
Արմեն Մովսիսյան. Պայմանագիր ՀՀ-ի ու ռուսական կողմի միջև չկա, գոյություն չունի

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբացության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, հայտարարել էր, թե գազի սակագնի թանկացման պայմանագիր գոյություն չունի: 168.am-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, կա՞ գազի սակագնի բարձրացման պայմանագիր, թե՞ ոչ:
Ի պատասխան նախարարը պազաբանեց, թե վարչապետը նկատի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև պայմանավորվածության բացակայությունը: «Պայմանագիր ՀՀ-ի ու ռուսական կողմի միջև չկա, գոյություն չունի: Ինչ վերաբերում է գազի ներկրմանը, բնական է՝ կա պայմանագիր, որը կնքված է երկու ընկերությունների` «ՀայՌուսգազարդի» ու Գազպրոմի միջև: Գինն էլ թանկացել է հենց այս հիմքում. պայմանագիրը կնքելուց հետո գազի գինը ՀՀ-ի համար Հայաստանի սահմանի վրա սահմանվել է 270 դոլար»:
Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ է նշանակում կառավարությունների միջև «դեռ» պայմանագիր չկա, հնարավո՞ր է, որ պետությունները ևս ստորագրեն գազի թանկացման պայմանագիրը, նախարարը պատասխանեց. «Այո, անպայման լինելու է: Դեռ ժամանակի մասով դժվար է ասել` երբ կլինի, բայց շուտով կառավարությունները ևս կստորագրեն պայմանագիրը»:
Նրա խոսքով` պայմանագիրը կնքելուց հետո արտահանման հարկերը, որոնք առկա են ռուսական դաշտում, այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա: Այսինքն` Հայաստան ներկրվող գազը կազմելու է ռուսական գազի գնի չափով՝ գումարած տրանսպորտային ծախսերը, ինչի միջոցով գազը հասնում է Հայաստան: