Առանց Ղարաբաղի անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը. Սերգեյ Գորոդեցկի
Наша среда պորտալը ներկայացրել է 1919 թվականի մարտի 23-ին Кавказское слово պարբերականում տպագրված Սերգեյ Գորոդեցկու «Ղարաբաղ» հոդվածը, որում ասվում է. «Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենակետերը: Երբ ժողովրդի պատմությունը ստացվում է երջանիկ, նա դառնում է քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոն:
Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, նա դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսի կղզի, վերածննդի բանալի: Հայ ժողովրդի համար հենց վերջին դերն էլ խաղացել և խաղում է Ղարաբաղի լեռնային մարզը: Բնությունն ինքն է նրան հաղորդել վիթխարի նշանակություն:
Ղարաբաղի անմատչելի բարձունքներով, որոնք հանդիսանում են Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունը, հայ ժողովուրդն ավելի քան երկու հազար տարի դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին, պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը:
Լեզվական, ազգագրական ու տնտեսական առումներով լինելով միասնական` Ղարաբաղը վերածվել է Հայաստանի միջնաբերդի, նրա արևելյան թևի: Այդպիսին է նա եղել նախկինում, այդպիսին է նա այժմ և այդպիսին կլինի նաև մշտապես, քանի որ անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը` Արարատյան հարթավայրը` առանց Ղարաբաղն ունենալու:
Պատմության ընթացքում արշավանքների ալիքները քանիցս բախվել են ամուր Ղարաբաղին` մուտք գործելով այնտեղ միայն գետահովիտներով, սակայն ոչ երկար ժամանակով: Հին ժամանակներում Սյունիքի մելիքությունները, ինչպես որ նախկինում անվանվել է Ղարաբաղը, քանիցս սեփական ուժերով են վռնդել թշնամուն: Պատմությունը կրկնվում է, և վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առջև:
Պատմությունն ու բնությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված տիպ: Համայն աշխարհում ցրված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է ճանաչել հեշտությամբ. անձնուրաց քաջություն, ռիսկերին հակվածություն, ինքնավստահություն, յուրօրինակ համառություն, ուղիղ հաստատակամություն, նահապետական բնավորություն:
Բարձրահասակ, ամրակազմ ժողովուրդը, որը փրկության համար քաշվել է լեռները, ամրապնդվել է լեռնային օդով և իրեն ապահովագրել վարակներից, որոնցից տուժում են հովտի բնակիչները: Հայաստանի ազգային հիշողությունը պետք է հիշի ոչ քիչ թվով ղարաբաղցիների հնչեղ ոչ քիչ թվով անուններ: Չկա այնպիսի ոլորտ, ուր նրանք դրսևորած չլինեն իրենց տաղանդն ու նախաձեռնությունները: Նրանց աշխատանքային արենայում են եղել քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առևտուրը:
Թվարկենք հանրահայտ ղարաբաղցիների մի շարք անուններ: Հասարակական գործիչներից Ղարաբաղում են ծնվել Արամ փաշան, Սաքո Սահակյանը, ռազմական արվեստի հարցում Ղարաբաղը տվել է գեներալ Լազարևին, արդյունաբերության ոլորտից` Կոստյա Համբարձումյանը, գրականության ոլորտից` Լեոն, հրատարակիչ Ամիրովը: Եվ վերջապես հայկական թերթերի մեծ մասը խմբագրվում է ղարաբաղցիների կողմից:
Այդքան ազդեցիկ տղամարդիկ տված Ղարաբաղը ստեղծել, առավել ճշգրիտ ասած` մաքուր ձևով պահպանել է նաև հին հայ կնոջ կերպարը: Լենկթեմուրի ժամանակներից հավաքելով իր դրուժինաները` Ղարաբաղի մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, և պաշտպանության գիծն ըստ էության մնաց անձեռնմխելի, ինչպես որ նախկին արշավանքների դեպքում էր: Այդպիսին է Հայաստանի համար Ղարաբաղի նշանակությունը:
Անկասկած է, որ եթե այն կորստյան մատնվեր, ապա ազգի ինքնորոշման գաղափարը կկրեր խիստ վնաս: Եվ ընդհակառակը, ունենալով Ղարաբաղը` Հայաստանը ստանում մշակութային աշխույժ ուժի հարուստ ներհոսք: Այժմ յուրաքանչյուր ժողովուրդ փնտրում է իրենը: Բոլոր ապագա, վերածնվող ազգերը կախված են լինելու նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ կգտնե՞ն իրենց ազգային մշակույթի բավականաչափ տարրեր: Այդպիսին է Հայաստանի համար Ղարաբաղի նշանակությունը»: