Բաժիններ՝

Նախագահի 150.000 դրամը

Վերջապես հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ տնտեսական սպասումներ ունի մեր կառավարությունը: 2014թ. բյուջեի նախագիծն, ի վերջո, տնտեսական սպասումների արտահայտությունն է: Մի բան է հայտարարելը, թե մի քանի տոկոս գնաճ են կանխատեսում:

Բոլորովին այլ` թե այդ կանխատեսումն ինչպես է արտահայտվում սեփական աշխատակազմին տրվելիք աշխատավարձերի վրա: Հանրապետության նախագահի ու վարչապետի հայտարարություններն իրար հակասեցին: Ի վերջո, պուճուրիկ քաղաքական սկանդալ-տարաձայնություններից հետո ճշտվեց: Ճշտվեց, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը եկող տարվա հուլիսի 1-ից են բարձրանալու: Բարձրանալու են 40 տոկոսով: Պաշտոնական տվյալներով, այս տարվա օգոստոսին հանրապետությունում միջին աշխատավարձը կազմել է մոտ 150 հազար դրամ:

Մեր վիճակագիրներին վերջապես հաջողվեց հասնել ՀՀ նախագահի նախընտրական խոսքում հնչեցրած ցուցանիշին: (Նախընտրական ելույթներից մեկում ՀՀ նախագահն ասել էր, որ Հայաստանում արդեն 150 հազար դրամից ցածր աշխատատեղերը մնում են թափուր): Եվ ահա կառավարությունը փորձում է հասնել այս ցուցանիշին: Գոնե պետական աշխատավարձերի գծով: Բայց, ցավոք, միայն սեփական աշխատակազմերին վճարվող աշխատավարձերի չափով:

Մեր կառավարությունը վերջին տարիներին անընդհատ խոստանալով իր գործունեությունը դարձնել թափանցիկ` ինչ-որ բաներ անում է: Կառավարության այս կամ այն օղակների պաշտոնական կայքերում ահագին տեղեկատվություն կա: Այնտեղ, օրինակ, կարելի է գտնել վերջին տարիների բյուջեները: Գտնել, իհարկե, կարելի է, բայց դրանք իրար հետ համեմատելը բավական բարդ գործընթաց է:

Կարդացեք նաև

Բյուջեին կցված հավելվածների քանակն այնքան շատ է ու անկանոն, որ դրանցից գլուխ հանելը մեծ ժամանակ է պահանջում: Նորմալ երկրներում կառավարությունները բյուջեն տպագիր տեսքով են ուղարկում խորհրդարան: Բայց մեր «պռադվինուտի» կառավարությունը գերադասում է այն տրամադրել էլեկտրոնային տեսքով: Դժվար է ասել` թո՞ւղթը, թե՞ համաշխարհային անտառը խնայելու մղումով: Ինձ առավել դուր է գալիս այն բացատրությունը, որ դա մեր խորհրդարանականներին ամենևին չի հետաքրքրում: Իսկ ում էլ որ հետաքրքրում է` կարող է էլեկտրոնային տարբերակով ուսումնասիրել: Իսկ ուսումնասիրելու նյութ իսկապես կա:

Օրինակ` կարելի է տեսնել, որ վերջին երեք տարում ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի աշխատավարձն աճել է 42 տոկոսով, նախագահի աշխատակազմինը` 48 տոկոսով, կառավարության աշխատակազմինը` 32-ով: Եթե, իհարկե, բյուջե 2014-ի նախագիծն ընդունվի: Բայց չշտապեք եզրակացնել, որ բարձրացման այս տեմպը համընդհանուր է և վերաբերում է բոլոր պետական մարմիններին: Վերոհիշյալ աշխատակազմերը մեր էլիտար կառավարիչներն են: Ուստի հանրային տորթի նրանց մասնաբաժինն անհամեմատելի է իշխանական մյուս օղակների փայի հետ: Եթե կառավարությունն իսկապես մտադիր է հուլիսից բարձրացնել բոլոր պետական աշխատողների աշխատավարձերը 40 տոկոսով, ապա բոլոր պետական հիմնարկների 2014թ. աշխատավարձերի ֆոնդը պիտի բարձրացներ 2013-ի համեմատ 20 տոկոսով: Այնինչ, նախորդ տարվա համեմատ ԱԺ աշխատակազմի աշխատավարձը ծրագրվում է բարձրացնել 30 տոկոսով, ՀՀ նախագահի աշխատակազմինը` 26, կառավարության աշխատակազմինը` 32: Մյուս օղակներում վիճակն այլ է: Այլ է ու տխուր: Օրինակ` Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատավարձը կավելանա 23 տոկոսով: Իսկ Տնտեսական մրցակցության հանձնաժողովինը` 10: Այսինքն` խոստացած 40 տոկոսանոց բարձրացումն ապահովելու համար կառավարությունն այս հանձնաժողովին պիտի պարտադրի կրճատել աշխատակազմը: Վիճակը սահմռկեցուցիչ է Վերահսկիչ պալատի պարագային:

Նախորդ տարվա համեմատ ավելացումը կազմում է 3 տոկոս: Եթե 40 տոկոսանոց աճը հաշվի առնենք, ապա կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ` ՎՊ-ի աշխատակազմի աշխատավարձը 16 տոկոսով կրճատվելու է: Կրճատումներն այստեղ մեծ ծավալ են ունենալու: Սա, հնարավոր է` 2012թ. ՎՊ զեկույցի շուրջ քաղաքական աղմուկ-աղաղակի հետևանքն է: Փաստորեն, 2014թ. բյուջեի նախագիծը հանրային տորթի մասնաբաժինների ճշգրտմամբ ի ցույց է դնում իշխանությունների վերաբերմունքն իրեն իսկ մաս կազմող օղակների նկատմամբ:

Մյուս կողմից` դա կարելի է նաև համարել հասարակական կարծիքի գնահատման արդյունք։ Նույն հասարակական կարծիքի, որը ՍԴ-ն, ՎՊ-ն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ու բազում այլ կառույցներ) համարում է պետական մեքենայի հինգերորդ անիվ, որից ոչ ոք որևէ լուրջ ակնկալիք չունի: Անգամ բյուջեի նախագիծ կազմող կառավարությունը և այն վավերացնող խորհրդարանը:
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս