Բաժիններ՝

Թուրքիան կարող է ամբողջովին դադարեցնել ոսկու արտահանումն Իրան. Ալի Բաբաջան

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ամբողջովին կասեցնել կամ էլ սահմանափակել ոսկու արտահանումն Իրան: Բաբաջանն ընդգծել է, որ տվյալ որոշման ընդունումը կապված է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների հետ, որոնք երկրին հնարավորություն չեն ընձեռում դոլարային վճարումներ իրականացնել Իրանին:

2013 թվականի փետրվարի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի նավթային եկամուտների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու դեմ: Պատժամիջոցներն արգելափակում են Իրանի նավթային եկամուտները: Չնայած դրան՝ Թուրքիան շարունակում էր ներկրվող իրանական էներգակիրների դիմաց Իրանին վճարել ոսկով:

Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ 2013 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 63.5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ՝ կազմելով 3.133.000.000 դոլար: Մինչդեռ նախորդ տարվա առաջին 8 ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 8.584.000.000 դոլար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ողջունելով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման միտումը, հայտարարել էր, որ եթե չլինեն Իրանին հանդեպ սահմանված պատժամիջոցները, ապա Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել մինչև 100 միլիարդ դոլարի:

Ի դեպ, մայիսի սկզբին իրանական ու թուրքական մամուլը գրեց, որ Իրանը երեք անգամ մեծացրել է Թուրքիայից ոսկու ներկրումը՝ կապված վերջինիս կողմից իր գազի գնման հետ: Թեհրանի ռադիոն հայտնել էր, որ եթե այս տարվա փետրվարին Իրանը Թուրքիայից ներկրել էր 120 միլիոն դոլարի ոսկի, ապա մարտին այդ ցուցանիշը հասել է 380 միլիոն դոլարի: Ընդհանուր առմամբ, փետրվարին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 551.6 միլիոն դոլարի: Հունվարին այդ ցուցանիշը կազմել էր 466 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս