«Հայհոյանքները չեն կարողացել գերազանցել Զարուհու վիրավորանքին». Գալուստ Սահակյան
«Եթե վիրավորանք է հնչել, համաչափ կարող են վիրավորել նաև ուրիշները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է վիրավորանքի և զրպարտանքի հոդվածը վերաբերում միայն Զարուհի Փոստանջյանին և ոչ՝ հանրապետական այն տղամարդ պատգամավորներին, ովքեր հայհոյում են կին պատգամավորին: «Հայհոյանքները չեն կարողացել գերազանցել Զարուհու վիրավորանքին, առավել ևս կարելի է դրա համար դատապարտել, դիմել Էթիկայի հանձնաժողով: Հակադարձումն այլ խնդիր է: Եթե հակադարձումը համաչափ է, իսկ մենք չենք գերազանցել Զարուհու ասածներին, ապա այլ խնդիր է: Մենք այն աստիճանի չենք հակադարձել, ինչ աստիճան նա է արել: Այլ բան է՝ ամբողջ մի ազգի, պետությունը վիրավորել, այլ բան է՝ թուրքի տակ պառկելը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ կա պետության, ազգի, խորհրդարանի պատվի խնդիր: Ըստ նրա՝ պատգամավորը կարող էր խոսել կոռուպցիայից, կաշառակերությունից, բայց ոչ՝ կազինոներից: «Գնացել ա, ասում ա՝ կազինո եք գնում, էս պետությունը անտեր ա, ոչ նախագահ կա, ոչ բան, ասում ա՝ Եվրախորհուրդը ես եմ, որ կամ, սահմանապահներին կարամ ծեծեմ, ես եմ, որ կամ…»,- ասաց նա: Գ. Սահակյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե երիտհանրապետականները պատրաստվում են պոմիդորով ու ձվերով դիմավորել Փոստանջյանին, նա նշեց. «Քսան հոգով հավաքվում են, պոմիդոր են շպրտում, ձու էլ: Նման տեղեկատվություն չունեմ, բայց եթե ՀՀԿ երիտթևն է կատարելու, կատարելու է իր կամքով, իր մտածողությամբ»: Անդրադառնալով այն տեսակետներին, թե երկրի «կեղտոտ սպիտակեղենը» պետք չէ հրապարակայնացնել, նա ասաց. «Սպիտակեղենը բոլոր երկրներում կեղտոտվում է, մաքրվում է»: