Ինչու հետաձգվեց աշխատավարձերի բարձրացումը

Քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկել աշխատավարձերի բարձրացման մասին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների հակասությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի վերջին Կրթության և գիտության նախարարությունում հայտարարել էր, որ պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 2014թ. հունվարի 1-ից, ընդ որում, բարձրացումը, ըստ նրա նշած կոնկրետ թվերի, պետք է լիներ մոտ կրկնակի: Դրանից ուղիղ մեկ ամիս անց Տ. Սարգսյանը հայտարարեց, որ աշխատավարձերը կավելանան 2014 թվականի հուլիսի 1-ից՝ 40 տոկոսով:

Այս երկու հայտարարությունների տարբերության՝ հրապարակավ հնչող բացատրությունն այն է, թե կառավարությունն ի վիճակի չէ կատարել նախագահի խոստումը: Բայց դա շատ պարզունակ բացատրություն է: Կրթության նախարարությունում Ս. Սարգսյանը խոսում էր շատ կոնկրետ թվերով, աշխատավարձի բարձրացումը պատկերավոր դարձնելու համար՝ բերում էր կոնկրետ օրինակներ՝ ըստ նախարարության տարբեր հաստիքների: Ս. Սարգսյանը չէր կարող նման հայտարարություններ անել` առանց կոնկրետ հաշվարկների, որոնք, պետք է ենթադրել, ներկայացվել են, թերևս, նույն կառավարության կողմից՝ Տ. Սարգսյանի գլխավորությամբ:

Վերջինս, բնականաբար, Ս. Սարգսյանին չէր կարող ներկայացնել թվեր՝ իմանալով, որ ընդամենը մեկ ամիս անց դրանք հերքվելու են: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, այս երկու հայտարարությունների միջև ընկած ժամանակահատվածում ինչ-որ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Այս հարցում որոշակի հստակություն կարող է մտցնել Ս. Սարգսյանի հայտարարության ամսաթիվը՝ օգոստոսի 28: Դրանք այն ժամանակներն էին, երբ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանը կարող է տապալել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բանակցությունները և մտնել Մաքսային միություն: Իսկ այդ համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի էր ունենալու ԵՄ-ի խոստացած դոնորների համաժողովը, որի արդյունքում, ըստ նույն խոստման, Հայաստանին տրամադրվելու էր 1-1.5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն:

Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 28-ին Ս. Սարգսյանը ևս բացառում էր, որ Հայաստանը կարող է չնախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու իր հայտարարությունն արել է դոնորների համաժողովից ակնկալվող գումարների հիման վրա կատարված հաշվարկներով: Բայց դրանից հետո տեղի ունեցավ «սեպտեմբերի 3»-ը, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին՝ բնականաբար, զրկվելով եվրոպական խոստացված ֆինանսական աջակցությունից, որով էլ աշխատավարձերը պետք է բարձրանային 2014թ. հունվարի 1-ից: Փաստորեն, պետբյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիներն առաջինն են վճարում Մաքսային միությանն անդամակցելու դիմաց՝ առայժմ իրենց աշխատավարձերի խոստացված, բայց իրականություն չդարձած բարձրացման չափով:

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս