Արամ Մուղալյան. Ոնց որ անմեղ մարդուն բռնեն, բերեն, փակեն կես տարի, հետո ասեն՝ լավ համաներում կա, դուրս արի…
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Քեմբերիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանին ճանաչել է մեղավոր: Նրա նկատմամաբ վերջնական պատիժ է նշանակվել ազատարզկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Կիրառելով համաներման մասին որոշումը՝ դատարանը նրան ազատ է արձակել նիստերի դահլիճից: Դատարանի վճռի հրապարակումից հետո Արամ Մուղալյանը, մեկնաբանելով այն, ասել է.
«Այս համաներումը ասեմ՝ կիրառեցին այնքան, որ իրենց վրայից կարծես մեղքը գցեն, ասեն… Ոնց որ անմեղ մարդուն բռնեն, բերեն, փակեն կես տարի, հետո ասեն՝ լավ համաներում կա, դուրս արի, մի բան էլ շնորհակալ եղիր էլի, որ շուտ ենք թողնում: Այդ տարբերակն է հիմա: Չգիտեմ: Մի վկայի ցուցմունքով 4 հոգու 4 դեպքով դատում են: Ինչ-որ աբսուրդ բան է»:
Նա ասել է, որ վկաները եկել են դատարան իրենց ցուցմունքներն «անգիր սովորած», սակայն չեն կարողացել պնդել իրենց նախաքննական ցուցմունքները: «Քեմբրիջից-Նուբարաշեն, լրիվ հակառակ աշխարհներ են: Այդ կողմն էլ տեսա, հիմա կյանք է: Ամեն վատ վիճակից փորձել եմ այն լավը քաղել, որը կարող եմ»,- ասել է նա: «Բանտում մնալը շատ դժվար է: Մնալը ու չչարանալը մարդկանց վրա: Եթե դու բանտից դուրս գաս, թեկուզ անմեղ լինես ու հաղթանակած դուրս գաս, դա քո համար ևս մի հաղթանակ է: Իսկ եթե դու չարացած դուրս գաս բանտից ու քեզ կոտրված զգաս, հաշվեք պարտություն: Ես կարծում եմ, որ ես հաղթանակած եմ դուրս եկել ամեն դեպքում»: