Բաժիններ՝

Ինչով ավարտվեց Սերգեյ Ասատրյան-Միրոն հակամարտությունը. Միրոնի գողական կարիերան ավարտվա՞ծ է

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Ռուբլյովո-Ուսպենսկի խճուղու վրա գտնվող ռեստորաններից մեկում տեղի է ունեցած երկար սպասված գողական հավաք, որի ժամանակ քննարկվել է Միրոնի և Սերգեյ Ասատրյանի հակամարտությունը։  Այս վեճի մեջ «դատավորի» դերը վերապահվել է մոսկովյան ազդեցիկ «օրենքով գող» Պետրիկին, ով հազվադեպ է միջամտում կովկասցիների ներքին խնդիրներին և առանց լուրջ պատճառների ասպարեզում չի հայտնվում։

Մինչ այդ Միրոնը Սանկտ-Պետերբուրգում հավաքել էր «օրենքով գողերին»՝ իրադարձությունները իրեն ձեռնտու ձևով ներկայացնելու համար։ Սակայն կոնֆլիկտի անմջիական մասնակից Սերգեյի բացակայությունը շփոթության էր մատնել ներկաներին։ Թե ինչ նպատակ ուներ Միրոնը, հավաք հրավիրելով հյուսիսային մայրաքաղաքում, երբ Սերգեյը Մոսկվայում էր, հանելուկ է մնում։ Փոխարենը՝ Սանկտ-Պետերբուրգի հեղինակությունների մոտ լուրջ հիմքեր են հայտնվել Միրոնին կշտամբելու համար, որը լավ չի իմանում գողական վարքագծի կանոնները։ Իսկ այդ կանոնների համաձայն՝ կոնֆլիկտի մեջ գտնվող «օրենքով գողը» իրավունք չունի այլ գողերի մոտ քննարկման առարկա դարձնել իր հակառակորդին՝ այն էլ առանց նրա իմացության և ներկայության։ Այդ իսկ պատճառով Սանկտ-Պետերբուրգում հրավիրվածները հրաժարվել են քննարկել այդ հակամարտությունը։ Իսկ այդ հանդիպման մասնակիցներից մեկը՝ «օրենքով գող» Անդրեյ Միրիչը, ժամանել էր Մոսկվա, որպեսզի տեսնի, թե ինչպես է հանգուցալուծվելու այդ կոնֆլիկտը։

Սակայն հակառակ մոսկովյան հավաքի մասնակիցների սպասումների՝ Միրոնն իրեն մեղավոր չէր զգում։ Մեղավոր չէր զգում այն հարցում, որ «օրենքով գողեր» Էդիկը (Էդուարդ Ասատրյան), Սերգեյը, Գուրամը և Ռոմիկը, ընդունելով նրա հանդիպման հրավերը, արդյունքում հայտնվել են ծուղակում և ծեծի ենթարկվել Դադ Հասանի կլանի ներկայացուցիչների կողմից։ Միրոնը մեղքը բարդել է Վալերա Թբիլիսսկու վրա և հայտարարել, որ ինքը տեղյակ չի եղել, թե իր ընկերները ինչ էին պատրաստվում անել։

Այդ հայտարարությունից հետո խոսել է Պետրիկը, ում խոսքերը սառը ցնցուղ են եղել Միրոնի համար։ Նա Միրոնի բացատրությունները համարել է «ինտելեկտը վիրավորող» և ասել է, որ եթե անգամ Սերգեյը ների Միրոնին, վերջինս, միևնույն է, այդտեղից դուրս չի գա որպես «օրենքով գող»։ Պետրիկը պարզաբանել է, որ Միրոնի գլխավոր խնդիրները կապված են ոչ թե Սերգեյի, այլ իր ընկերոջ՝ Գելա Կարդավայի հետ։ Նա հիշեցրել է, որ Ստամբուլում պատին սեղմված Գելա Կարդավան հայտարարել է, որ Միրոնը հատուկ ծառայությունների հետ կապեր ունի (Պետրիկն անգամ պատրաստակամություն է հայտնել հրավիրել «օրենքով գողերի», ովքեր ներկա են եղել այդ պահին)։ Այնպես որ, ըստ հավաքի «դատավորի», Միրոնը նախ պետք է պատասխանի իր ընկերոջ մեղադրանքներին, որից հետո այդ երկուսից «օրենքով գող» կմնա միայն մեկը։

Պետրիկը այսքանով չի սահմանափակվել և զայրույթ է հայտնել, թե ինչպես են իր հայրենի հողի վրա հյուրի կարգավիճակում գտնվող «լկտիացած գազանները» իրենց պահում։ Նա հիշեցրել է Գելայի և Միրոնի բոլոր արարքները` «օրենքով գողերին» ծեծելը, հորինված պատճառներով կայացված մակողմանի որոշումները, անձնական հաշիվները, նեղ շրջանակով բազմաթիվ թագադրումները և այլն։

Այնուհետեև գործին խառնվել է Միրիչը և խնդրել Միրոնին, եթե նրա մեջ տղամարդկության գոնե մեկ կաթիլ է մնացել, պատասխանել, թե վերջինս ի՞նչ է ասել Գիյա Գալսկուն՝ տեղեկատվական պատերազմների հետ կապված։ Միրոնը պատասխանել է, որ ոչինչ չի հիշում։ Միրիչն ինքն է զանգահարել Գիյային, և վերջինս բացել է ներկաների աչքերը։ Պարզվում է՝ Միրոնը սպառնացել է Սերգեյի դեմ լարել իր «ձեռնասուն լրագրողներին» և նրան ինֆարկտի հասցնել, ինչից հետո Սերգեյն ինքը կվազեր՝ հաշտություն խնդրելու։ Այդ հեռախոսազանգից հետո պարզ է դարձել, թե ով է այն կեղծ լուրերի հեղինակը, որոնց համաձայն Սերգեյը զրկվել է գողական կոչումից։

Հավաքի վերջում Պետրիկը Միրոնից պահանջել է հանձնել գողական բյուջեի՝ «օբշակի», այսպես կոչված, «տաչկովկան» (հաշվի վրայի գումարների առկայության և դրանց տեղաշարժի վերաբերյալ թուղթ)։ Ճնշված Միրոնը առանց առարկելու հրաժարվել է իրեն գողական աշխարհի հետ կապող վերջին ատրիբուտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս