Դաշնակցությանը չեն խեղդում, բայց Դաշնակցությունը խեղդում է

Այսօր Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել  մի քանի հարցեր քննարկելու համար: Նիստը բավական երկար տևեց` մոտ չորս ժամ, ինչից պատգամավորները հոգնել էին ու աստիճանաբար լքում էին նիստերի սրահը: Քննարկվող վերջին հարցից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին առաջարկեց հետաձգել նիստը, քննարկումները շարունակել վաղն առավոտյան: Հ. Հակոբյանը լսեց առաջարկը, բայց որևէ պատասխան չտվեց՝ խոսքը փոխանցելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին: Հարցը շատ արագ քննարկվեց, արժանացավ ներկա մի քանի պատգամավորների հավանությանը, ինչի առիթով Ա. Մինասյանը նկատեց. «Դե ասում եմ՝ հետաձգենք մինչ վաղը, էլի, չեք լսում Դաշնակցությանը»: «Մենք ոչ մի անգամ Դաշնակցությանը չենք խեղդում»,- կատակեց Հակոբ Հակոբյանը: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց` ասելով. «Բայց Դաշնակցությունն է պարբերաբար խեղդում ձեզ, պարոն Հակոբյան»: Մինչ այս Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն այս առնչությամբ նկատեց, թե ըստ նախագծի՝ անհավասարություն է ստեղծվում առաջին և երկրորդ կարգի մասնագետների աշխատավարձերի առումով. «Հիմա ստացվում է, որ շատ մասնագետներ՝ առաջին կարգի, ավելի քիչ կստանան, քան, ասենք (չկարծեք, թե թերագնահատում եմ իրենց աշխատանքը), հավաքարարները»: ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել  Մելքումյանն էլ համաձայնեց Ռուբեն Հովսեփյանի դիտարկմանը` միաժամանակ նշելով, թե իրենք կցանկանան, որ բարձրանան բոլորի աշխատավարձերը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ «հոգեբանական» հարց ուղղեց Մ. Մելքումյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են շարունակում նախագծեր մշակել, եթե կառավարությունը, միևնույն է, մերժում է դրանք: ԲՀԿ-ական պատգամավորն էլ կատակեց. «Մենք չենք հանձնվում»: Անցկացված քվեարկության արդյունքում՝ ԱԺ սոցիալական հանձնաժողովը մերժեց ԲՀԿ-ի նախագիծը: Բայց արդյունքներին թերահավատորեն մոտեցավ ԲՀԿ-ական պատգամավորը: Վերջինս զարմացավ, որ աշխատավարձերի բարձրացման օրենսդրական նախագիծը չի ընդունվել: Դիմելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանին՝ նա նշեց, թե վերջինս գործարար է, դրա համար էլ դեմ է քվեարկել, ապա փորձեց ապացուցել, որ Վ. Մարկոսյանը, այնուամենայնիվ, կողմ էր նախագծին: Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց` նշելով, թե ՀՀԿ-ական պատգամավորը վերջին պահին հետ է քաշել ձեռքը, ու նրա ձայնը չեն հաշվել:

Տեսանյութեր

Լրահոս