Աղջիկը գտնում է, որ ընկերոջ մահվան համար դատարանն իր նկատմամբ խիստ է վարվել
2012թ-ի հունվարին ընկերոջն անզգուշությամբ սպանած 22-ամյա Ալվինան, ով այդ արարքի համար այս տարվա հունիսին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, կարծում է, որ դատարանն իր նկատմամբ անարդար վճիռ է կայացրել, և վերաքննիչ դատարանում բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով իր նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Ինչպես գրում է Փաստինֆո-ն, խոսքը անցյալ տարի բավական մեծ աղմուկ հանած գործի մասին է, երբ Ալվինա Հարությունյանը հարբած վիճակում, մեծ արագությամբ վարելով իր ընկերոջ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, անզգուշությամբ ցած է գցել այդ պահին ավտոմեքենայի տանիքից կառչած և այն կանգնեցնել փորձող Նարեկ Զարգարյանին, ով ստացած վնասվածքներից մահացել էր:
Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի համաձայն, 2012 թվականի հունվարի 26-ի երեկոյան 22-ամյա Ալվինա Հարությունյանը Երևանի «Բելաջիո» ռեստորանում մասնակցել է մոր ընկերուհու ծննդյան տոնակատարությանը: Մի քանի բաժակ օղի է խմելուց հետո, ժամը 23:30-ի սահմաններում, նա դուրս է եկել իր հետևից ռեստորան եկած ընկերոջ հետ: Միասին նստել են վերջինի «Համեր» մակնիշի ավտոմեքենան և մեծ արագությամբ ընթացել Երևան-Աբովյան ավտոճանապարհով:Ճանապարհին վիճաբանել են, Նարեկը բարկացել է Ալվինայի վրա, որ առանց իրեն ասելու «Բելաջիո» է գնացել: Ալվինան խնդրել է կանգնեցնել մեքենան: Նարեկը չի կանգնել: Ալվինան ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը: Նարեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի կամրջի մոտ կանգնեցրել է մեքենան, լույսերը թողել է միացված, շարժիչը՝ գործարկված վիճակում: Ալվինան իջել է մեքենայից: Նարեկը հետևել է նրան, փորձել նստեցնել ավտոմեքենա: Այդ ժամանակ Ալվինան նստել է մեքենայի ղեկին, փակել մեքենայի դռները: Նարեկը, կարողանալով բացել մեքենայի դուռսն ու նստել, կանգնել է ոտնահարթակի վրա ու կառչել մեքենայի տանիքից:Ալվինան, Նարեկից փախչելու համար, սկսել է 100-120 կմ/ժ արագությամբ, ուժեղ ձյան ու մերկասառույցի պայմաններում վարել ավտոմեքենան Երևան- Սևան մայրուղով:
Մեքենայի ոտնակին կանգնած Նարեկը, չդիմանալով ցրտին ու արագությանը և չկարողանալով այլևս պահել իրեն, բաց է թողել ձեռքերը, ընկել գետնին ու, մոտ 10-15 մետր գլորվելով, ստացած վնասվածքներից, մահացել:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ կես տարի տևած դատաքննության արդյունքում, Ալվինա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար, այն է` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Շարունակությունը՝ այստեղ