Բաժիններ՝

«Բարի լինեիք, գայիք՝ ծանոթանայիք». Դատարանը՝ Զարուհի Փոստանջյանի ներկայացուցչին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի գործով այսօրվա նիստը հետաձգվեց: Այս մասին տեղեկացնում է  «Փաստինֆոն»:

Հայցվորը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ՝ «Երևանի փակ շուկան ոչնչացնող» Շուկայի կառուցապատողի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Ըստ դիմող կողմի, նրանք խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:

Թույլ են տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ մեկ հոդվածի` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315 պրիմ 2 հոդվածի` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը, խախտումներ: Իրավապահ մարմիններն էլ, ըստ պատգամավորի, քրեական գործի հարուցումը մերժելով՝ դրսևորել են անգործություն:

Հերմինե Միքայելյանը, ով այսօր էր ներգրավվել գործում որպես հայցվոր Զ.Փոստանջյանի ներկայացուցիչ,միջնորդեց գործի նյութերին ծանոթանալու համար 2 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն: Դատարանն էլ նկատեց, որ երրորդ դատական նիստն է, ինչ գործի նյութերը գտնվում են դատարանի տրամադրության տակ՝ «բարի լինեիք, գայիք ծանոթանայիք»:

Փոստանջյանի ներկայացուցիչն ի պատասխան հավաստիացրեց, որ գործի քննությունը ձգձգելու որևէ միտում չկա և որ հայցվորն ու իր ներկայացուցիչը ցանկանում են, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետում:

Պատասխանող կողմը ներկայացնող դատախազի համար այս հավաստիացումները համոզիչ չէին, այդուհանդերձ, գործի ծավալին ծանոթանալով Փոստանջյանի ներկայացուցիչը պնդեց միջնորդությունը, դատարանն էլ բավարարեց միջնորդությունը՝ հայցվոր կողմին մեկ շաբաթ ժամանակ տրամադրելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս