Չինաստանն Արևմուտքին կոչ է արել չքաղաքականացնել հակահրթիռային համակարգերի թուրքական մրցույթի արդյունքները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շահագրգիռ կողմերին կոչ է արել օբյեկտիվորեն և խելամտորեն վերաբերվել Չինաստանի ու Թուրքիայի ռազմա-առևտրային համագործակցությանը և հրաժարվել սովորական կոմերցիոն մրցակցությունը քաղաքականացնելուց:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ամերիկյան կողմը վախենում է ռազմական գաղտնիքների հրապարակումից և հանդես է գալիս Թուրքիայի կառավարության կողմից չինական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու դեմ՝ Չունինն ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունը մշտապես զգուշորեն ու պատասխանատվությամբ է զարգացնում այլ երկրների հետ իր ռազմա-առևտրային համագործակցությունը:

Դիվանագետը հավելել է, որ ռազմարդյունաբերական արտադրանք արտահանելիս Չինաստանն առաջնորդվում է այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են տարածաշրջանի և համայն աշխարհի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը վնաս չպատճառելը, ինչպես նաև գնորդ երկրի ներքին գործերին չմիջամտելը:

Հոկտեմբերի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն էր հայտնել չինական ընկերության հետ զենիթա-հրթիռային համալիրների համատեղ արտադրության մասին Թուրքիայի որոշման կապակցությամբ.

«Մեզ համար կարևոր է, որ որոշակի երկրի ձեռք բերած համակարգը պետք է ի վիճակի լինի փոխգործակցել մյուս երկրների համակարգերի հետ: Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կհամապատասխանի դրան: Թուրքիան դեռ չի կայացրել վերջնական որոշում և ցայժմ բանակցում է նոր համակարգի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։