր Բեդրիցկին համառոտ ներկայացրեց խորհրդի շրջանակներում իրականացված աշխատանքները, իսկ Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ֆրոլովը խորհրդի նախագահությունը մեկ տարի ժամկետով հանձնեց Հայաստանին՝ ի դեմս ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի:
Օրակարգում ընդգրկված են հարցեր ԱՊՀ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեության, ԱՊՀ համաձայնագրի և ՀՕԿ կոնվենցիայի շրջանակներում 2011-2015 թթ. համագործակցության զարգացման, ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության, գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ:

Խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին: Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

• տեղեկատվության փոխանակում ՀՕԿ գլոբալ հեռահաղորդակցության համակարգում և ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցում.

• ազգային ծառայությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության խնդիրների քննարկում ու դրանց լուծման օժանդակում

• հարևան պետությունների միջև հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին տեղեկատվության փոխանակում.

• ՀՕԿ-ի նոր ծածկագրերի ներդրում, դրանց փոխանակման համար հեռահաղորդակցության խնդիրների պարզաբանում.

• օդերևութաբանական կանխատեսումների մեթոդոլոգիաների բարելավում և անդամ երկրների միջև փորձի փոխանակում.

• գիտակիրառական խնդիրների համատեղ քննարկում.

• նոր տեխնոլոգիաների ներդնում.

• ԱՊՀ անդամ երկրների միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության մոնիթորինգի արդյունքների քննարկում:

Նստաշրջանի մասնակիցները փաստեցին, որ ԱՊՀ հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև համագործակցությունը բռնել է ժամանակի քննությունը, ինչն ամուր հիմք է ստեղծում այն զարգացնելու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս