«Եթե օրենքը պահպանելը նշանակում է «քրեական», ապա համաձայն եմ, որ Դավթաշենը համարվի «ամենաքրեական» թաղամասը». Դավթաշենի թաղապետ
Ինչպես այսօր գրել էր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, Երևանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչև երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Անահիտ Գեղամյանը «ՉԻ»-ին պատմել էր, որ ինքը սեպտեմբերի 26-ից գործավարական ձեռնարկություն է բացել վերջերս Դավիթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հարևանությամբ։ Նա հայտարարել էր, որ օրվանից իրեն այցելում են թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում և ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ և աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի և դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։
Այս հրապարակման կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանից։
– Արդեն հասցրել եմ ծանոթանալ այդ հրապարակումներին։ Տիկինը նշել է, որ «գործավարական ձեռնարկություն է» բացել։ Ասեմ, որ զբաղվում է պատճենահանման և այլ տիպի աշխատանքներով։ Սակայն չի նշել, որ գործունեությունը ծավալում է ավտոտնակի մեջ։ Դա օրենքի՝ մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2 հոդվածի խախտում է, քանի որ շինությունը նպատակային չի օգտագործվում։ Այսինքն՝ խախտվել է օրենքը, ինչի կապակցությամբ համապատասխան գործողություններ են իրականացվել։ Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։
– Կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարվել։
– Կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեռ չենք տուգանել, սակայն կտուգանենք։ Ավելին ասեմ՝ սահմանվել է հսկողություն, և եթե խախտումը կրկնվի, կրկին արձանագրություն կկազմենք և կտուգանենք։
– Սակայն դա խիստ մոտեցում չէ՞։
– Խիստ է, թե ոչ՝ դա օրենքի պահանջ է։ Իսկ օրենքի պահանջին պարտավոր ենք հետևել՝ անկախ նրանից, թե խախտողը սոցիալապես ինչ վիճակում է գտնվում։ Ինքնահրկիզվելու սպառնալիքը մի տեսակ շանտաժ է։ Ստացվում է՝ մարդը սպառնում է ինքնահրկիզվել, եթե իրեն թույլ չտանք ապօրինությունը շարունակել։ Չեմ կարծում, որ դա ազնիվ մոտեցում է։ Ի վերջո, նույն ԶԼՄ-ները բավականին զգայուն են, երբ ինչ-որ ապօրինի շինարարություն է կատարվում։ Սա էլ է ապօրինություն։ Ի՞նչ կապ ունի՝ ապօրինության հեղինակն ով է։
– Կինը նաև նշել էր, որ իրեն առաջարկել են 2000 դոլարով վարձակալել մասնավոր մեկ այլ տարածք։
– Ոչ։ Իր վիճակի մեջ մտնելով՝ նրան առաջարկվել է օրենքով սահմանված կարգով դիմել պատկան մարմիններին և փոխել շինության նպատակային նշանակությունը։ Սակայն տիկինն ըստ էության որոշել է, որ շանտաժի ճանապարհը ավելի կարճ է։ Դա այդպես չէ։
– Լավ, ամեն դեպքում ո՞րն է ելքը։
– Ելքն այն է, որ քաղաքացին հետևի օրենքին։ Ու չնայած՝ տիկինն իրականությունն աղավաղված է ներկայացրել, ես պատրաստ եմ ինքս նրան ընդունել և խորհուրդ տալ, ցույց տալ ճանապարհը՝ օրենքի սահմաններում այդ հարցը լուծելու համար։ Կցանկանայի նաև ավելացնել, որ որոշ ԶԼՄ-ներ թերևս ավելի ճիշտ կվարվեին, եթե նման դեպքերը միակողմանի չներկայացնեին։ Որքան գիտեմ՝ լրատվամիջոցը պարտավոր է լսել երկու կողմին։ Իսկ այս դեպքում մեր տեսակետը ոչ ոք չի հարցրել։ Փոխարենը՝ միակողմանի հոդվածը հրապարակում են, վերնագիրն էլ դնում «Քրեական Դավթաշեն»։ Եթե օրենքը պահպանելը նշանակում է «քրեական», ապա համաձայն եմ, որ Դավթաշենը համարվի «ամենաքրեական» թաղամասը։