Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ նախագահական ընտրություններում չի գրանցվի երկրորդ փուլ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ երեկոյան հայտարարել է, որ համակարծիք չէ մի շարք փորձագետների այն պնդումների հետ, թե հոկտեմբերի 27-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում կգրանցվի նաև երկրորդ փուլ.

«Նախագահական ընտրությունները կավարտվեն, և ես անպայմանորեն փորձագետներին կհիշեցնեմ նրանց խոսքերը, որ անպայմանորեն պետք է լինի երկրորդ փուլ: Ի դեպ, այդ ժամանակ ես այլևս չեմ լինի վարչապետ:

Մինչև ընտրություններ մնացել է երկու շաբաթ: 97-98 տոկոսով չի լինի երկրորդ փուլ: Մենք այնպիսի վիճակից ենք հանել երկրին, որ …: Մեկ տարվա ընթացքում մենք դրականից բացի որևէ այլ բան չենք արել: Մենք լուծել ենք սոցիալական խնդիրներ, արել ենք ավելին, քան խոստացել էինք:

Մենք հույսեր ենք կապում դրա հետ, և արդյունք կլինի: Մենք վստահ ենք, որ կհաղթենք առաջին փուլում: 2-3 տոկոս է նրա հավանականությունը, որ երկրում տեղի կունենա դժբախտություն: Այդպիսի հավանականությունը փոքր է և լուրջ չէ դրա հետ կապված վերլուծություն անելը: Գեորգի Մարգվելաշվիլին համոզիչ հաղթանակ կտանի առաջին իսկ փուլում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով պահվում է կալանքի տակ, հայտարարել էր, թե Ռուսաստանը մտադիր է Վրաստանի նախագահի թեկնածուներից Նինո Բուրջանաձեի միջոցով զանգվածային անկարգություններ կազմակերպել Թբիլիսիում արդեն հոկտեմբերի 28-ին՝ Վրաստանի նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը:

Մերաբիշվիլին դա շաղկապել էր Վրաստանի եվրաինտեգրման (Վիլնյուսյան գագաթաժողովի) հետ՝ ընդգծելով, որ Ուկրաինայից, Մոլդովայից ու Հայաստանից հետո, թվում է, թե այժմ էլ եկել է Վրաստանի հերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս