Էդ դեպքում ինչի՞ հիման վրա են թանկացրել գազը, եթե չկա պայմանագիրը…

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում կրկին խնդրեց իրեն ներկայացնել «ՀայՌուսգազարդի» և ռուսական «Գազպրոմի» միջև գազի գնի թանկացման մասին պայմանագիրը: Սակայն, ի զարմանս բոլորի, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե այն դեռ ստորագրված չէ:

Վարչապետը մասնավորեցրեց, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: Մինչդեռ որոշ ժամանակ առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր հակառակի մասին: Ամռան ամիսներին, երբ Արամ Մանուկյանը փորձում էր ստանալ գազի գնի բարձրացման պայմանագրի ամսաթիվը, որովհետև ենթադրում էր, որ իշխանությունները թաքցնում են գազի գնի թանկացման պայմանագրի կնքման ամսաթիվը` հաշվի առնելով, որ առջևում քաղաքապետի ընտրություններ են, և պետք չէ դրանով ազդել ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի վարկանիշի վրա, նախարար Մովսիսյանը տարբեր առիթներով և տարբեր պատճառաբանություններով չէր հայտարարում պայմանագրի կնքման ամսաթիվը, խորհրդարանում հնչեցնում էր, թե իբրև մոռացել է կնքման օրը: Բայց, ի վերջո, 2013թ. հունիսի 19-ի քառօրյա նիստում, հենց Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան, թե` ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, նախարարը հիշել էր. «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» միջև պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 1-ին»: Երեկվա նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը, հավանաբար փորձելով շտկել հենց այս հակասությունը, մոտեցել է Արամ Մանուկյանին:

«Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում»,- ժպտալով ասել է ՀՀ վարչապետը` դիմելով Արամ Մանուկյանին: Նրանք երկար զրուցել են գրեթե դատարկ նիստերի դահլիճում, ինչից հետո, ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե` ի՞նչ էիք այդքան երկար քննարկում Տիգրան Սարգսյանի հետ, ՀԱԿ պատգամավորը պատասխանել է.

«Ես ուզում եմ տեսնել «ՀայՌուսգազարդի» պայմանագիրը, ըստ որի` Հայաստանում գազի գինը բարձրացել է: Եվ հիմա ինձ համար շատ տարօրինակ կերպով լսում եմ, որ այդ պայմանագիրը չկա: Մենք սրա մասին էինք զրուցում` ասում եմ, բա որ պայմանագիր չկա, ինչի՞ հիման վրա ես գազի գինը բարձրացրել: Չեմ հասկանում: Մենք այն ժամանակ վիճում էինք, թե պայմանագիրը երբ է ստորագրվել` ընտրություններից առա՞ջ, թե՞ ընտրություններից հետո, որ ապացուցենք, որ թաքցնում են մինչև ընտրությունները: Իրենք հետո էլ ասացին, որ պայմանագիրը ստորագրվել է, չի լուծվել սուբսիդավորման հարցը միայն: Սա է եղել: Հիմա էլ վարչապետն ասում է, թե չի ստորագրվել: Ես դեռ չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` մի ամբողջ երկիր գազի գնի բարձր գումար է վճարում, բայց պայմանագիր չկա: Էդ դեպքում ինչի՞ հիման վրա են թանկացրել գազը, եթե չկա պայմանագիրը… »:

Կարդացեք նաև

Նշենք, որ Տ. Սարգսյանը երեկ նաև հայտարարեց, որ ցանկացած պայմանագիր, որն իրենց կողմից կստորագրվի, հասանելի կլինի. «Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, և այն պահին, երբ պայմանագրերը կստորագրվեն` կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»:

Տեսանյութեր

Լրահոս