
1990-ականների կեսերին ՌԴ-ը կաթնամթերքի պարտքի դիմաց Նոր Զելանդիային առաջարկել է ատոմային սուզանավ

Stuff.co.nz-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը 1990-ական թվականների կեսերին Նոր Զելանդիային առաջարկել է ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում նաև ատոմային սուզանավ՝ կաթնամթերքի մատակարարումից գոյացած իր պարտքը մարելու դիմաց:
Այս մասին նշված է Քլայվ Լինդի Till The Cows Came Home (Քանի դեռ կովերը չեն եկել տուն) գրքում, որի հրատարակումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Գրքում Լինդը փորձել է ուսումնասիրել Նոր Զելանդիայի կաթնային արտադրության 40-ամյա պատմությունը:
Գրքում նշված չէ, թե 1990-ական թվականների կեսերին Ռուսաստանը որքան գումար է պարտք եղել Նոր Զելանդիային՝ կապված կաթնամթերքի մատակարարման հետ: Միայն հաղորդվում է, որ սուզանավից բացի, Ռուսաստանը Նոր Զելանդիային առաջարկել է МиГ դասի կործանիչներ և հիմնական մարտական տանկեր:
Առաջարկն արվել է Նոր Զելանդիայի՝ տվյալ ժամանակվա վարչապետ Ջիմ Բոլջերին, ով մերժել է այդ առաջարկը: Նա ռուսական կողմին պատասխանել է, որ Նոր Զելանդիան հավատարիմ է մնում ոչ միջուկային քաղաքականությանը: Դրանից քիչ անց Նոր Զելանդիան հրաժարվել է սուզանավից:
ԽՍՀՄ-ի ու Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1944 թվականին, դրանից հետո սկսվել է նորզելանդական կաթնամթերքի, մսի ու բրդի մատակարարումը: Պարտքերը սկսել են կուտակվել 1993 թվականից, և Լինդի տվյալներով՝ մինչև 1998 թվականը պարտքի չափը հասել է 100 միլիոն դոլարի: